Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք հայ երաժիշտներ կմասնակցեն Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթին

Հուլիս 07,2015 22:25

Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաներ Արթուր Գրիգորյանը (դաշնամուր), Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ) և Դիանա Ադամյանը (ջութակ) դեկտեմբերի 5-15-ը Նովոսիբիրսկ քաղաքում կմասնակցեն Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթին:

Իսկ մինչ այդ, մրցույթի եզրափակիչ փուլ անցած հայ պատանիները՝ Արթուրը, Անդրանիկը և Դիանան, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր մասնակցեցին Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթի հայաստանյան ամփոփիչ համերգին:

Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը համերգին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ հույս հայտնեց, որ իր ղեկավարած դպրոցի սաները Նովոսիբիրսկից հաղթանակով կվերադառնան. «Մեր երեխաները միջազգային մրցույթների դափնեկիրներ են,- ասաց նա,- ինչ վերաբերում է Հայաստանի և մրցույթի կազմակերպիչների համագործակցությանը, հուսով եմ՝ այն շարունակական կլինի»:

Ի դեպ, ասուլիսի ավարտին Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիրների ընկերակցության գլխավոր տնօրեն Անդրեյ Շչերբակը և Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Անդրեյ Շչերբակն ասաց, որ իրենք կաջակցեն Երևանում իրականացվող նախագծերին, իսկ Երևանի Չայկովսկու անվան դպրոցը կլինի մրցույթի ներկայացուցիչը Հայաստանում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031