Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիներն անհնազանդության ակցիա կսկսեն, եթե նստացուցարարի նկատմամբ քրեական գործը չկարճեն (Տեսանյութ)

Հուլիս 03,2015 18:07

Այսօր Գյումրու հոգեւոր թեմի սոցիալ-կրթական կենտրոնում ասուլիս էին հրավիրել գյումրեցի մտավորական ցուցարարները՝ հնչեցնելով իրենց գնահատականը նստացուցարար Կարեն Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին ու ներկայացնելով իրենց պահանջները:

Հիշեցնենք, որ տնտեսագետ Կարեն Պետրոսյանը ոստիկանության կողմից բերման ենթարկված այն միակ երիտասարդն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ընդ որում, ինչպես նկատեցին իր ընկերները, քրեական գործը հարուցվել է ճիշտ այն օրը, երբ Կարեն Պետրոսյանին դոցենտի կոչում էին շնորհում:

«Բոլորս մասնակցել ենք Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին, եւ մենք ունենք մեր հստակ իրավական-բարոյական գնահատականը: Այսինքն` ինչ տեղի է ունենում Կարեն Պետրոսյանի շուրջ, մեզ համար անընդունելի մոտեցում է, երբ մեկ մարդու փորձում են լռեցնել: Այս մեծ պրոցեսների մեջ, որոնք տեղի են ունենում Երեւանում, Գյումրիում, այսինքն հարյուրավոր մարդիկ բերման ենթարկվեցին, բայց կոնկրետ քրեական գործով, մեղադրանքով կոնկրետ մեկ մարդու Գյումրի քաղաքից փորձում են լռեցնել ու լռեցնում են այն եղանակով, որ քրեական որոշակի հոդվածի տակ մտցնելու հիմքի վրա նաեւ փորձում են կանգնեցնել, փորձում են փակել էն մարդկանց բերանը, որոնք էդ օրերին արդարացի բողոքի պահանջով հավաքվել էին եւ լուծման արդարացի մեխանիզմներ էին պահանջում, եւ թե իրազեկում էին: Այսինքն Կարենի նկատմամբ գործողությունները հավասարաչափ համարում ենք մեր նկատմամբ գործողություններ թե՛ իրավական, թե՛ բարոյական, թե՛ մարդկային տեսանկյունից: Մենք էս պահին, իհարկե, շատ կտրուկ գործողությունների չենք գնա, կսպասենք որոշակի ժամկետ, մենք ժամկետն էլ կարող ենք նշել՝ կսպասենք մինչեւ չորեքշաբթի: Եթե մինչեւ չորեքշաբթի որոշակի հանգրվան չտան, այն մարդիկ, որոնք էդ օրերին էստեղ էին, այն մարդիկ, որոնք գիտեն ինչի հիմքի վրա է այսօր մեղադրանք ներկայացվում գյումրեցի երիտասարդ գիտնական-դասախոսին, իրենք վստահաբար իրենց գործունության, գործողությունների քայլերը կներկայացնեն: Չորեքշաբթի՝ կախված ընթացքից, մեղադրանքի բնույթից, այն մեխանիզմներից, որոնք որոշակի ուժեր փորձում են լռեցնել Գյումրիում ընթացող պրոցեսները, մենք մեր կարծիքն ու մոտեցումները հստակ կֆիքսենք»,- հայտարարեց Տիգրան Պետրոսյանը:

Տիգրան Պետրոսյանի գնահատմամբ, այս օրերին Հայաստանում տեղի ունեցած գործընթացները տարիներ շարունակ կծիկի թնջուկի պես հավաքված խնդիրների արդյունք են, հասարակությունը վերջապես կամք ու հնարավորություն ունեցավ բռնել այդ կծիկի թելերից մեկը: Իսկ հիմա, ըստ նրա, ժամանակն է հանգուցալուծել, կետ առ կետ գնալ:

Ըստ բանախոսի, Գյումրիի երիտասարդությունն այս օրերին ապացուցեց, որ ինքը քաղաքացիակերտ, քաղաքացիական կեցվածքով երիտասարդություն է: «Գյումրիում ունենք հասարակություն, որն ապացուցեց, որ ինքը հետեւողական է իր պրոբլեմները բարձրացնելու: Մեծ երթը, որ ունեցանք Գյումրու Անի թաղամասում, մարդիկ ապացուցեցին, որ հոգնել են լռելուց:  Գյումրիում ունեինք մի իրավիճակ, երբ այն մարդիկ, որոնք չէին կարող ֆիզիկապես բողոքել, իրենք ամեն եղանակով փորձում էին սատարել ուրիշներին, այսինքն միանշանակ է, որ բողոքը սոցիալական է եւ հանրության 99 տոկոսին այս գործընթացը առնչվելու էր»:

Տնտեսագետ Ղարիբ Հարությունյանն էլ նշեց, որ ինքն այս օրերին լինելով թե՛ Գյումրիում, թե՛ Երեւանում՝ համոզվեց, որ Գյումրիում պայքարի ոգին մի ուրիշ տեսակ էր՝ ավելի ջիգյարով էր ու համախմբված: Ըստ նրա, Գյումրիում այն մարդիկ են իրենց բողոքը արտահայտում, նստացույց անում, որոնք վերջին հաշվով 7 դրամ թանկացումը չէին զգալու, բայց նրանք պայքարում էին ոչ միայն իրենց, այլ այլոց իրավունքների համար:

Իսկ Գյումրիում 13 բերման ենթարկվածներից ընդամենը մեկի նկատմամբ քրեական գործ հարուցելը, Ղարիբ Հարությունյանը կողմնապահ մոտեցում է համարում ու քաղաքական ենթատեքստ տեսնում: Նրա համոզմամբ, փորձ է արվում քաղաքացու նկատմամբ քրեական գործ հարուցելու միջոցով որոշակի ճնշումներ գործադրել: «Կարող եմ ասել, որ այդ փորձերը ձախողման են ենթարկվելու, որովհետեւ Կարեն Պետրոսյանը միայնակ քաղաքացի չէ, այդ քաղաքացին ներկայացնում է մի մեծ հանրություն, եւ մենք ինքներս մեզ պետք է դնենք այդ քաղաքացու կերպարի մեջ: Քրեական գործի հիմքում որեւէ այլ բան չի ընկած, եթե ոչ մարդու կամքի ազատությունը: Յուրաքանչյուր քաղաքացի կանգնած է այս դեպքում Կարեն Պետրոսյանի կողքին:

Մենք, իհարկե, սկսել ենք որոշակի գործողություններ ձեռնարկել, դուք ականատես կլինեք, մտածում ենք միգուցե մի քանի ժամանակ է պետք իշխանություններին լավ խորհելու ու վերջնական որոշում կայացնելու համար: Եվ այդ ժամանակը՝ մինչեւ հուլիսի 7-ը, մենք կարող ենք ավելի զուսպ գործողություններ իրականացնել, բայց եթե մինչեւ հուլիսի 7-ը չենք տեսնում անհիմն կերպով հարուցված քրեական գործի կասեցում կամ այդ գործի հանգուցալուծում, մենք դիմելու ենք առավել ոչ զուսպ գործողությունների, առավել ռադիկալ գործողությունների:

Գյումրին, ինչպես գիտեք, անհնազանդ քաղաքացիների քաղաք է, եւ քաղաքացիները ոտքի են բարձրանալու: ՚Մենք իշխանություններին կոչ ենք անում՝ լավ խորհել եւ քաղաքական ենթատեքստը, որ տրվել է այս գործընթացին. քրեական գործ հարուցվել է քաղաքացու իր իրավունքը, իր ազատությունը արտահայտելու համար, խորհել այս մասին եւ փորձել ինչ-որ կերպ հանգուցալուծում տալ: Բազմաթիվ քաղաքացիներ, երիտասարդներ մեզ հարցնում են՝ ի՞նչ է լինելու եւ պատրաստ են սկսելու քաղաքացիական անհնազանդության գործընթաց: Ես հուսով եմ, որ փորձենք մնալ միայն այս գործընթացի մեջ, այսինքն` պայքարել էլէկտրաէնեգիայի թանկացման դեմ»,- ասաց տնտեսագետ-բանախոսը:

Դասախոս-ակտիվիստ Արմեն Ներսիսյանն էլ հավելեց, որ այն չինովնիկը, որը քրեական գործ հարուցելու որոշում է կայացրել, պետք է հստակ հասկանա, որ մշակույթ է փոխվել. հին մեթոդները, վախեցնելը այլեւ արդյունք չի տալիս, կա հակազդեցություն: Ըստ նրա, այդ պաշտոնյաները, մնացել են հին տրամաբանության մեջ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031