Լրահոս
Օրվա լրահոսը

Լարսի անցակետի հարցը երկարաժամկետ լուծում է պահանջում

Հուլիս 07,2015 21:07

«Եթե այդ կերպ շարունակվեր, շատ արտահանողներ մեծ խնդիր էին ունենալու` ծիրանն իրացնելու առումով: Խնդիրը կարճ ժամանակով լուծվեց, բայց հարցը հիմնական լուծում է պահանջում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Սպայկա» ՍՊԸ-ի «Արարատֆուդ» ընկերության տնօրեն Համլետ Թադեւոսյանն` անդրադառնալով Լարսի անցակետում հերթական անգամ առաջացած խնդրին:

Հայաստանյան, թուրքական, ադրբեջանական նաեւ վրացական բեռնափոխադրող ընկերությունների համար մեծ խնդիր էր առաջացել, երբ Վրաստանը որոշեց Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ժամերը կրճատել: Նախկին 24 ժամյա ռեժիմի փոխարեն անցակետն ութժամյա աշխատանքային ռեժիմի էր անցել` 9-18.00-ն:

Նկատենք, որ Հայաստանից հիմնական արտահանումները հենց այդ ճանապարհով են: Ու ծիրանի արտահանման այս բուռն շրջանում հայկական բեռնափոխադրող ընկերությունները բավական ծանր կացության մեջ էին` 200-300 մեքենա սահմանին, հերթի մեջ էր:

Ամռան եւ աշնան ընթացքում ՀՀ գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացի սահուն անցումն ապահովելու համար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ՝ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը վրաց գործընկերների հետ քննարկել է Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու հարցը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն անցակետի աշխատաժամանակը երեք ժամով ավելացվել է: Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը 2015 թվականի հունիսի 29-ից սահմանվել է առավոտյան 6.00-ից մինչեւ երեկոյան 21.00-ն:

Բեռնափոխադրող ընկերություններում գոհ են այս կարգավորումից, բայց այն համարում են ժամանակավոր լուծում:

Aravot.am-ի հետ զրույցում Համլետ Թադեւոսյանն ասաց, որ իր տեղեկություններով այժմ կառավարությունում քննարկումներ ու բանակցություններ գնում են վրացական կողմի հետ` հարցին երկարաժամկետ լուծում տալու համար: Մեր զրուցակիցը լուծումն այսպես է տեսնում. «Քանի որ ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության անդամ է, ՌԴ-ի հետ Հայաստանն այդ անցակետում պետք է առանձին պատուհան ունենա, որպեսզի հնարավոր լինի ավելի արագ լուծել փաստաթղթային հարցերը: Այլապես, ԵԱՏՄ-ում Հայաստանի գտնվելու առավելությունը ո՞րն է, երբ մեր մեքենաները ադրբեջանական եւ վրացական մեքենաների հետ նույն կերպ հերթ են կանգնած Վրաստանի եւ ՌԴ-ի միջեւ գտնվող նեյտրալ տարածքում: Սա այն գլխավոր լուծումներից է, որը կօգնի Հայաստանին` հերթերից ու նման խնդիրներից խուսափելու»:

Ընկերությունն, ի դեպ, այս առաջարկը ներկայացրել է ՀՀ կառավարությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031