Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի եվրասիական հավակնությունները, ներազդեցության գործիքներն ու ձևերը

Հուլիս 03,2015 15:50

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում»  ծրագիր (NED)

21-րդ դարը կտրականապես փոխել է դարաշրջանի դեմքը․ առաջ են եկել նոր մարտահրավերներ: Մինչև 21-րդ դարը աշխարհաքաղաքական դաշտում տիրում էր հարաբերական հավասարակշռություն. տեխնոլոգիապես զարգացած երկրներն ուժեղ էին իրենց արդիական տեխնոլոգիաներով, հումքային երկրները՝ հումքային ռեսուրսներով։ Սակայն տեխնոլոգիական առաջընթացը փոխեց այդ հավասարակշռությունը:

Ռուսաստանի տեղն ու դիրքը Եվրասիական գործընկերության մեջ

Ռուսաստանը շատ ուշ զգաց աշխարհաքաղաքական անցումների կտրուկ ազդեցությունը, մասնավորապես այն ժամանակ, երբ հետխորհրդային տարածքի երկրներն սկսեցին ակտիվ բանակցել Եվրամիության, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ:

1. Ռազմական անվտանգության գոտին: Ռուսաստանը հարթավայրային երկիր է, նրա անվտանգության գոտին չի կարող սահմանափակվել ինչ-որ բնական արգելքներով, օրինակ, լեռնաշղթաներով։ Իր իսկ ազդեցության գոտիների պաշտպանության համար Ռուսաստանը միայն մեկ գրավական ունի՝ ռազմաբազաների տեղակայումը։ Արևմտյան կողմնորոշում ունեցող Ուկրաինան՝  եվրոպական մասում,  իսկ Վրաստանը՝ Հարավային Կովկասում, կրճատեցին Ռուսաստանի անվտանգության գոտին:

Ռուսաստանը բացի ռազմական երաշխիքից, ցավոք, այլ երաշխիք իր համար չի ապահովել՝ չի ստեղծել ներքին տնտեսական կայունության, ուժեղ և ամուր հասարակության, տեխնոլոգիական առաջընթացի թրենդի առաջամարտիկ երկիր լինելու երաշխիքներ  և դրանցով արգելափակել է իր ուղիները։

2. Տնտեսական հնարավորությունները: Ռազմական անվտանգության գոտու հետ մեկտեղ Ռուսաստանն սկսեց կորցնել նաև տնտեսական հնարավորությունները:

Ռուսաստանը երկար ժամանակ նավթագազային «զենք»-ն օգտագործում էր որպես քաղաքական «մահակ» արևելյան Եվրոպայի երկրների համար, նաև՝ հետխորհրդային տարածքի երկրներին ճնշելու նպատակով՝ արհեստականորեն բարձրացնելով գազի գինը: Դա ակներևաբար դրսևորվում է նաև Հայաստանի օրինակով. պաշտոնական Երևանը քաղաքական ճնշումների հետևանքով նախապատվությունը տալիս է ռուսական վառելիքին` ունենալով Իրանից էժան գազ գնելու հնարավորություն: Թերևս Ռուսաստանն էլ գիտի, որ տնտեսական լծակներն օգտագործում է քաղաքական նկատառումներով, հետևաբար թիրախ երկրները հավասարապես իրավունք ունեն տեղի չտալ քաղաքական նկատառումներին ու հետապնդել իրենց տնտեսական շահերը։ Հենց այս՝ երկրորդ պատճառով էլ Ռուսաստանը վտանգված է զգում իր եվրասիական հավակնությունները։

3. Գերտերություն լինելու հավակնությունը։ Գերտերություն լինելու հավակնությունը հասանելի է երկու գործոնի միջոցով. առաջինը՝ տարբեր տարածաշրջաններում տնտեսական առաջխաղացման միջոցով սեփական մշակութային, տնտեսական գլոբալիզացիոն ներկայություն ապահովելն է, իսկ երկրորդը՝ ուղղահայաց կառուցակարգով ֆիզիկական ներկայությունը, որի համար անհրաժեշտ է նախապատրաստել հանրային կարծիք թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։ Ռուսական քարոզչամեքենան այդպիսի կարծիքի նախապատրաստումը բավականին արդյունավետ է համարում ներքին լսարանի համար:

Ներքին իրավիճակի արտացոլումը Ռուսաստանի ներսում և նրա սահմաններից դուրս

Ռուս հասարակությունը տեղյակ չէ ինչպես իր, այնպես էլ հարակից երկրներում տիրող ֆինանսական, տնտեսական, ռազմական իրավիճակից։ Անվերջ ուռճացվում է Ռուսաստանի գերհզոր լինելու միֆը, որի մի քանի հիմնական գրավական կա.

