Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց հավատն էլ է կորել պետության ու իշխանության հանդեպ և այն աստիճանաբար փոխվել է վախի

Հուլիս 07,2015 14:59

Հարգարժան նախագահ, նույն կերպ դիմում եմ Ձեզ երկրորդ անգամ, քանի որ անցած նամակս ուղղակի հրապարակել էի Ֆեյսբուք սոցիալական ցանցում, իսկ մեկ օրինակն էլ ուղարկել Ձեզ president.am պաշտոնական կայքի միջոցով:Անցել է մեկ ամիս սակայն ոչ մի պատասխան:

Ես այն մարդկանցից չեմ, ովքեր տեսնելով երկրի վատ դրությունը կփորձեն փախչել այլ երկիր ու օտարի ծառա դառնալ: Հակառակը դեռ հնարավոր վտանգի դեպքում առաջիններից եմ լինելու՝ ովքեր կյանքի գնով կպաշտպանեն հայրենիքը, որովհետև ՀԱՅ եմ ու աշխարհում իմ բաժինը Հայաստանն է:

Ինձ որպես ՀԱՅ մի հարց է անհանգստացնում, որի պատասխանը իմ համոզմամբ միմիայն Հայաստան երկրի ղեկավարից կարող եմ ստանալ՝ մինչև ո՞ւր պետք է հասնի հայ ժողովրդի այս վատ վիճակը: Դիմում եմ Ձեզ հուսալով, որ այս անգամ գոնե կլինի արձագանք ու կլինեն բարեփոխումներ ի նպաստ Հայաստանի բնակչության: Քանի գնում այնքան անհուսալի է դառնում մեր ժողովրդի դրությունը, այնինչ որոշ հեռուստատեսություններ չգիտեմ թե ինչ շարժառիթից ելնելով շարունակ փորձում են հանրությանը ներկայացնել, թե իբր տնտեսությունը գնալով զարգանում է ու իշխանություններն էլ իբր փորձում են այնպես անել, որ օրենքը ծառայի ի շահ ժողովրդի ես հակառակ տենդեցն եմ տեսնում:

Մի կողմից ահավոր չափերի հասնող արտագաղթը, որի արդյունքում դատարկվում են բնակավայրերը, մասնավորապես հեռավոր ու սահմանամերձ /արտագաղթի այսպիսի տենդենցի դեպքում հնարավոր է, որ շուտով Հայաստանում հարկատու էլ չմնա/, մյուս կողմից էլ կառավարության որդեգրած քաղաքականությունը, որի արդյունքում գնալով վատանում է Հայաստանում բնակվող քաղաքացու դրությունը: Խոսքս վերաբերվում է և՛հարկային քաղաքականությանը, առանց այն էլ ցածր աշխատավարձերից 30 տոկոսի պահում, մանր և միջին բիզնեսի խեղդում հարկերով, հոսանքի, գազի, ջրի չափազանց թանկ լինելն ու սպասվող թանկացումները, և՛գյուղացու անմխիթար ու անպաշտպան վիճակը, և՛ մարդկանց սոցիալապես ահավոր ծանր վիճակը, ինչպես նաև այն, որ որոշումներ են կայացվում նույնիսկ ժողովրդի կամքին հակառակ և դրանով ավելի ստորացնում մարդկանց՝ ալյուրի թունավորում, այլ կերպ ես դա չեմ կարող ընդունել, հասանքի անհիմն թանկացում և այլն:

Հայաստանը ունենալով ջրի հարուստ պաշար, ահռելի ռեսուրսներ տնտեսություն զարգացնելու համար ու նաև հնարավորություն մատչելի գնով հոսանք արտադրելու ու մատակարարելու սպառողին, այնպիսի գներով է վաճառում այդ ամենը մեզ, որ զուրկ է ողջամիտ տրամաբանությունից: Հարկային քաղաքականությունը՝ ինչպե՞ս կարելի է հարկել աշխատողի աշխատավարձի 30 տոկոսը, այն դեպքում, երբ աշխատավարձի բարձրացում գրեթե չի լինում, սակայն թանկացումներ լինում են և այն էլ տարվա կտրվածքով մի քանի անգամ: Արդեն մարդկանց հավատն էլ է կորել պետության ու իշխանության հանդեպ և այն աստիճանաբար փոխվել է վախի, թե եթե բողոքի ձայն բարձրացնես, ապա, կամ բռնության կենթարկվես, կամ էլ, եթե ոչ դու, ապա հարազատներդ կզրկվեն աշխատանքից, էլ չեմ խոսում այն ազատամարտիկների մասին ովքեր իրենց կյանքն են դրել պետության կայացման գործում ու հիմի անտեսված ու արհամարհված են:

