Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Պետրոսյանի համերգը, Վարդան Պետրոսյանի նամակն ու Շառլ Ազնավուրը

Հունիս 30,2015 15:37

«Այսօր՝ զբոսանքի ժամանակ, անընդհատ նայում էի երկնքին՝ ճաղերից այն կողմ: Եվ զարմանալի է այդ պատկերը. ինչո՞ւ մարդիկ չեն սիրում երկինքը ճաղերից այն կողմ, կամ, ավելի ճիշտ, ինչո՞ւ չեն հրճվում նրանով, նրա գեղեցկությամբ, նրա պարգևած հրճվագին համբույրներով… Որովհետև նրանք ճաղերից այս կողմ են, դրսում չեն: Այդ հրաշալի երկինքն իրենց չի պատկանում: Հենց դա էլ սպանում է կալանավորին, տանջում անընդհատ: Ինչո՞ւ, բայց չէ՞ որ կարելի էր հրճվել երկնքի գեղեցկությամբ՝ անկախ այն բանից՝ դրսում ես թե ներսում: Հրճվել հենց նրա համար, որ այն անսահման է, անբացատրելի խորը, գեղեցիկ, փոփոխական և, վերջապես, սիրել որպես Աստծու ստեղծագործություն: Ինչքա՜ն մարդու է հիացնում, երջանկացնում երկինքը: Միայն այսքանը հերիք չէ՞, որ սիրես, հրճվես նրանով: Իհարկե, բայց, ցավոք, մարդն էգոիստ է. նա ուզում է անպայման այդ հաճույքին անմիջականորեն մասնակից լինել. սիրում է կնոջը՝ ուզում է, որ իրենը լինի, սիրում է տղամարդուն՝ ուզում է, որ միայն իրեն պատկանի, սիրում է կյանքը՝ ուզում է, որ այն իրեն միմիայն հաճույք պատճառի, բայց դա սեր չէ: Իսկական սերն այն է, երբ սիրում ես երևույթն ինչպես որ կա, որպես հրաշագործություն: Սիրում ես մարդուն՝ նրա երջանկությունը ցանկանալով, ընդ որում՝ ցանկանալով ոչ թե սեփական պատկերացումներով, այլ ըստ նրա: Երբ նայում ես կյանքին ճաղերից այն կողմ ու հրճվում նրա գեղեցկությամբ, երբ պատկերացնում ես կյանքը բանտից դուրս և հրճվում նրանով, որ հրճվում ես բերկրանքից, որ մարդիկ ապրում են աշխարհում, սիրում, աշխատում, հոգնում և այլն: Երբ ճաղերից այս կողմ հրճվում ես մյուսների համար, ուրեմն սիրում ես կյանքը, սիրում ես ամեն ինչ առանց քեզ, և միգուցե դա է սերն առ Աստված…»:

Սա հատված է նամակից, որը դերասան Վարդան Պետրոսյանը գրել է որդուն՝ Հայկ Պետրոսյանին:

Հայկն էլ երեկ՝ հունիսի 29-ին, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կայացած իր համերգի ժամանակ ցանկացավ իրեն հասցեագրված նամակի այս տողերը կարդալ նաև հանդիսատեսի համար:

Առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ նա խոստացել էր  Շառլ Ազնավուրին նվիրված համերգի ընթացքում ոչ միայն երգել մեծ շանսոնյեի երգերը, այլև հանդիսատեսին փոխանցել նրա կյանքի հետաքրքրաշարժ դրվագներն ու հաջողության բանաձևը, որը, ըստ երիտասարդ արվեստագետի, համառությունն է ու կյանքին մշտապես սիրահարված լինելը: Բայց ի՞նչ է սերը դեպի կյանքը և ինչպե՞ս հանդիսատեսին փոխանցել դա: Ահա այդ մտորումների օրերին է Հայկը հորից նամակ ստացել, որը, նրա ձևակերպմամբ, զարմանալիորեն զուգադիպել է իր մտքերին:

Ի դեպ, նամակի վերը բերված հատվածին դահլիճը հոտնկայս ծափահարություններով արձագանքեց:

Դառնալով Ազնավուրի կերպարին՝ երիտասարդ արվեստագետն ասաց, որ յուրաքանչյուր մարդ նրանից մի բան կարող է սովորել. «Զարմանալի ուղի անցած այդ մեծ մարդուց մենք շատ բան ունենք վերցնելու, առաջին հերթին՝ համառություն, որը մեզ շատ է պետք հատկապես այս օրերին»,- ասաց Հայկ Պետրոսյանը, այնուհետև, որպես իր խոսքերի հավաստում, «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքից մեջբերեց հետևյալ հատվածը. «Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով ու արհամարհանքով լի ժպիտներ, կատակի տակ քողարկված չարախոսություններ. «Մի համառեք», «Ոչինչ չունենք Ձեզ համար», «Թողեք Ձեր հասցեն, կգրենք», «Ձեր նմանների համար ժամանակ չունենք»… Այսպիսի բառեր շատ եմ ճաշակել… Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման մտածել եմ, որ գուցե ավելի լավ կլիներ ոչինչ չասել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ…

Քաղցը, ցուրտը, հուսահատությունը, զսպված արցունքը իմ ճանապարհի անբաժան ընկերներն են եղել»:

«Այսպես է խոսում Ազնավուրն իր ճանապարհի մասին,- շարունակեց Հայկը,- բայց նա մի բան էլ է նկատում. ասում է՝ Աստված ինձ ո´չ բոյ էր տվել, ո´չ տեսք, ո´չ ձայն, որ ես դառնայի մեծ երգիչ, բայց նա ինձ տվել էր համառություն: Եվ, իսկապես, նա համառությամբ կարողացավ կոտրել ամեն ինչ ու անցնել առաջ:

Պատմում են, որ երբ 1963 թվականին Ազնավուրն առաջին անգամ հյուրախաղերով եկավ Մոսկվա և այնուհետև Երևան, ամբողջ քաղաքը խառնվել էր իրար: Բոլորն ուզում էին համերգներին գնալ, բայց տեղ չկար: Արմեն Ջիգարխանյանն իր հարցազրույցներից մեկում պատմում է, որ ինքն ուսանող է եղել այդ ժամանակ, կարողացել է մի կերպ ներս մտել է: Ասում է՝ կուսակցական լիդերները վերցրել էին լավագույն տեղերը, երիտասարդությունը դուրս էր եկել բողոքի՝ «Լավ տեղերը՝ կուսակցությանը, Ազնավուրը՝ մեզ» պաստառներով: Հետո Ազնավուրը պատմում է, որ շատ է շոյվել այդ ամենից»…

Այսպես մոտ երկու ժամ Հ. Պետրոսյանը նվագախմբի ուղեկցությամբ երգեց Շառլ Ազնավուրի ամենասիրված երգերը, որոնք ընդմիջվում էին երգչի ու այդ երգերի մասին ուշագրավ պատմություններ պատմելով:

«Ազնավուրը, համառությամբ ու սիրով լցված, մի օր վերցնում է իր պայուսակը, ինչպես իր երգերից մեկում է պատմում, ասում է՝ ես գյուղից կիսադատարկ պայուսակով, բայց սիրտս լի հույսերով գնացի, որպեսզի Փարիզը նվաճեմ…

Ես ձեզ մաղթում եմ, որ չկորցնեք այդ համառությունն ու սերը դեպի կյանքը, ինչպես այն երիտասարդը, որը մի օր գյուղից գնաց հասավ Փարիզ և նվաճեց այն: Դուք էլ նվաճեք ձեր Փարիզը»,- համերգն այս խոսքերով ամփոփեց Հ. Պետրոսյանը:

Տեղեկացնենք, որ նա ևս մեկ համերգ կունենա այսօր՝ հունիսի 30-ին՝ ժամը 20:00-ին, նույն տեղում՝ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930