Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանել վիշապին

Հուլիս 09,2015 10:00

Կրկին ուզում եմ հիշեցնել մի հին պատմություն. մոտ 18 տարի առաջ՝ 1997-ի ամռանը, «Առավոտի» թղթակիցը դիմեց ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանին ինչ-որ հարցով: Վերջինս տարակուսեց. «Ինչո՞ւ եք աղբյուրի մասին հարցնում, հարցրեք աղբյուրի մոտ նստած վիշապի մասին»: Այսինքն՝ ընդդիմադիր գործչի ուշքն ու միտքը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին ինչ-որ վատ բան ասելն էր, մնացած հարցերը նրան չէին հետաքրքրում: Դրանից մոտ կես տարի անց Տեր-Պետրոսյանն այլեւս նախագահ չէր, Դավիթ Վարդանյանը տարբեր պաշտոններ ստացավ, բայց եթե համեմատություն անենք կոռուպցիայի եւ թալանի առումով, ապա ամենեւին ոչ սուրբ ՀՀՇ-ականները, իմ տպավորությամբ, պարզապես մանկապարտեզի երեխաներ են այն մարդկանց համեմատ, որոնք եկել էին նրանցից հետո:

Դա վատ է ինքնին, բայց ավելի վատն այն է, որ երբ 98-ից հետո որեւէ մեկը խոսում է «վիշապից» ու «աղբյուրից», անմիջապես կասկած է առաջացնում՝ արդյոք նա չի՞ ուզում զբաղեցնել «գործող» վիշապի տեղը եւ անձամբ «հագեցնել սեփական ծարավը»: Քաղաքական ուժերի վարքը հետագա 17 տարիների ընթացքում, մեղմ ասած, չի ցրել այդ կասկածները: «Կուսակցություն», «իշխանություն», «ընդդիմություն» բառերը շատերի մոտ ներքին դիմադրություն են առաջացնում: Բոլոր խնդիրները մեկ անձով պայմանավորելը՝ չնայած միանգամայն տեղավորվում է մեր քաղաքական մշակույթի «լավագույն ավանդույթների» մեջ, բայց նույնպես, կարծես թե, ապացուցել է իր անարդյունավետությունը: Այսօր խոսել այնպես, ինչպես 90-ականներին խոսում էին ԱԺՄ-ականները՝ փոխելով միայն անունները… չգիտեմ, գուցե «ռետրո» ժանրից է:
Եվ ահա եկան 20-25 տարեկանները, որոնք այդ ամենի մասին առնվազն լսել էին եւ ասում են՝ «մենք չենք ուզում ձեզ կրկնել»: Ծայրահեղական մոտեցում է, գուցե սխալ, բայց՝ հասկանալի: Հիմա մի մասն ասում է՝ «գտնենք չվարկաբեկված կուսակցականների» (ինչը շատ դժվար է), մյուսն ասում է՝ «ընդհանրապես հրաժարվենք պայքարի քաղաքական գործիքներից» (ինչն անհնարին է): Չեմ պատրաստվում որեւէ բան առաջարկել այս պայմաններում, առանց այդ էլ կողքից խորհուրդ տվողները շատ են:

Փոխարենը հիշեցնեմ «վիշապի» պատմությունն այնպես, ինչպես այն ներկայացված է Եվգենի Շվարցի պիեսում եւ դրա հիման վրա նկարահանված ֆիլմի Գրիգորի Գորինի սցենարում: Նրանք, ովքեր տեսել են պիեսը կամ ֆիլմը, տեսականորեն համաձայն են, որ վիշապն ամեն մեկիս մեջ է, եւ քանի այդպես է, ցանկացած «ասպետ», որը կսպանի վիշապին, ինքը հաջորդ իսկ պահին վիշապ կդառնա: Բայց գործնականում մենք չենք ուզում մեր անհատական «վիշապությունից» հրաժարվել եւ ասում ենք՝ «թող հըլը այսինչն ու այնինչը հրաժարվեն, հետո ես կմտածեմ»:

Ինչ մնում է քաղաքական գործիչների եւ քաղաքագետների առաջարկներին, ապա նույն Մարկ Զախարովի ֆիլմում կա հրաշալի մի ռեպլիկ. «Մեր զորավարները մանրակրկիտ ձեւով մշակել են նախորդ ճակատամարտի ծրագիրը»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարդ says:

    Այս պատմության մեջ մենակ մի բան անհայտ մնաց թե էտ վիշապը քանի գլխանի էր ?

  2. gib.gibindus says:

    Արդեն չեմ հասկանում, թե ինչի մասին եք գրում`պարզապես հիշեցնեմ.
    “…ովքեր տեսել են պիեսը կամ ֆիլմը…” – տեսնում են ներկայացումը: Պիեսը կարդում են:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031