Որպես մարզի բնակիչ խուսափում եմ մայրաքաղաք գալ, որովհետև յուրաքանչյուր մետրը վաճառված է, նույնիսկ փողոցների բանուկ հատվածը բիզնեսի առարկա է, քանի որ ամբողջ Երևանը կարմիր գծերով է ծածկված ու միայն մեքենան կայանելու համար քաղաքացու գրպանին լուրջ հարված է հասնում: Իհարկե լուրջ, որովհետև, երբ մեզ մոտ մաքուր միջին աշխատավարձը 80.000 ՀՀ դրամ է և, եթե տանը երկու աշխատող կա, ապա ընտանիքը կունենա 160.000 ՀՀ դրամի եկամուտ, ամենապարզ հաշվարկով բոլոր տեսակի ծառայությունների դիմաց՝ ջուր, հոսանք, գազ, կոմունալ սպասարկումը միասին վճարելուց հետո, որը կկազմի մոտավորապես 50.000 ՀՀ դրամ, 3 հոգուց բաղկացած ԸՆՏԱՆԻՔԻՆ /հայր, մայր և մեկ երեխա, քանի որ երեխաներ ունենալն ու պահելն արդեն իսկ մեծ ռիսկ է/ մնում է ամսվա կտրվածքով՝ յուրաքանչյուր օրվա սնունդի և հագուստի համար մոտ 4000 դրամ, ինչպե՞ս ապրեն՝ սնվեն ու հագնվեն, դե երեխայի կարիքները հոգալն էլ մի կողմ: Էլ չհաշված այն հանգամանքը, որ ազգաբնակչության մեծ մասը կեղեքում է բանկերի կողմից բարձր տոկոսներով տրված վարկերի ծանրության տակ, որոնք ֆորսմաժորային արհավիրքների ժամանակ մնում են վարկառուի ուսերին: Այս ամենը կարելի է ուղղել շատ կարճ ժամանակում, բավական է երկու տարի արտոնություններ տալ բնակչությանը բոլոր ոլորտներում և համոզված եմ, կարճ ժամանակում Հայաստանը կդառնա տարածաշրջանի ամենածաղկուն ու հզոր պետությունը, էլ չեմ ասում բազմաթիվ հայորդիների Հայաստան վերադառնալու հնարավորության մասին:

Խնդրում եմ հաշվի առեք բնակչության բողոքի ձայնը: Չէ՞ որ ՀԱՅ ազգը հազարամյակներով փորձությունների չի ենթարկվել, կոտորվել ու զրկանքներ կրելով գոյությունը պահպանել, որ այսպիսի վերաբերմունքի արժանանա:

Ես ունեմ երկու որդի, որոնք լինելու են մեր բանակի ապագա զինվորները և իմ միակ ցանկությունն է, որ նրանք ծառայեն հզոր, համերաշխ ու օրենքի երկրի բանակում:

Շարունակ հետևում եմ ազերական CBC հեռուստաալիքով հեռարձակվող տարբեր լեզուներով, այդ թվում հայերեն, ռուսերեն, անգլերեն, ստերին, որտեղ պետական մակարդակով խեղաթյուրվում է Հայոց պատմությունը, մշակույթը, հայ ազգին ներկայացնում են որպես քոչվոր, ագրեսոր, այն դեպքում, երբ հայ ազգը կար ու մշակույթ ուներ, ազերիների նախնիները դեռ ծառ մագլցել չգիտեին: Դե բնական է, քանի որ սուտը եթե կրկնում ես հարյուր անգամ դառնում է ճիշտ, իսկ այն դեպքում, երբ հակադարձ չի լինում համարժեք, ճշմարտությունը տեղի է տալիս ստին:

Համենայն դեպս մեր ազգը արժանի չէ այս վերաբերմունքին:

Ամենայն հարգանքներով՝ Հայաստանի ապագայի, բարօրության և հզորացման մտահոգությամբ ՀՀ քաղաքացի Տիգրան Մաթևոսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ես դեռ պատասխան ստանալու հույս ունեմ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031