Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ծննդաբերած կնոջ վրա կրակողը հոգեկան խնդիրներ է ունեցել

Հունիս 30,2015 14:35

Նոր ծննդաբերած  եւ ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած կնոջ առողջական վիճակն այս պահին ծանր է:  Նրան հիմա վիրահատում են նեյրովիրաբույժները:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոնում  33-ամյա ամուսինը կրակել է նոր ծննդաբերած կնոջ վրա, ապա ինքնասպան եղել:  Թե որն է պատճառը՝ պարզում են իրավապահները:

Մեզ հետ զրույցում  տուժած կնոջ հարազատները ասացին, որ թեեւ չէին սպասում, որ իրենց փեսան այդպիսի քայլի կդիմի, բայց նա ունեցել է հոգեկան որոշ խնդիրներ:

Հարազատներն ասացին, թե որքան փորձել են համոզել բուժվել, նա հրաժարվել է:

Նշենք, որ արդեն լուրեր են տարածվում իբր խանդի հողի վրա է տեղի ունեցել դեպքը, իբր ամուսինը հանրապետությունից բացակայել է, ինչ-որ բան է իմացել, եկել եւ կրակել է կնոջ վրա, սակայն կնոջ մայրը մեզ վստահեցրեց, որ ամուսինը հանրապետությունից չի բացակայել եւ խանդի վարկածը բացառեց:

Վերակենդանացման բաժանմունքի մոտ հավաքված են աղջկա հարազատները, մայրն անընդհատ կրկնում է՝ տեսնես հասկանո՞ւմ էր ինչ էր անում:

Աղջկա ծնողներն ասացին, թե պատկերացում էլ չունեն, թե որտեղից փեսայի մոտ կարող էր զենք լինել:

Հիվանդանոցում լուրեր են շրջում, որ տղամարդը 4 անգամ է կրակել կնոջ վրա, 2 փամփուշտը կպել է կնոջ պարանոցին, 1-ը՝ սրտին, մյուսն էլ՝ պատին:

Aravot.am-ի հարցին՝ ամուսինը երբեւէ կնոջ նկատմամբ ագրեսիվ վարք դրսեւորե՞լ է, կնոջ մայրն ասաց. «Ոչ, երբեք: Նրանք շատ սիրով ամուսիններ էին, 3 տարի է ամուսնացած են եւ այս երեխան շատ սպասված էր: Կարող եք հարեւաններից, իրենց ճանաչողներից հարցնեք, բոլորը կպատմեն, թե ինչ սիրով ընտանիք էր»:

Կնոջ մայրն ասաց, որ փեսան վերջերս  շատ մոտ մարդկանց է կորցրել, այդ հողի վրա էլ ինչ-որ հոգեկան խնդիրներ էր ձեռք բերել:

Բժիշկներն ասում են, որ մոտ երկու ժամ կտեւի վիրահատությունը: Aravot.am-ը ավելի ուշ որոշ մանրամասներ կհաղորդի:

Նշենք, որ այստեղ էր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որը մասնագետների հետ կոնսիլիում էր հրավիրել:

Նշենք նաեւ, որ տուժողը 27 տարեկան է, անունը՝ Միլենա, իսկ ամուսինը 33 տարեկան էր, անունը՝ Հայկ:

Տեսանյութը՝ շուտով

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930