1.Պուտինի կերպարը, ով ներկայացվում է որպես փյունիկի նման հառնող կայսրության խորհրդանիշ, իբրև մարդ, ով կարողացել է երկրորդ շունչ հաղորդել կայսրությանը և, բնականաբար, ընդլայնել դրա սահմանները, նվաճել Ղրիմը, կանգնել Դոնբասի և Լուգանսկի նվաճման շեմին: Կարելի է ասել, որ ռուսական հեռուստատեսություններով Խորհրդային Միության ատրիբուտների փառաբանումը Ռուսաստանի առաջին և երկրորդ հեռուստաալիքների պետական ֆինանսավորման պարտադիր ժամանակային չափաբաժին պարունակող մասն է։

2. Պատմական իրողությունը գալիս է կատարելու արդիական քաղաքականության դեր, որի հետևանքով լայնորեն գովազդվում է Երկրորդ աշխարհամարտում կամ խորհրդային անվանակոչմամբ՝ Հայրենական մեծ պատերազմն ու դրանում տարած հաղթանակը՝ լուրերով, հեռուստահաղորդումներով, դրվագ առ դրվագ փորձում են վերականգնել խորհրդային սիմվոլիկայի և ինստիտուտների նախկին փառքը։ Այդ ինստիտուտներից առաջինը հանրային վարկանշից զրկված  խորհրդային КГБ-ն է՝ գաղտնի անվտանգությունը:

3. Կայսերապաշտական հավակնությունների մյուս փորձն արդեն երկրի սահմաններից դուրս ԵԱՏՄ-ի ստեղծումն է։ Սա, իհարկե, մեկ նպատակ ունի` Ռուսաստանի սահմանների պաշտպանությունը:  Հազվագյուտ սահմաններից մեկը, որտեղ այն պահպանվում է, Հայաստան-Թուրքիա սահմանն է: Այն դիտարկելիս հաճախ է մոռացության մատնվում, որ դա նախկին Խորհրդային Միության և ՆԱՏՕ-ի սահմանն է։ Եթե Միացյալ Նահանգները շահագրգռված է դրա բացման, ապա  Ռուսաստանը՝  ընդմիշտ փակ պահելու հարցում։

Պուտինը չի կարողանում իր հավակնություններով վարակել ինքնիշխան հանրապետությունների  նոմենկլատուրային բռնապետերին, որոնք 70 տարի շարունակ ծանոթ են եղել Խորհրդային Միության կողմից վարվող քաղաքականությանը և հակված են չվստահել Ռուսաստանի խոստումներին, մասնավորապես այն ժամանակ, երբ նրանք ունեն քիչ թե շատ կայուն տնտեսություններ, բավականին հզոր հումքային ռեսուրսներ, կարողանում են դիմակայել գլոբալ պահանջներին` հասկանալով, որ առանց արտասահմանյան ֆինանսավորման նրանք ի զորու չեն ոտքի վրա կանգնել:

4. Ռուսական հավակնությունները խաթարվում են նաև արևմտյան աշխարհի գործարկած մշակութա-ռազմա-դիվանագիտական հաջող էքսպանսիաների շնորհիվ, որոնցից մեկի արդյունքը «Վեցյակ»-ի հնարավոր համաձայնագիրն է Իրանի հետ, ինչի շնորհիվ Իրանը կդառնա քաղաքական գործընկեր, կդադարի լինել խաղաքարտ նույն Թուրքիայի ձեռքին, կբարելավի նաև հարաբերությունները քաղաքակիրթ աշխարհի երկրների հետ, բնականաբար՝ արևմտյան հայեցակարգի շրջանակներում։

Ռուսաստանի նոր կարգավիճակը համաշխարհային մարտահրավերների համատեքստում

Ռուսաստանը դուրս է մնում աշխարհի գլոբալ մարտահրավերներին մասնակցելու հնարավորությունից, նույնիսկ ցանկություն էլ չի հայտնում պահպանելու իր մասնակցությունը։  «G7» վերջին գագաթաժողովի ընթացքում հայտարարություն է արվել այն մասին, որ Ռուսաստանը երբևէ չի կարող վերադառնալ այդ ձևաչափ, եթե չվերադարձվի Ղրիմը: Հաշվի առնելով Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը` ակնհայտ է, որ Ռուսաստանը երկար ժամանակ ներկայացուցչական բարձր ատյաններում [1] չի մասնակցելու համաշխարհային մարտահրավերների քննարկմանը, որոնց թվում նաև ահաբեկչության խնդիրն է: Ահաբեկչության թիրախ են թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Եվրոպան [2]:

