21-ամյա աղջիկը մեղադրվում է 64 տարեկան տղամարդուց շորթում կատարելու մեջ

21-ամյա աղջիկը մեղադրվում է 64 տարեկան տղամարդուց շորթում կատարելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել 21-ամյա բնակչուհուն՝ արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նույն մարզի բնակչից շորթում կատարելու համար։

Քննությամբ պարզվել է, որ 21-ամյա աղջիկը 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ինտիմ հարաբերություններ է ունեցել Կոտայքի մարզի 1951 թ. ծնված բնակչի հետ։ Նշված հարաբերությունները հավաստող  տեսաձայնագրություններն աղջիկը  2014 թվականի հոկտեմբերի վերջերին ներկայացրել է զուգընկերոջը  և դրանք չհրապարակելու համար նրանից և վերջինիս որդուց պահանջել ու ստացել է 800.000 ՀՀ դրամ, ինչի դիմաց գրավոր պարտավորվել է ոչնչացնել տեսանկարահանումները։

Գումար շորթելու երկրորդ դեպքը տեղի է ունեցել  2015 թվականի հունիսի սկզբներին. նույն տեսաձայնագրությունները հրապարակելու սպառնալիքով աղջիկն այս անգամ տղամարդուց պահանջել է առանձնապես խոշոր չափի գումար՝ 20.000 ԱՄՆ դոլար, ինչի մասին տղամարդը գրավոր հաղորդում  է ներկայացրել իրավապահ մարմիններին։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ շորթման առաջին դրվագն աղջիկը կատարել է մոր հետ միասին։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել շորթման համար երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերի,182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ  կետի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Քննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք