Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Եթե այսպես մնա, ապա հաջորդ նախագահը դառնալու է Հովիկ Աբրահամյանը»

Հուլիս 06,2015 13:32

«Մեդիա կենտրոնում» «Կա՞ անհրաժեշտություն սահմանադրական փոփոխությունների, թե՞ ոչ» թեմայով քննարկմանը Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մտահոգություն հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների իրականացմամբ վարկաբեկվելու է կառավարման խորհրդարանական համակարգը:

Նա հիշեց 1995 թվականը ու համարեց, որ այն ժամանակ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան բռնություններով, որին զուգահեռ հանրաքվեի դրվեց Սահմանադրությունը, սակայն ՀՀ-ն սահմանադրական և իրավական պետության քննությունը չբռնեց:

Այնուհետև նշեց, թե 1990-ականներից ինքը կողմ է եղել խորհրդարանական համակարգին. «Բայց այդ համակարգին անցումը պետք է լինի ընդդիմադիր կուսակցությունների ուժեղ ճնշման արդյունքում, նման դեպք չի եղել, որ իշխանությունն իր ցանկությամբ իր լիազորությունները ցանկանա պակասեցնել: Մտահոգություն ունեմ, որ ՀՀ իշխանությունները կվարկաբեկեն խորհրդարանական հանրապետություն ասվածը»:

Պարոն Իշխանյանը թերահավատ է, որ այն իշխանությունները, որոնք Սուրիկ Խաչատրյանի պես գործչին նորից մարզպետ են նշանակում, որտեղ անպատժելիության մթնոլորտ է տիրում, հանկարծ որոշում են անցնել խորհրդարանական համակարգին:

Հանրային քաղաքականության, վերլուծության և երկխոսության ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հովհաննես Գալստյանը նկատեց. «Տպավորություն կա, որ մոդելի փոփոխությունը կատարվում է նրա համար, որ վերարտադրությունը հեշտանա: Այս իրավիճակում խորհրդարանական մոդելը տանելու է միայն լճացման: Այդ դեպքում հիմանական դերը ԱԺ նախագահինն է լինելու»:

«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հ/կ-ի նախագահ Գևորգ Մանուկյանը ևս սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում ու նշում. «Այսպիսի սև գիծ, խարան պարունակող փաստաթուղթը փոխել կցմցումներով, կիսատ-պռատ փոփոխությունների ենթարկել պետք չէ: Մենք պետք է նոր՝ պատշաճ Սահմանադրություն ունենանք»:

APR Group կազմակերպության նախագահ Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց իրենց կատարած հարցումների արդյունքները. «Հասարակության մոտ կա անվստահություն գործընթացի հանդեպ և կա ռիսկ` Սահմանադրությունը նախկինների նման չի գործելու»:

Ավետիք Իշխանյանը նշեց, որ պետությունն ու իշխանությունը փակուղու մեջ են, քանի որ չկա դատական համակարգի անկախություն. «Գործող Սահմանադրությունը ՀՀ-ին ժողովրդավարական և իրավական պետություն դառնալու հնարավորություն չի տալիս: Ոստիկանությունն ու ԱԱԾ համակարգերն ուղիղ ենթարկվում են նախագահին: Պետերին նշանակում ու ազատում է ՀՀ նախագահը: ՀՔԾ-ի և քննչական կոմիտեի պետերին ևս նշանակում է նախագահը: Ի՞նչ իրավական պետության մասին կարող է խոսք լինել: Եթե այսպես մնա, ապա հաջորդ նախագահը դառնալու է Հովիկ Աբրահամյանը, կամ մեկ ուրիշը»:

Ըստ Ավետիք Իշխանյանի՝ փոփոխությունները Սերժ Սարգսյանն անում է իր իշխանությունը պահելու համար. «Տեսնում է, թե ինչպես են տառապում նախորդ երկու նախագահները, ուստի չի ուզում, որ ինքն էլ այդպես տառապի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031