Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական 6-րդ խաղերի Սփյուռքի ջահն սկսել է ճանապարհը դեպի Երեւան

Հուլիս 02,2015 19:01

Համահայկական խաղերի Համաշխարհային Կոմիտեի պատվիրակությունը   Համահայկական 6-րդ  խաղերի մեկնարկին ընդառաջ  այցելեց Սփյուռքի  ամենահայաշատ գաղութներից մեկը` Լիբանան, Անթիլիասի   մայր տաճարում  սփյուռքը խորհրդանշող   ջահը վառելու համար:

Բեյրութում   պատվիրակությանը  դիմավորեցին  Լիբանանում ՀՀ  դեսպան  Աշոտ Քոչարյանը, Լիբանանի հայ համայնքի  կուսակցական  ու հասարակական-բարեգործական  կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով  Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի նախագահին և նրա  գլխավորած պատվիրակությանը ՀՀ դեսպանը   կարևորեց համահայկական 6-րդ խաղերի դերը, հատկապես այն, որ խաղերի անցկացումը  համընկնում է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  ոգեկոչման  միջոցառումների հետ: Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը  նշեց, որ Համահայկական   խաղերի  ընթացքում, պիտի վառվի հայ ժողովրդի միասնականությունը  խորհրդանշող  երեք ջահ` Հայաստան, Արցախ եւ Սփյուռք: Նա նաև հայտնեց, որ այս տարի  Համահայկական խաղերը  կընդգրկեն 17 մարզաձևեր եւ  կմասնակցեն  5000 -ից  ավելի մարզիկներ: <<Մեր նշանաբանն է միասնություն սպորտով,  և այս տրամաբանությամբ մենք երեք ջահ ենք վառելու, և այդ երեք վառված ջահերը համահայկական խաղերի օրը  մուտք կգործեն հանրապետական մարզադաշտ, որտեղ կվառվի համահայկական խաղերի խորհրդանիշ ջահը>>, ասաց  Ի. Զաքարյանը:

ishxan

Լիբանանի Այնճար Մուսալեռ  գյուղը  ամենահայաշատն է: Սա սփյուռքի  այն  եզակի բնակավայրերից է ,որտեղ ամեն բան հայկական է: Այնճարը Փոքրիկ Հայաստանն է  միջին  Արևելքում,այստեղ   նույնիսկ մունիցիպալ կառույցներում ծառայում են հայեր, և քաղաքապետն էլ իսկական  Մուսալեռցի է: Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը  և իր գլխավորած պատվիրակությունը Այնճարում  հանդիպեցին տեղի  բնակչությանը, ծաղկեպսակ դրեցին  Մուսա Լեռան հերոսամարտի զոհերի հուշարձանին: Այնճարցիները  պատրաստվում են  մեծ պատվիրակությամբ  մասնակցելու  համահայկական 6-րդ  խաղերին :

Անթիլիասի  Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ  Ա. կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Համահայկական 6-րդ խաղերի  ջահավառության հանդիսավոր արարողությունը: Ջահավառության արարողության ընթացքում  հայ սկաուտները  շեփորահարեցին  Լիբանանի և Հայաստանի քայլերգները, կատարեցին նաև  ՙ Կիլիկիա՚  մաղթերգը:

Վեհափառ հայրապետը իր մաղթանքի խոսքում վստահություն հայտնեց ,որ  այս համազգային նախաձեռնությունը ավելի պիտի ամրապնդի հայ ժողովրդի հավատը, կամքն ու միասնությունը: <<Մեր միասնականությունը անհրաժեշտ է այնպիսի միջոցներով արտահայտել, որով կարելի լինի մեր ներքին միասնականությունը ամրապնդել: Համազգային, համահայկական այս խաղերը մեր ժողովրդի համար մարտահրավեր են, կոչ ու պատգամ են, հիշեցում են, որպեսզի մենք բոլորս  Հայաստան, Արցախ և Սփյուռք համահայկական մտածողություն ձևավորենք, համահայկական մեր մտածողությունը դարձնենք մեր մտածողության, մեր գործելակերպի առանցքը>>, – հորդորեց Արամ Ա կաթողիկոսը:

Ապա ` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը   հանդիսավոր պատվիրակության հետ հանդիպեց վեհարանում, որտեղ  վեհափառ հայրապետին Իշխան Զաքարյանը ներկայացրեց համահայկական 6-րդ խաղերի ընթացքը  ու քննարկեցին  Լիբանանահայ մարզիկների մասնակցությանը վերաբերող հարցեր: Արամ Կաթողիկոսը ևս մեկ անգամ շեշտեց Համահայկական խաղերի կարևորությունը հատկապես հայրենիք սփյուռք նոր ու ամուր կապերի ձևավորման գործում :

Անթիլիասում ջահավառությունից հետո մայր հայրենիքից մեկնած հյուրերին Հայկական ընդհանուր բարեգործական միության դահլիճում պաշտոնական ընթրիքի հրավիրեցին սփյուռքի ավանդական քաղաքական կուսակցությունների, բարեգործական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ընդունելության ընթացքում քննարկվեցին համահայկական խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված խնդիրներ: Կոմիտեի նախագահը  նշեց, որ <<Մեր հաղթանակների գրավականը մեր միասնություն է, հենց միասնական լինելով մենք կարող ենք հաղթահարել մեզ ուղղված բոլոր մարտահրավերները: Համահայկական խաղերը մեր համախմբման ու միասնականության լավագույն օրինակներից են, եթե ոչ լավագույնը>>:

Այցի վերջին օրը Հայաստանից ժամանած պատվիրակությունն այցելեց Հայկազյան համալսարան, որտեղ նրանց ողջունեց Համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը: Հայկազյան համալսարանն իր ստեղծման օրից  մեծ առաքելություն ունի ` ուղղված հայապահպանությանը և հայագիտական հետազոտությունների իրականացմանը, Հայկազյան համալսարանը սերտ  գործակցություն ունի  Հայաստանի պետական կառույցների, կրթական և մշակութային հաստատությունների հետ: Իշխան Զաքարյանը Լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներին հանձնեց նվերներ,ինչպես նաև  առաջին անգամ ներկայացրեց  համահայկական 6-րդ խաղերի համար պատրաստված համազգեստներ: Համահայկական 6-րդ  խաղերի`  Լիբանանում վառված ջահը կանցնի սփյուռքի Հայաշատ քաղաքներով, կկտրի օվկիանոսը  և կհասնի  մինչև Ամերիկա մայրցամաք: Ջահի հաջորդ  կանգառը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031