Լրահոս
Օրվա լրահոսը

Նյու Յորքից ժամանած «Շուշի» պարախմբի անդամները հյուրընկալվեցին սփյուռքի նախարարությունում

Հուլիս 07,2015 19:35

Հուլիսի 7-ին Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր տաճարի «Շուշի» պարախմբի անդամներին ընդունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորեց պարախմբի ազգանվեր գործունեությունը: Նա, մասնավորապես նշեց. «Շնորհակալ եմ պարախմբի բոլոր անդամներին հայկական պարարվեստը, ազգային մշակույթը պահպանելու, զարգացնելու,աշխարհին ներկայացնելու համար: Հայապահպանությունը մեր ազգի գլխավոր խնդիրն է: Այսօր աշխարհում 7 միլիոն մարդ խնդիր ունի հայ մնալու: Պետք է պայքարենք մեր արմատի, ինքնության, տեսակի, մշակույթի պահպանման համար: Աշխարհում 30 հազարից ավելի հայկական կազմակերպություն կա, որոնց գլխավոր խնդիրը հայապահպանությունն է: «Շուշի» պարախումբը հիանալի է լուծում հայ երիտասարդին հայ պահելու կարևորագույն խնդիրը: Հայ մնալու ամենակարևոր բանալիներից մեկը ազգային պարն է: Հատկապես Սփյուռքում պարը հայապահպանության հզոր զենքերից է, որ կարողանում է ոչ միայն լավագույնս պահպանել ազգային որակները, այլև օտար մշակութային միջավայրում ճանաչելի ու սիրելի դարձնել հայկական արվեստը և նրա պատմությունը»:

Բարձր գնահատելով  պարախմբի գեղարվեստական ղեկավար Սեդա Պասկալյան-Քանդարջյանի՝ արվեստի ու մշակույթի բնագավառում ազգանվեր գործունեությունը, նրա անմնացորդ նվիրումը հայկական պարարվեստի պահպանման ու տարածման գործին՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգևատրեց նախարարության «Կոմիտաս» մեդալով:

«Շուշի» պարախմբի գործադիր կոմիտեի անդամ Թալին Կուպելյանը և մշտական աջակից Սոսի Սեդրակյանը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվեցին շնորհակալագրերով:

1992թ. հեռավոր Նյու Յորքում բնակվող մի խումբ երիտասարդներ, համախմբվելով Սուրբ Վարդան եկեղեցու հովանու ներքո, հիմնեցին պարախումբ, որին 1995թ. Արցախի Հանրապետության անկախության երրորդ տարվա կապակցությամբ «Շուշի» անվանեցին: Պարախումբը մեծ ճանաչում ունի և բազմաթիվ հյուրախաղեր է ունեցել տարբեր երկրներում՝ հատկապես Մերձավոր Արևելքում և Հարավային Ամերիկայում: 2013թ. «Շուշի» պարախումբն ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտոնապես ճանաչված Միջազգային պարային խորհրդի անդամ:

Նշենք, որ հուլիսի 5-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր տաճարի «Շուշի» պարախմբի մենահամերգը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ելույթով հանդես եկան 65 պարող-պարուհիներ Նյու Յորքից ու Կալիֆորնիայից:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031