Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտան՝ աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում

Հուլիս 06,2015 15:00

Արեւմուտքում ֆիքսում են, որ Մոսկվան ավելի զգայուն է դարձել,
բայց դարձյալ զբաղված է դավադրության տեսություններով

«Интер РАО»-ի ղեկավար Բորիս Կովալչուկը օրերս «Հայաստանի էլեկտրական ցանցերում» առաջացած ծանր ֆինանսական վիճակի համար մեղադրել է Հայաստանի իշխանություններին: Կովալչուկը պնդել է, թե ՀԷՑ-ի վնասների պատճառը Հայաստանում ոլորտի կարգավորման համակարգն է, որը պարտավորեցնում է ՀԷՑ-ին գնել ավելի թանկ էլեկտրաէներգիա, ինչպես նաեւ ֆինանսավորել արտադրող ընկերություններին: «Интер РАО»-ի ղեկավարը ասել է՝ նախորդ 11 տարիների ընթացքում ոլորտի կարգավորողը այդպես էլ բավարար չափով չի բարձրացրել սակագինը, ու նաեւ այդ պատճառով ՀԷՑ-ը 37 միլիարդ դրամի եկամուտ չի ստացել: «Սա էլ դարձել է ստեղծված բարդ ֆինանսական վիճակի հիմնական պատճառը»,- ընդգծել է ռուսաստանցի պաշտոնյան՝ հավելելով, որ նախկինում ՀԷՑ-ը կարողանում էր փակել ֆինանսական ճեղքվածքը վարկերի միջոցով, սակայն հիմա այդ հնարավորությունը սպառվել է: Իսկ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Կրեմլն ընդհանրապես չի քննարկել այդ հարցը, քանի որ այն Հայաստանի ներքին գործն է։

ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են թե՛ ռուսաստանյան ընկերությունը, թե՛ հայկական կողմը. սա՝ անկասկած: Հայաստանի բաշխիչ ցանցերում գործում է մեկ գնորդի մոդելը: ՀԷՑ-ը էլեկտրաէներգիան գնում է արտադրող ձեռնարկություններից՝ ատոմակայանից, հիդրոկայաններից եւ ջերմակայաններից ու վաճառում սպառողներին: Սակագինը հաստատում է պետությունը: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն, օրինակ, առաջարկում է, որ պետությունը դադարեցնի սակագին հաստատելը եւ վերադառնա շուկայական մեխանիզմի:

Խնդրի շուրջ քննարկումները, լուծումների փնտրտուքը, իհարկե, անհրաժեշտ են, սակայն ռուսական կողմից թեեւ որոշ փորձագետների առողջ դատողություններին, Բիբինի ղեկավարած կառույցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տրամաբանական գնահատականներին, այնուամենայնիվ՝ ռուսական կողմը խնդիրը ոչ միայն քաղաքականացնում է, այլեւ կոնկրետ պատասխանատվությունը ձգտում է միայն հայկական կողմի վրա բարդել:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե հայաստանյան դեպքերի պատճառը տնտեսական է, սակայն փորձ է արվում գործընթացը տեղափոխել քաղաքական դաշտ։ «Ազգային օրակարգի ձեւավորման խնդրում, այդ թվում՝ օրըստօրե բնականոն վարվելակերպի վերաճող, այսպես կոչված, խաղաղ բողոքներում շատ մեծ ուշադրություն է հատկացվում երիտասարդությանը։ Դուք գիտեք, թե ինչպես են սկսվել գունավոր հեղափոխությունները, Ուկրաինայի Մայդանը… Հայաստանի այս իրադարձություններում էլ կա այդ ամենը՝ հակակառավարական տրամադրությունները սրելու համար օգտագործելու գայթակղություն, չնայած արմատը զուտ տնտեսական է, բայց, հավանաբար, ոմանք օգտակար են համարում այդ ամենը զարգացնել քաղաքական ճանապարհով»,- ասել է Լավրովը:

Նախ՝ սկսենք նրանից, որ հայաստանյան իրադարձություններն առաջինը սկսեցին քաղաքականացնել ռուսաստանյան ԶԼՄ-ները` Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բողոքի ակցիաների կազմակերպիչ մատնանշելով Արեւմուտքին եւ դրանք «Մայդանների» հետ համեմատելով:

Բացի այդ, այսօր Բաղրամյան պողոտան պայքարի նոր ճակատ դարձնելու կողմնակիցներ են հայաստանյան այն քաղաքական ուժերը, որոնց համար «վերջին խոսքը» Մոսկվայինն է: Իսկ գուցե Բաղրամյան պողոտայի «քաղաքականացումը» առավելապես ձեռնտու է հենց ռուսակա՞ն շահերի սպասարկողներին:

Մյուս կողմից՝ նույնիսկ ռուսաստանյան փորձագիտական շրջանակներն են վերջին օրերին սկսել հայաստանյան իրադարձությունները օրինակելի համարել՝ անգամ զուգահեռներ տանելով Ռուսաստանի հետ, արձանագրել, որ նման մթնոլորտ չի կարող լինել ռուսաստանյան իրականությունում:

Snob.ru կայքում ռուսաստանցի մեկնաբան Մաքսիմ Շեւչենկոն անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին՝ բացատրել է, թե ինչու հայաստանյան դեպքերը հնարավոր չեն Ռուսաստանում: Նրա համոզմամբ` հայաստանյան իրադարձությունները սոցիալական բողոք էին ռուսական ծագմամբ իշխող տնտեսական օլիգարխիայի կամայականության դեմ, եւ հայերը փողոց են դուրս եկել առանց Արեւմուտքի կողմից որեւէ «օգնության», թեեւ ինչ-որ մեկը պնդում է, որ առանց ԱՄՆ-ի չի եղել: «Ինչո՞ւ նույն իրավիճակը, որը մենք հիմա տեսնում ենք Հայաստանում, հնարավոր չէ Ռուսաստանում»,- հարցնում է հեղինակը եւ եզրակացնում, թե Հայաստանում բողոքի շարժումը պետական ԶԼՄ-ների մակարդակով արգելափակելը կամ մարգինալացնելը շատ ավելի բարդ է, իսկ ցուցարարների հետ հաշվի չնստել ընդհանրապես հնարավոր չէ: «Մեծ է հավանականությունը, որ բարիկադի այն կողմում կանգնած լինի ոստիկաններից մեկի հարազատը: Իսկ Ռուսաստանում ոստիկաններն ու ցուցարարները շատ ավելի են օտարացած իրարից: Այստեղ կարելի է Վլադիվոստոկից Հատուկ նշանակության ոստիկանության ջոկատներ Մոսկվա տանել: Ռուսաստանի հսկայական տարածությունը իշխանությունների եւ կորպորացիաների գործողությունների անվերահսկելիություն է ստեղծում: Այստեղ գիտակցաբար ոչնչացված են քաղաքական կուսակցությունները…»: Հեղինակի համոզմամբ` Հայաստանում իրական ընդդիմություն կա. «Ռուսաստանում մոբիլիզացնող ինստիտուտներ չկան. այստեղ կուսակցությունները պետության կամ խոշոր մոնոպոլիստների հավելված են: Զանգվածային հեռուստատեսությունը համախմբող տարր չէ, այն օրակարգում չի դնում կարեւոր սոցիալական խնդիրներ, այլ հակառակը՝ թմրեցնող գործիքի դեր է խաղում եւ աշխատում է «չքորել այնտեղ, որտեղ քոր է գալիս» սկզբունքով, ինչպես ասել է Սուրկովը: Հայաստանում չեն վախենում քորել»:

Իսկ ահա ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի մասնագետների հրապարակած հոդվածում եկել են այն եզրահանգման, որ Հայաստանում մեծ տերությունների աշխարհաքաղաքական բախման գործոնը գրեթե զրոյական է: Վերլուծաբանները նկատել են, որ հունիսի 23-ին Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաները ցրելուց հետո ՀՀ իշխանությունները նկատելի զսպվածություն են ցուցաբերում, սակայն նրանց համոզմամբ՝ այդ մարտավարության փոփոխությունը կարող է նոր լիցք հաղորդել բողոքի ակցիաներին եւ սրել իրադրությունըե: Stratfor-ի վերլուծաբանների կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների զսպվածության գլխավոր պատճառներից մեկը անցած տարի Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերն են. «Պաշտոնական Երեւանը հաշվի է առնում Եվրամայդանի փորձը, ուստի չի բացառվում, որ կամ հաշտության եզրեր որոնի, կամ էլ ցույցերի հանդեպ սպասողական դիրք որդեգրի»:

Stratfor-ի վերլուծաբանները ընդգծում են, որ ի տարբերություն Ուկրաինայում 2014-ի ձմռանը ծավալված իրադարձությունների` Երեւանում մեծ տերությունների աշխարհաքաղաքական բախման գործոնը գրեթե զրոյական է: «Ցուցարարները աշխարհաքաղաքական շարժառիթներով չէ, որ առաջնորդվում են, չկա նաեւ արտաքին աջակցության որեւէ ապացույց: Քանի որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատերը ռուսական ՀԸԿ ժնհ ընկերությունն է, ոմանք որպես այս բողոքի ակցիաների հիմնական թիրախ դիտարկում են Մոսկվայի ազդեցությունը: Ցուցարարները, սակայն, միանշանակորեն պնդում են, որ իրենց ուշադրությունը սեւեռված է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման, ոչ թե ավելի լայն՝ ռազմավարական խնդիրների վրա»:

Հայաստանում, ըստ Stratfor-ի վերլուծաբանների, ուկրաինական փորձի կրկնությունը քիչ հավանական է. «Եվրամայդանի ծագման պատճառը Յանուկովիչի` Եվրամիության հետ Ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու որոշումն էր: Փոխարենը՝ Հայաստանի ղեկավարի կայացրած նույնատիպ որոշումը հանրային շատ ավելի թույլ հակազդեցության արժանացավ»: Stratfor-ի մասնագետները, այդուհանդերձ, նկատում են, որ ուկրաինական իրադարձություններից հետո Մոսկվան շատ ավելի զգայուն է դարձել իրադրության ցանկացած սրման հանդեպ: «Ըստ ամենայնի, հենց նման դեպքերի կրկնությունը թույլ չտալու համար էր, որ Մոսկվան Հայաստանի հետ մերձենալուն ուղղված մի շարք շուտափույթ քայլեր ձեռնարկեց: Մասնավորաբար, Հայաստանին 200 միլիոն դոլար տրամադրվեց` ռուսական զենք ձեռք բերելու համար, ինչպես նաեւ Հայաստանի դատարանին հնարավորություն տրվեց քննել այն ռուսաստանցի զինծառայողի գործը, որին մեղադրում են հայկական ընտանիքի սպանության մեջ»:

Ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» թերթն էլ անդրադարձել է ռուսական քարոզչության թեմային: Հիշեցնելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը՝ թերթը նշում է, որ սա Կրեմլի սիրած դավադրության տեսությունն է. «Կիեւի հայտնի դեպքերը եւ այլ եվրասիական մայրաքաղաքներում տեղի ունեցածները ոչ թե ինքնաբուխ են եղել, այլ մանրակրկիտ պլանավորված ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից: Պարուրված ցինիզմով եւ պարանոյայով՝ պարոն Պուտինը եւ նրա շրջանակը Ռուսաստանում եւ նրա հարեւան երկրներում անկարգությունների ցանկացած դրսեւորում, ինչպես երեւում է, համարում են գաղտնի ուժերի ձեռքի գործը»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Անիծվի այն օրը երբ Ռուսը ոտք դրեց ՀԱՅՈՑ հողի վրա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031