Համաշխարհային մյուս մարտահրավերները, ինչպիսիք են` գլոբալ տաքացումը, համաճարակների դեմ պայքարը, բնապահպանական խնդիրները և այլն, նշանավորվում են ռուսական կողմի զուտ ֆորմալ մասնակցությամբ, քանի որ Ռուսաստանը չի դիտարկվում իբրև այդ մարտահրավերներին արդյունավետ լուծում տալու ունակ գործընկեր:

Հայաստանի և Ռուսաստանի գործընկերության առանձնահատկությունները

Իհարկե, Հայաստանն իր սեփական տնտեսական հնարավորությունները ամրապնդելու համար խնդիր ունի անջատվելու Ռուսաստանի կայսերական դաշտից։

Հայաստանի անմիջական հարևան Իրանի հարաբերությունների աստիճանական կարգավորումն արևմտյան երկրների հետ կարող է լուրջ խաղաքարտ դառնալ Հայաստանի  տնտեսական և քաղաքական անկախացման համար:

Իսլամական աշխարհի՝ էներգակիրներով հարուստ երկրների և արևմտյան  աշխարհի համատեղ գործողությունները նավթի գների համակարգված իջեցման գործում Ռուսաստանին թողնում են  Թուրքիայի և Ադրբեջանի բարեհաճությանը:

Փաստորեն, եվրոպական սահմանները պահպանելու Ռուսաստանի փորձը դատապարտված է բացարձակ անհաջողության. Ուկրաինան արդեն այլևս անհույս կորած է:

Ի տարբերություն Ուկրաինայի` հայ հասարակության կարծիքը ռուսական էքսպանսիայի նկատմամբ հիմնականում դրական է կամ չեզոք, որը պայմանավորված  է`

ա) պատմական գործոններով,

բ) հեռուստաքարոզչության միակողմանիությամբ,

գ) քաղաքական դաշտում արևմտամետ գործոնի թուլությամբ, իշխանական և ընդդիմադիր դաշտում համաեվրոպական կողմնորոշում ունեցող ուժերի սակավությամբ:

Փաստորեն, պայքարելով ՆԱՏՕ-ի դեմ՝ Ռուսաստանն ինքնաբերաբար ՆԱՏՕ-ն մոտեցնում է իր սահմաններին։ Օղակն օրեցօր սեղմվում է, մինչդեռ  Ռուսաստանն այդ ճնշումներին կարողանում է հակադրել միայն նմանակման (իմիտացիոն) քաղաքական  գործառույթներ:

1. Ռուսաստանի քաղաքական թատերաբեմում իբրև ամենակարևոր իրադարձություն  ներկայացվում է 1945թ. մայիսի 9-ի  հաղթանակը և դրա 70-ամյակին նվիրված շքերթը, պատմական հաղթանակները, և, ընդհանրապես, պատմական իրադարձություններն իբրև  քաղաքական գերակայություն ներկայացնելը, ինչպես Հայաստանում Ցեղասպանությունը և դրա  հարյուրերորդ  տարելիցը՝ իբրև քաղաքական օրակարգ: Պատմական իրադարձությունների վերաբերյալ քաղաքական ներկա արձագանքը փաստում է աշխարհում պետության միջազգային վարկանիշի մասին: Հայաստանում այդ վարկանիշային քաղաքականությունը բավականին հաջողված էր, մինչդեռ Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը դրսևորվեց քաղաքակիրթ աշխարհի կողմից նրա անտեսման քաղաքականությամբ:

2. Իմիտացիոն մյուս գործառույթը տնտեսական անկման խորապատկերին արևմտյան աշխարհի կողմից կիրառվող պատժամիջոցներին ի պատասխան անիրատեսական տնտեսական քաղաքականության իրացումն է:  “Ռուսաստանը կիրառել է իր տնտեսական պատժամիջոցները”, որոնք ակներևաբար չեն կարող ազդել համաշխարհային որևէ տնտեսական գործընթացի վրա: Տնտեսական մյուս “բլեֆը” ներմուծված ապրանքները ռուսական փոխարժեքներով փոխարինելու մասին հայտարարությունն է` “импортозамещение”-ն: Մինչդեռ ակնհայտ է, որ Ռուսաստանն ի զորու չէ ոչ միայն կիրառական ապրանքներ՝ հեռախոսներ, համակարգիչներ արտադրել, այլև ամենակարևորը` առաջնակարգ տեխնոլոգիաների, ծրագրերի, միկրոհամակարգերի հասանելիություն ապահովելու հնարավորություն չունի:

Անուշ Սեդրակյան

Քաղաքական վերլուծաբան

Միջազգային և Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտ-ՄԱՀՀԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031