Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների գործունեության խոչընդոտման հիմքով հաղորդում է ներկայացվել

Հուլիս 07,2015 19:22

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի հուլիսի 6-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի և Մալաթիայի բաժինների պետերի և պաշտոնատար անձանց դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: 2015թ.-ի հունիսի 23-ի առավոտյան 05:30-06:00-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ նստացույց իրականացնող ցուցարարների նկատմամբ, ջրցան մեքենաներով փորձել էին  ցույցը ցրել, որի արդյունքում  մի շարք քաղաքացիներ ծանր մարմնական վնավածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ և առևանգելու միջոցով 237 անձի բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ:

Ոստիկանության աշխատակիցները ցույցի մասնակիցներին անօրինական կարգով զրկել են ազատությունից, այնուհետև վկայի կարգավիճակով հարցաքննել են, նույն կարգավիճակով ոստիկանության Նոր-Նորքի բաժնում պահվել են 13 ժամ, իսկ ոստիկանության Մալաթիայի բաժնում 9 ժամ, ինչպես նաև առգրավել են նրանց բջջային հեռախոսները: Քաղաքացիները ժամեր շարունակ ստիպված են եղել սպասել որպես վկա հարցաքննվելու իրենց հերթին, որից հետո խումբ-խումբ տարվել են ՀՀ հանրապետական նարկոլոգիական կլինիկա՝ փորձաքննություն անցնելու որպես կասկածյալներ, մինչդեռ վերջիններս չեն տեղեկացվել, որ իրենք ներգրավված են որպես կասկածյալներ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խաղաղ ցույց իրականացնող անձանց խախտված իրավունքների պաշտպանության նպատակով ներգրավել է ՀՀ փաստաբանների պալատի անդամներ՝ փաստաբաններ Արտուր Հարությունյանին և Անահիտ Չիլինգարյանին:

Փաստաբանները այցելել են ՀՀ Ոստիկանության Մալաթիայի և Նոր-Նորքի բաժիններ, բերման ենթարկված քաղաքացիներին իրավական աջակցություն տրամադրելու, սակայն վերջիններիս գործունեությունը խոչընդոտվել է, և նրանց բավականին ուշացումով է հնարավորություն ընձեռվել հանդիպել տուժած քաղաքացիների հետ: ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին փաստաբանները ժամանել են հունիսի 23-ին, ժամը 14:30-ի սահմաններում, տվյալ բաժնում պահվել են 20-ից ավելի անձինք: Փաստաբաններ Ա. Հարությունյանին և Ա. Չիլինգարյանին անմիջապես թույլ չեն տվել տեսակցել իրենց վստահորդներին:

Փաստաբանները, որոշ ժամանակ անց, մուտք են գործել ոստիկանության բաժին: Ա. Հարությունյանը և Ա. Չիլինգարյանը հանդես են եկել որպես Տիգրան Հակոբյանի և Դավիթ Սելիմյանի փաստաբաններ և մասնակցել են Դ. Սելիմյանի հարցաքննությանը, մինչդեռ Տ. Հակոբյանի հարցաքննությունը տեղի էր ունեցել մինչ փաստաբանների ժամանումը: Ոստիկանության Նոր-Նորքի բաժին փաստաբաններն այցելել են հունիսի 23-ին ժամը 17:30-ի սահմաններում, սակայն բաժնում պահվող իրենց վստահորդների հետ անմիջապես հանդիպել կրկին չի թույլատրվել: Հերթապահ մասում նրանց առաջարկել են սպասել, մինչև իրենք ճշտումներ կկատարեն: Քանի որ ճշտումներ կատարելու գործընթացը չափազանց երկար ժամանակ է տևել, փաստաբանները կապ են հաստատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, որի միջնորդությամբ, վերջապես, հրավիրվել են ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի պետի տեղակալի մոտ, որն էլ ներկայացրել է ցույցը ցրելու արդյունքում բաժին բերված քաղաքացիների հետ կապված բաժնում տիրող իրավիճակը, հայտնել այն մասին, որ ՀՀ դատախազության կողմից քրեական գործ է հարուցվել 258-րդ (Խուլիգանության) հանցակազմի հիմքով:

Ելնելով վերոհիշյալ հանգամանքներից՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի և Մալաթիայի բաժինների պետերի և պաշտոնատար անձանց դեմ քրեական գործ հարուցելու պահանջով և այն հիմքով, որ 2015թ.-ի հունիսի 23-ին ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկված անձանց անօրինական կարգով ոստիկանության Նոր-Նորքի բաժնում պահել են 13 ժամ, իսկ ոստիկանության Մալաթիայի բաժնում 9 ժամ, ինչպես նաև ՀՀ Փաստաբանների պալատի անդամներ՝ Ա. Հարությունյանի և Ա. Չիլինգարյանի լիազորությունները իրականացնելու խոչընդոտ են հանդիսացել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031