Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին դատարկվում է

Հուլիս 07,2015 21:15

Ամեն օր երեկոյան ժամը 19.00-ից սկսած շրջելով Գյումրու կենտրոնական հատվածներով՝  կարելի է ականատես լինել, թե ինչ արագությամբ է դատարկվում հանրապետության երկրորդ քաղաքը: Երեկ մեր ֆոտոխցիկը ֆիքսեց Գյումրիի Չուլոշնի կոչվող շենքի դիմացից Ռուսաստան մեկնողներին: Այս պատկերը նույն վայրում նույնությամբ կրկնվում է ամեն օր:

IMG_9491

Նույն ժամին առավել տխուր, մտահոգիչ տեսարանի կարելի է հանդիպել Շառլ Ազնավուրի հրապարակում, երբ Ռուսաստանի տարբեր քաղաքներ մեկնող մեքենաների թիվը հասնում է մոտ տասնյակի:

Aravot.am-ը ազգագրագետ Արտաշես Բոյաջյանից հետաքրքրվեց, թե կա՞ն որոշակի ուսումնասիրություններ՝ ամեն օր քանի՞ հոգի է լքում Գյումրին: «Ես ձեզ մի թվային տվյալ կարող եմ բերել, որը չասեմ սենսացիոն, բայց մտածելու մեծ տեղիք է տալիս: Վերջերս ես արխիվի նյութերը նայում էի, ուրեմն 37 թվականին Լենինական քաղաքում աշակերտների՝ 7-16 տարեկանների թիվը կազմել է 11 հազար, այժմ մեզ մոտ դպրոցականների թիվը կազմում է 14 հազար: Այն դեպքում, երբ 39 թվականի մարդահամարի տվյալներով, Լենինականի բնակչության թիվը եղել է 67 հազարից մի քիչ ավելի, իսկ այժմ պաշտոնական տվյալներով տալիս են 119-140 հազար, բայց իրականում այդքան չէ:

Տեսեք մենք ինչքան հետ ենք գնացել, ունենք այնքան բնակչություն, որքան 30-40-ական թվականներին, դա արդեն ամեն ինչ ասում է: Արտագաղթի պատճառը ո՞րն է, արտագաղթի պատճառը միայն աշխատատեղերի բացակայությունը չէ, երբ ակտիվ, որակյալ երիտասարդները չեն կարողանում աշխատանք գտնել, նորմալ չեն վարձատրվում: Այսինքն` ստեղծվել է մի այնպիսի համակարգ, որը ոչ թե նպաստում է երկրի զարգացմանը, այլ խոչընդոտում է այդ զարգացմանը, եւ այդ համակարգը ստեղծողը իշխանություններն են, ժողովուրդն էլ մասնակցություն ունի այդ համակարգի ստեղծմանը, ժողովրդին չպետք է մի կողմ դնենք: Այս երիտասարդությունը՝ «Ոչ թալանին» խմբի երիտասարդությունը, ուզում է փոխել ստեղծված համակարգը, բայց ոչ թե «Սերժ հեռացիր» բացականչելով, այլ ճնշումների, հարկադրանքի, խաղաղ ցույցերի միջոցով եւ ինչքան շատ ժողովուրդ համախմբի այդ երիտասարդության շուրջը, այնքան մենք կունենանք մեծ հաջողություններ: Այս երիտասարդների վերջին ընդվզումը ցույց է տալիս, որ Հայաստանում դեռեւս կարելի է ինչ-որ բան շտկել», -ասաց ազգագրագետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031