Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորերի» թույլ եւ ուժեղ կողմերը

Հուլիս 02,2015 10:08

Այն, որ մենք ունենք հրաշալի երիտասարդություն, ինձ համար բացահայտում չէ: Դա ես տեսնում եմ ե՛ւ որպես դասախոս, ե՛ւ որպես լրագրող, որն աշխատում է ավելի երիտասարդ գործընկերների կողքին: Բաղրամյան պողոտայի իրադարձությունները եւս մեկ անգամ հաստատեցին իմ կարծիքը՝ մենք ունենք փայլուն երիտասարդություն՝ խիզախ, առանց բարդույթների, թացը չորից հոյակապ տարբերող, մեր պետության ճակատագրով մտահոգված: Ընդ որում, լավն են թե՛ նրանք, ովքեր գնացին Ազատության հրապարակ, թե՛ նրանք, ովքեր մնացին Բաղրամյան պողոտայում, եւ չարժե այդ առիթով մարդկանց հակադրել՝ փոքրիկ դրվագ էր, որը շատ արագ կմոռացվի:

Նրանց, ովքեր դժգոհում եւ փնթփնթում են, ուզում եմ հարցնել՝ ի՞նչն է ավելի լավ՝ որ երիտասարդները փակեն Բաղրամյան պողոտան՝ որոշ անհարմարություններ պատճառելով երեւանցիների՞ն, թե՞ որ փորձեն հարմարվել մեր՝ մեղմ ասած, ոչ իդեալական վիճակին, կամ ավելի վատ՝ մտածեն, թե ինչպես գնան Հայաստանից: Ինձ թվում է՝ առաջինը գերադասելի է:

Եթե, այնուամենայնիվ, կարիք կա փնթփնթալու, ապա երեւի կարելի է նշել՝ շատ ցանկալի է, որ մեր երիտասարդներն ավելի շատ կարդան: Երբ զուգահեռ է անցկացվում 88 թվականի հետ, ապա պետք է հաշվի առնել, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մեծ մասը գիտությունների դոկտորներ էին եւ թեկնածուներ: Չեմ գերագնահատում խորհրդային բուհի տված փաստաթուղթը, բայց համաձայնեք, որ դա վկայում է որոշակի կայացածության մասին: (Ընդ որում, հետաքրքիր փաստ՝ «հումանիտար» գիտնական է միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը, մնացածը հիմնականում ֆիզիկայի եւ մաթեմատիկայի մասնագետներ են): Ցավոք, անկախ Հայաստանում կրթական համակարգն առայժմ չունի արեւմտյան նպատակաուղղվածությունը եւ, մյուս կողմից, կորցրել է խորհրդային ընդգրկվածությունը: Ունենալով որոշակի ինտելեկտուալ պաշար եւ մտահորիզոն՝ ավելի հեշտ է հաշվարկել քայլերը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքականության մեջ: Տվյալ դեպքում, բացի զուտ էմոցիոնալ պոռթկումներից, լավ կլիներ Բաղրամյան պողոտայում հավաքվածները մի փոքր մանրամասնեին, թե ինչ նկատի ունեն «չեղարկում» ասելուվ (եթե դա՛ է իրենց նպատակը), ով ինչ քայլեր պիտի կատարի՝ նախագահը, կառավարությունը, Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը, մնացած դատարանները: Ինչպիսի՞ն պետք է լինի լուծումը, որն իրենց կբավարարի:

Բայց այդ անհստակություններն, իհարկե, «ժամանակավոր թերություններ» են եւ եթե ոչ՝ օրերի, ապա ամիսների ընթացքում կշտկվեն: Ղարաբաղյան շարժման լիդերները կայացել են խորհրդային կարգերի օրոք. տարբերությունը նրանց եւ այսօրվա երիտասարդ ակտիվիստների միջեւ մեծ է, եւ համեմատությունները միշտ չէ, որ «հների» օգտին են: Որոշակի դրական դինամիկա ես «նորերի» մոտ զգում եմ: Դրա մասին է վկայում այն, որ նրանք Բաղրամյան պողոտայում արդեն սկսել են ստեղծել որոշակի կառույցներ: Դա լավ նշան է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031