Լրահոս
Օրվա լրահոսը

Ծերունին, որը փնտրում էր Եփրատ գետը

Հուլիս 15,2015 18:55

Դրամատուրգ, դերասան, լրագրող Ռուբեն Փաշինյանն իր «Տղա´ս, ո՞ւր է Եփրատը» պատմվածքի հիման վրա նկարահանած համանուն ֆիլմն այս տարի ներկայացրել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի «Մենք կանք» ծրագրում:

Կարճամետրաժ ֆիլմը (15 րոպե) յուրովի անդրադարձ է Հայոց ցեղասպանությանը: «Ես մասնագիտությամբ ռեժիսոր չեմ և երբևէ չեմ մտածել այս ֆիլմը ներկայացնել որպես կինոռեժիսոր: Սա իմ՝ որպես հայի և որպես քաղաքացու խոսքն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռ. Փաշինյանը:

Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ից Հայաստան այցելած հայ ծեր զբոսաշրջիկի մասին, որն ապարդյուն փորձում է իր ուղեկցորդից պարզել, թե որտեղ է Եփրատ գետը: Հարցը վերաճում է զրույցի, թե ինչ է հայրենիքը, որտեղ է Հայաստանը, և ինչ երաշխիքներ ունի հայ ընտանիքի ապագան:

Եփրատը փնտրող ծերունու կերպարը ֆիլմում մարմնավորել է Վիգեն Ստեփանյանը, իսկ Ռուբեն Փաշինյանը հանդես է գալիս ուղեկցորդի դերում:

Ֆիլմում Եփրատը փնտրող ծերունին Քասախ, Զանգու, Արփա և այլ գետերի մոտով անցնելիս անհամբեր հարցնում է ուղեկցորդին՝ սա Եփրա՞տն է: Ուղեկցորդը բացատրում է ծերունուն, որ Եփրատը Արևմտյան Հայաստանում է, իսկ իրենք Արևելյան Հայաստանում են, բայց, միևնույն է, ծերունին շարունակում է հարցնել: Միայն որոշ ժամանակ անց է ուղեկցորդը մտաբերում, որ ծերունու մեջ այդ հարցն առաջացավ այն ժամանակ, երբ զբոսաշրջիկների ավտոբուսն անցնում էր Ցեղասպանության հուշահամալիրի կողքով:

Արփա գետի մոտ արդեն ծերունին հստակեցնում է. «Մայրս, հայրս, քույրերս, եղբայրս Եփրատով գնացին այնտեղ, իսկ ես այստեղ եմ: Աղջիկներս, թոռներս էլ այստեղ են: Փա´ռք տիրոջը, որ նրանք իրենց մոր կողքին մեծացան, մայրական քնքշանք տեսան, իսկ ես չտեսա: Ի՞նչ քնքշանք որբանոցի մեջ… Որքա՜ն մարդ մահացավ այն ժամանակ Եփրատի մեջ՝ հղի կանայք, ծերեր, երիտասարդ մայրեր, որոնք իրենց նորածիններին սեղմում էին իրենց կրծքին ու նետվում Եփրատի մեջ, որ թուրքին բաժին չդառնան… Բոլոր սպանվածներին ջուրն էին նետում. այս գետը դարձավ նրանց վերջին ապաստանը, գերեզմանը, բայց ջուրն ավելի մաքրեց նրանց: Թուրք գազանը պղծեց նրանց, ստորացրեց, սակայն այս սուրբ ջուրը մաքրեց, նրանք սրբացան այս ջրի մեջ և ջրի ճամփով էլ գնացին Տիրոջ մոտ…»:

Հավելենք, որ Ռ. Փաշինյանը պատրաստվում է «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմը ներկայացնել ԱՄՆ-­ի և Ռուսաստանի հայկական համայնքներում: Ֆիլմն արդեն ներկայացվել է Բելգիայում: Այն այնտեղ է տարել Վիգեն Ստեփանյանը: Արձագանքները դերասանին շատ են ոգևորել. «Վիգենը զանգահարեց և ասաց՝ գիտե՞ս, Ռուբեն, շատ լավ կինո ենք նկարել»,- պատմեց Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ֆիլմը հիմա ներկայացված է մի շարք փառատոների, բայց չցանկացավ մանրամասնել, քանի որ դեռ վերջնական պատասխան չի ստացել:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031