Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Արզումանյան. «Ուս-ուսի տված կաշխատենք լավագույնս բավարարելու մեր խստապահանջ հանդիսատեսին»

Հուլիս 03,2015 15:19

Այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրած ասուլիսում թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը ներկայացրեց նորանշանակ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված օպերային տենոր, ռեժիսոր Գեղամ Գրիգորյանին:

«Առավոտը» օրերս ներկայացրել էր Գեղամ Գրիգորյանին, ավելին՝ նրա տեղակալ Կարեն Շահինյանին, հետեւաբար մեզ հետաքրքրող հարցերն ուղղված էին տնօրեն Անդրանիկ Արզումանյանին:

Նրան հիշեցրինք մեկ տարի առաջ իր պաշտոնավարության առաջին օրերին մեզ հայտնած այն միտքը, թե ինքը փնտրում է գեղարվեստական ղեկավար եւ հարցրինք՝ փնտրտուքի ընթացքում բացի Գեղամ Գրիգորյանից իր մտքով անցե՞լ են նաեւ այլ թեկնածուների անուններ: «Անշուշտ, արժանի արվեստագետներ կան, բայց Գեղամ Գրիգորյանի հրավերը մեր օպերային թատրոն իբրեւ գեղարվեստական ղեկավարի, հետապնդում է միանգամից մի քանի նպատակ: Նախ՝ աշխարհում հեղինակություն վայելող արտիստ է, արտերկրյա մշակութային օջախների հետ ունի կապեր, թատրոնում նախկինում իբրեւ ռեժիսոր նա իրականացրել եւ վերականգնել է մի քանի բեմադրություն, որոնք այսօր էլ թատրոնի խաղացանկում են, այդ թվում՝ Տիգրանյանի «Անուշը», Չուխաջյանի «Արշակ Երկրորդը», Տիգրանյանի «Դավիթ Բեկը», Վերդիի «Տրավիատան»: Ի դեպ, թվարկածները ոչ թե վերականգնված, այլ Գեղամ Գրիգորյանի ռեժիսուրայով իրականացված աշխատանքներ են: Մի քանի օր է՝ ինչ պարոն Գրիգորյանը թատրոնում է եւ ես արդեն համոզված եմ, որ մենք ուս-ուսի տված կաշխատենք լավագույնս բավարարելու մեր խստապահանջ հանդիսատեսին»:

Հարցին, թե Գեղամ Գրիգորյանի հետ աշխատանքային զրույցներում հավանաբար համաձայնության են եկել կադրային կամ այլ փոփոխությունների, Անդրանիկ Արզումանյանը պատասխանեց. «Ադմինիստրատիվ կազմի առումով իմ եւ Գեղամ Գրիգորյանի կարծիքները համընկնում են: Ինչ վերաբերում է թատրոնի ստեղծագործական խմբերին (մեներգիչներ, նվագախումբ, երգչախումբ եւ այլն), արդեն գեղարվեստական ղեկավարը անցել է ուսումնասիրությունների: Այս պահին ավելին ասել չեմ կարող»:

Զրույցի ընթացքում տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի Գեղամ Գրիգորյանը լինելով Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժնի ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահ, հիացած է շուրջ մեկ տասնյակ երգիչներով: Նշեց նաեւ, իր խոսքերով՝ կոնսերվատորիայի հաղթանակը վոկալ բաժնի բակալավրի 3-րդ կուրսի ուսանողուհի Մանե Գալոյանի 3-րդ մրցանակն է՝ երեկ ավարտված Չայկովսկու անվան 15-րդ միջազգային հեղինակավոր մրցույթում:

Պարոն Արզումանյանը նշեց նաեւ, թե Գեղամ Գրիգորյանը մեծ ցանկություն ունի իբրեւ գեղարվեստական ղեկավար համագործակցելու կոնսերվատորիայի օպերային ստուդիայի եւ Երեւանի պարարվեստի պետական քոլեջի հետ: Հավելեց նաեւ, թե օպերային երգիչը ոչ միայն մտածում է հանդիսատեսին առաջիկայում բարձրարվեստ օպերային ու բալետային ներկայացումներ հրամցնելու մասին, այլեւ մտահոգված է մեր երեխաներով: Մեր զրուցակիցը իբրեւ օրինակ բերեց Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետը, ասելով, որ վերջինիս իրականացումը թատրոնում կկայանա համագործակցելով պարարվեստի քոլեջի հետ:

Հետաքրքրությանը՝ կբարձրաձայնի՞ առաջիկայում բեմադրվելիք մի քանի ներկայացումների անունները, պարոն Արզումանյանը հայտնեց. «Առայժմ ոչ, որովհետեւ դրանք դեռ քննարկման փուլում են, իսկ հուլիսի 18-ին մեզ մոտ պրեմիերա է՝ Բիզեի «Կարմենը»: Իսկ մինչ արձակուրդ մեկնելը կներկայացնենք նաեւ Ադանի «Ժիզելը»: Հավաստիացրեց նաեւ, իր խոսքերով՝ Հայաստանի գլխավոր թատրոնը նոր թատերաշրջանում միանշանակ կունենա այլ օպերաների եւ բալետների պրեմիերաներ նույնպես եւ կշարունակվի թատրոնի հյուրախաղերը ոչ միայն արտերկիր, նաեւ մարզեր ու Արցախ:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031