Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Վեհաժողովը որպես «հաշիվ մաքրելու» տեղ

Հուլիս 15,2015 12:00

Այս պահին Արեւմուտքին ձեռնտու է «տարածքային ամբողջականությունը»

Անցած շաբաթ Հելսինկիում ավարտված ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը մեր մեկնաբաններին եւ քաղաքական գործիչներին հնարավորություն է տվել եւս մի քանի «քաղցր» բառ ասելու Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի մասին: Իրապես, նրա՝ տարիների ընթացքում, մեղմ ասած, փոփոխամիտ քաղաքական վարքը չի կարող առանձին համակրանք առաջացնել: Բայց տվյալ դեպքում խնդիրը, կարծում եմ, Գեղամյանի մեջ չէ:

Խնդիրն այն է, որ Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Խորհրդարանական վեհաժողովը, որտեղ անդամ երկրների պատգամավորները պետք է բանավիճեին անվտանգության եւ համագործակցության խնդիրների շուրջ, վերածվել է Ռուսաստանին «քլնգելու» միջոցառման: Ռուսաստանն, անշուշտ, իր վերջին տարիների վարքով «վաստակել է» պախարակման խոսքերը: Բայց եթե միջազգային ֆորումներն անցնում են առանց «պախարակվողի» մասնակցության, ապա դրանց իմաստն ու նշանակությունը էապես նվազում են:

Ռուսաստանը Հելսինկիում ներկայացված չէր ոչ իր մեղքով: Ֆինլանդիայի իշխանություններն արգելել էին վեհաժողովին մասնակցելու ցանկություն հայտնած Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի մուտքն իրենց երկիր, քանի որ նա, ինչպես նաեւ Պետդումայի մի շարք այլ պատգամավորներ, նույն Ուկրաինայի պատճառով Եվրամիության «պատժամիջոցների տակ են»: Բայց այդպիսի վեհաժողովները, գոնե տեսականորեն, երկխոսության համար են, ոչ թե «հաշիվ մաքրելու»: Գումարած դրան, ճիշտն ասած, չեմ նկատել, որ այս մեկուկես տարում Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները՝ հատկապես այս պատգամավորին այստեղ չթողնելը, այն արտիստին՝ այնտեղ չթողնելը, «փափկացրել» են այդ երկրի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում:

«Ռուսաստանի Դաշնության կողմից ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների եւ միջազգային նորմերի ակնհայտ, կոպիտ եւ չուղղված խախտումների շարունակության մասին»՝ այդպես է կոչվում թիվ 15` «հակառուսաստանյան» բանաձեւը: Ամեն ինչ ճիշտ է, չնայած նման վերնագրով բանաձեւ կարելի է ընդունել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Միացյալ Նահանգների եւ բազմաթիվ այլ երկրների վերաբերյալ: Ես թերթում հանգիստ կարող եմ գրել, որ Վեհաժողովի մեղադրանքները Ռուսաստանի հասցեին մեծ մասամբ արդարացի են: Բայց եթե ես լինեի Հայաստանը ներկայացնող պատվիրակ, ես իրավունք կունենայի՞ «կողմ» քվեարկել նման բանաձեւին: Հավանաբար՝ ոչ: Մեր պատվիրակներն էլ կողմ չքվեարկեցին:

Չմասնակցե՞լ քվեարկությանը, թե՞ «դեմ» քվեարկել ու նույնիսկ ելույթ ունենալ՝ դա մարտավարական խնդիր է: Թերեւս Արտաշես Գեղամյանը խնդիր ուներ Ռուսաստանին ավելի շատ հաճոյանալու, քան Ստեփան Մարգարյանը եւ Ստեփան Դեմիրճյանը, դրա համար էլ ավելի բուռն ձեւով պաշտպանեց ռազմավարական գործընկերոջը, քան դա անհրաժեշտ էր:

Բայց ասել, որ Վեհաժողովի՝ մեզ համար ոչ ձեռնտու 13-րդ բանաձեւով պատվիրակների մեծամասնությունը «վրեժ լուծեց» մեր պատգամավորներից՝ ռուսամետ դիրքորոշման համար, դա էլ, իհարկե, չափազանցություն կլիներ: Պարզապես Արեւմուտքին այս պահին ձեռնտու է, որ գերակշիռ լինի տարածքային ամբողջականության սկզբունքը, քանի որ նպատակ կա Ռուսաստանին Ղրիմի, ինչպես նաեւ Դոնեցկի ու Լուգանսկի հարցերում «սխալ հանելու»: Եթե, ասենք, լիներ Կոսովոյի ժողովրդի ինքնորոշման խնդիրը, բանաձեւը կգրվեր ճիշտ հակառակ ձեւով: Վրաստանի, Մոլդովայի հարցում նույնպես Վեհաժողովը, ընդգծելով տարածքային ամբողջականությունը, ցանկանում է հակադրվել Ռուսաստանի կայսերապաշտական հավակնություններին: Ղարաբաղը, որն Արեւմուտքին ավելի քիչ է հետաքրքրում, մտավ այդ ընդհանուր կաթսայի մեջ: Իրականում, եթե Վեհաժողովի պատվիրակներն անկեղծ լինեին, ապա նրանք պետք է ընդունեին միայն մի բանաձեւ՝ միջազգային պարտավորությունների եւ իրավունքի չգոյության մասին:

…40 տարի առաջ 1975 թվականի օգոստոսի 1-ին 33 երկրների ղեկավարները Հելսինկիում ստորագրեցին Անվտանգության եւ համագործակցության խորհրդակցության եզրափակիչ ակտը: Նույն սեղանի շուրջ նստած էին Լեոնիդ Բրեժնեւը, Ջերալդ Ֆորդը, Էրիխ Հոնեկերը, Հելմուտ Շմիդտը եւ ուրիշներ: 40 տարում աշխարհն ավելի անվտանգ եւ «համագործակցային» չդարձավ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031