Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. Եթե ցուցարարների պահանջները պատասխան չստանան, ապա բախում կլինի

Հուլիս 04,2015 23:40

«Ես հայտարարությունն ընկալում եմ որպես խորհրդանշական քայլ, որն ասում է այն մասին, որ այս բողոքի ակցիայի մասնակիցների եւ կազմակերպիչների համբերությունն անվերջ չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանի հայտարարությանը, ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա կարծիքով՝ ցուցարարները ցանկանում են իրենց պահանջներից որեւէ մեկին արագ պատասխան ստանալ: Նա հույս հայտնեց, որ դա կընկալեն նաեւ իշխանությունները, եւ կառուցողական քայլեր կլինեն:

«Ոստիկանության գործառույթի մեջ է մտնում զգուշացնել, որ որեւէ առաջխաղացումը կբերի պատասխան միջոցների: Բայց մյուս կողմից էլ ինձ թվում է՝ կողմերը ոչ թե ոստիկանությունն ու ցուցարարներն են, այլ՝ ցուցարարները եւ իշխանությունները, ոստիկանությունը կատարող մարմին է: Այստեղ մենք ավելի շատ պետք է ակնկալեինք ոչ թե ոստիկանության արձագանքը, այլ իշխանությունների արձագանքը՝ արդյոք իրենք մտադի՞ր են հերթական անգամ քննարկել ցուցարարների պահանջի կատարման հնարավորությունները: Սրանք արդեն լուրջ հարցեր են, եւ եթե այդ հարցերի պատասխանը չլինի, ապա եթե ոչ այստեղ մի որեւէ այլ տեղ բախում  եւ իրավիճակի սրացում տեղի կունենա: Դա ակնհայտ է, քանի որ ինչքան էլ քիչ մարդ կա այս վերջին օրերին Բաղրամյան պողոտայում, մենք շատ լավ հասկանում ենք, որ երկրի հանրության մեծ մասը շատ է դժգոհում ստեղծված իրավիճակից, եւ բնականաբար, էլեկտրաէներգիայի սակագների հարցը ընդամենը մեկ պատուհան է, որտեղից այդ դժգոհությունը դուրս է գալիս»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Նա համոզված է, որ իշխանությունները ելք ունեն. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բացառումը իշխանությունների համար հնարավոր լուծում է. «Եվ եթե հնարավոր է, մենք պետք է ակնկալենք իշխանություններից այդ հնարավորը կատարել: Հնարավոր է նաեւ բացահայտել այն մեղավորներին, որոնք հունիսի 23-ին բռնություն էին կիրառում: Ոչ մի ֆանտաստիկ, անիրականանալի բան այսօր չի պահանջվում, այնպես որ եթե իշխանությունները պատրաստ չեն կառուցողական մոտեցում ցուցաբերել այս հարցերի նկատմամբ, ապա լարվածությունը, սրացումը, եթե ոչ այստեղ, ապա մեկ այլ տեղ անպայման կլինի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031