Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան կայծակնային պատերա՞զմ, թե՞ Սարգսյան-Ալիեւ հանդիպում

Հուլիս 09,2015 15:00

ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման
հարցում Մոսկվան ստացե՞լ է Բաքվի համաձայնությունը

Ռուսաստանյան Tass գործակալությունը հուլիսի 7-ին հրապարակեց Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրությունն այն մասին, որ «Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովը՝ հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իգոր Տուրչենյուկի ղեկավարությամբ, հանկարծակի սկսել է ստուգել Հայաստանում ռուսական ռազմաբազայի մարտական պատրաստվածությունը»:

Հանկարծակի ստուգման ընթացքում, ըստ օկրուգի մամուլի ծառայության տեղեկատվության, հանձնաժողովը կուսումնասիրի Էրեբունու շրջանի փրկարարական ուժերի եւ Գյումրիի ռազմաբազայի կայազորի մարտական վիճակում հանձնարարություններ կատարելու պատրաստվածությունը: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի գործնական գործողությունների հարցերին. տագնապով վերկաց, բազայի ստորաբաժանումների մեկնում նշված տարածքներ, ինչպես նաեւ ուսումնամարզական առաջադրանքների իրականացում բարձր լեռնային զորավարժարաններում: Հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ ստորաբաժանումների գործողություններին հետեւելու են «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքով տեսանկարահանման միջոցով:

Հայաստանում ռուսական ռազմաբազայի մարտական պատրաստվածության ստուգումը տեղի է ունենում ուշագրավ փուլում: Պաշտոնական Երեւանը դեռ ամիսներ առաջ չէր բացառել, որ Բաքվի Եվրոպական խաղերից հետո Ադրբեջանն ակտիվացնի իր գործողությունները:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մայիսին Tert.am-ին տված հարցազրույցում ուշագրավ դիտարկում էր արել. «…Իսկ ո՞վ է ասում, որ 1994թ. ստեղծված անվտանգության գոտին Ադրբեջանի ներկայիս սպառազինվածության պայմաններում բավարար է իր դերը կատարելու համար: Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձեւավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է։ Մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ: Բաքվում կանցկացվեն օլիմպիական խաղերը, հայկական ուժերը ի ցույց կդնեն իրենց զսպվածությունը մինչեւ դրանց ավարտը… Եվ այսօր էլ զսպվածություն են ցուցաբերում, ինչը ակնհայտ տեսանելի է՝ մենք չենք սադրում, չենք սրում իրավիճակը»:

Հայաստանը Ռուսաստանից գնած զենքը կտեղակայի Լեռնային Ղարաբաղում՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը: Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հունիսի 26-ին, ինչպես հայտնի է, ստորագրվեց 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիր, որը նախատեսվում է օգտագործել ՌԴ-ից զենք գնելու համար: Այս առնչությամբ Հ. Հաջիեւն ասել է. «Օկուպացված տարածքներում միջազգային իրավունքի խախտմամբ այդպիսի զենքի տեղակայումը կարող է լրջորեն վնասել հակամարտության կարգավորման գործընթացին… Մենք հաստատակամորեն պնդում ենք այն դիրքորոշումը, որ այդ զենքը չպետք է տեղակայվի Հայաստանի կողմից Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում»:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ՌԴ-ի հատկացրած 200 միլիոն դոլար վարկով Հայաստանը այդ երկրից ձեռք է բերելու նաեւ հեռահար սպառազինություն: Նա ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է շրջանառվող տեղեկատվություններն այն մասին, թե Հայաստանը Ռուսաստանից գնելու է «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ. «Ձեռք է բերվելու նորագույն զինտեխնիկա, սպառազինություն ե՛ւ հարձակողական, ե՛ւ պաշտպանական բնույթի, ինչպես նաեւ նոր սարքավորումներ: Ընդհանրապես բանակի վերազինման լայնածավալ ծրագրի շրջանակներում է այս ամենը»: Բանակի հետագա վերազինմանն ու արդիականացմանը վերաբերող հարցին Ա. Հովհաննիսյանը նշել է. «Զինված ուժերը մինչեւ այդ 200 միլիոնն էլ սպառազինվում էր եւ շարունակելու է սպառազինվել: Միայն այդ վարկով չէ, որ բանակի սպառազինման ծրագիրն իրականացվում է»:

Հուլիսի 2-ին ռուսաստանյան ՁՈրր գործակալությունը, հղում կատարելով Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության բնագավառի անանուն աղբյուրին, հայտնեց, որ Մոսկվան Երեւանի հետ բանակցություններ է վարում «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռային համալիրներ մատակարարելու շուրջ: Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Իսկանդեր» հրթիռային համալիրները ունեն մի քանի տեսակներ, եւ «Իսկանդեր-Մ»-ը, որի հեռահարությունը հասնում է մինչեւ 500 կիլոմետրի, նախագծված է եղել ռուսաստանյան զինված ուժերի համար: Եթե գործարքը պաշտոնապես հաստատվի, Հայաստանը Ռուսաստանից հետո կդառնա երկրորդ երկիրը, որը կունենա «Իսկանդեր» հրթիռային համալիրներ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գտնվում են Վաշինգտոնում՝ Պետդեպարտամենտում, Պենտագոնում ու Ազգային անվտանգության խորհրդում հանդիպումներ անցկացնելու համար: Ուորլիքը մանրամասնել է, որ այդ հանդիպումներում քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:

Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրին՝ նշել էր. «Ադրբեջանում գործընկերների հետ միասին բանակցություններ ենք վարում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար: Տվյալ ուղղությամբ գործընկերների հետ աշխատում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ոչ վաղ անցյալում կային նոր հնարավորություններ: Դիտարկվում է տարածաշրջան համանախագահների այցի հնարավորությունը: Ներկայումս հիմնական նպատակը երկու երկրների նախագահների հանդիպում կազմակերպելն է եւ հակամարտությունը մեռյալ կետից, այսինքն՝ ներկայիս վիճակից առաջ մղելն է»,- ասել էր նա:

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ անկախության օրվա առթիվ նախագահ Բարաք Օբամային ուղղված շնորհավորական նամակում նաեւ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը. «Մենք նաեւ մեծ հույսեր ունենք, որ հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման, Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման եւ ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի գործում Միացյալ Նահանգների ջանքերը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, եւ Ձեր անձնական ջանքերը, պարոն նախագահ, շուտով արդյունք կտան»:

Թե ինչ ակնկալիքներ ունի Ալիեւը ողջ աշխարհից՝ դա նորություն չէ: Սակայն ներկա պահին իրավիճակը ամենեւին էլ Ադրբեջանի օգտին չէ: Արեւմուտքը գրեթե առիթ բաց չի թողնում Ալիեւի ռեժիմին հարվածներ հասցնելու համար: ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում ձայների 140 «կողմ», 13 «դեմ», 8 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունված` «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցի նախնական տարբերակում տեղ էր գտել «Լեռնային Ղարաբաղի եւ յոթ այլ շրջանների գրավումը Հայաստանի կողմից» եզրույթը: Սակայն ԵԽԽՎ-ն ընդունեց զեկույց առանց «Լեռնային Ղարաբաղի եւ յոթ այլ շրջանների գրավումը Հայաստանի կողմից» եզրույթի: Այս փաստը խիստ զայրացրեց պաշտոնական Բաքվին, Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնիսկ սպառնաց դուրս գալ ԵԽ-ից: Այժմ էլ Մեծ Բրիտանիան է հայտնվել Ադրբեջանի դժգոհության «տեսադաշտում», քանի որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրվել է Լոնդոնում Chatham House-ի միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայանալիք միջոցառմանը։

Օրերս ադրբեջանական զինուժը մոտ կես ժամ գնդակոծել է Բերդավան գյուղի պաշտպանական դիրքերը: Մի կողմից՝ հստակ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է այս պահին գոնե պահել Ղարաբաղյան կարգավորման մենեջմենթը, բանակցային գործընթացի փակուղային իրավիճակը բացառել, Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպել, բայց մյուս կողմից, կարծես, ստեղծվել են նպաստավոր պայմաններ ղարաբաղյան բլից-կրիգի` կայծակնային պատերազմի բռնկման համար:

Ռուսաստանը, որը վերջին շրջանում ապացուցել է, որ Ղարաբաղյան կարգավորման եռակողմ բանակցություններ կարող է հեշտությամբ կազմակերպել, երբ դա անհրաժեշտ է, թեեւ առանց որեւէ արդյունքի, նույն «հաջողությամբ» կարող է ինչ-որ պահից ընդունելի տարբերակ համարել ղարաբաղյան ճակատում կարճատեւ թեժացումը, որպեսզի դրա արդյունքում Հարավային Կովկասում նոր «դիրքեր» գրավի:
Մոսկվան զինում է ե՛ւ հայկական կողմին, ե՛ւ ադրբեջանական, հետեւաբար նա կարող է նաեւ ցույց տալ, որ թե՛ ռազմական գործողությունների վերսկսումը, թե՛ խաղաղության հաստատումը դարձյալ իր տիրույթի հարց է:

Այժմ, երբ նկատելիորեն սրված են Ադրբեջանի հարաբերություններն արեւմտյան երկրների ու միջազգային կառույցների հետ, Ռուսաստանի համար կարծես ավելի բարենպաստ իրավիճակ է՝ «ղեկավարելու» կարճատեւ հնարավոր պատերազմը` բլից-կրիգը, եւ դրա արդյունքում «խաղաղություն» պարտադրել կողմերին:

Թերեւս միակ հարցն այն է, թե ինչի դիմաց Մոսկվային ձեռնտու կարող է լինել ղարաբաղյան բլից-կրիգը: Եթե այդ գինը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումն է, ապա այս հարցում Մոսկվան պետք է ստանա Բաքվի համաձայնությունը: Եթե Մոսկվան ունի այդ համաձայնությունը Բաքվից, ապա առաջ է գալիս մեկ այլ խորքային հարց` իսկ ինչպե՞ս կարող է այդ գաղափարն ընդունել Արեւմուտքը… Հարցն, իհարկե, հռետորական է, պատասխանը պարզ է բոլորին, եւ հենց այդ պատասխանի համատեքստում էլ չի կարելի բացառել կարճատեւ պատերազմը ղարաբաղյան ճակատում:

Եթե մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվի կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպում՝ գոնե ցույց տալու համար, որ ղարաբաղյան բանակցությունները շարունակվում են, ապա այս փուլում նույնիսկ մի անպտուղ հանդիպման կազմակերպումը կարելի է որոշակի ձեռքբերում համարել:
Պուտինի հովանու ներքո եւս մեկ եռակողմ հանդիպման անցկացումը կնշանակի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը զիջել է ղարաբաղյան կարգավորման կառավարումը Մոսկվային` դրանից բխող բոլոր հնարավոր հետեւանքներով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031