Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայանը կասկածում է, որ Ուորլիքը նման հայտարարություն է արել

Հուլիս 18,2015 15:00

Իսկ ՀՀ իշխող վերնախավի հանգստությունը նորմալ է համարում

Մոսկվայում երկօրյա այցով գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը օրերս ծավալուն հարցազրույց է տվել «Վեդոմոստիին», որտեղ արտահայտված մտքերը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում մտահոգության առարկա են դարձել: Ուորլիքը հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են հուլիսի վերջին դարձյալ այցելել Լեռնային Ղարաբաղ: Հենց ազատագրված շրջանների կարգավիճակի շուրջ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշման մասին ամերիկացի համանախագահի հնչեցրած կարծիքն է հայաստանյան ու ղարաբաղյան քաղաքական շրջանակներում մտահոգության առարկա դարձել: Նա մասնավորապես ասել է. «Գրավված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը՝ համապարփակ կարգավորման շրջանակում: Այստեղ կարեւոր է չկենտրոնանալ կարգավորման սկզբունքի մեկ կամ մյուս տարրի վրա: Տարածքները պետք է վերադարձվեն, սակայն կան նաեւ այլ գործոններ: Այդ պատճառով էլ մենք խոսում ենք համապարփակ կարգավորման մասին»: Կարգավորման մեխանիզմների մասին ամերիկացի համանախագահն այսպիսի դիրքորոշում ունի. «Եթե ու երբ տարածքները վերադարձվեն, ապա հարկավոր կլինի տեղակայել միջազգային խաղաղարար ուժեր Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու նպատակով»:
Թեեւ ղարաբաղյան իշխող քաղաքական շրջանակներում այս հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել, հայաստանյան իշխանական շրջանակներում հարցին ավելի հանգիստ են նայում:

ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շտապել է հանգստացնել ու իր դիրքորոշումը հայտնել ամերիկացի համանախագահի հայտարարությունների վերաբերյալ. «Ջեյմս Ուորլիքի մեկնաբանությունը պետք չէ կոնտեքստից հանել: Ավելին՝ այդ հայտարարությունից իմ տպավորությունը լրիվ այլ է՝ Ուորլիքը բառացի ասում է, որ նաեւ կողմերը պետք է գան համաձայնության: Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը մերժում է գոնե երեք սկզբունքներից երկուսը եւ խոսում միայն տարածքային ամբողջականությունից»: Ըստ Շարմազանովի`չկա եւ անթույլատրելի է մի տարրն առանձնացնել ու բանակցել դրա շուրջ, քանի որ գործընթացը պետք է լինի փաթեթային: Այնուհետեւ ՀՀԿ խոսնակը հիշեցրել է, որ ՀՀ իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե խնդրի լուծումը տեսնում են բացառապես բանակցությունների հիման վրա, այդ երեք սկզբունքների շրջանակներում:

«Առավոտը» ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ տարօրինակ չէ՞ այն, որ ՀՀ իշխող վերնախավի կարկառուն ներկայացուցիչը չի քննադատում Ուորլիքի հայտարարությունը: Նա պատասխանեց. «Երեւի պարոն Շարմազանովը նկատի ունի, որ ցանկացած հարց կարելի է քննարկել եւ գալ մի ընդհանուր հայտարարի: Եթե բանակցային գործընթացը վերականգնվի իր լիարժեք ձեւաչափով, Արցախը պատրաստ է քննարկել ցանկացած հարց, այդ թվում նաեւ սահմանների, բայց մտապահելով մեկ բան, որ չկա վերադաս ատյան, այդ թվում նաեւ՝ սահմանների կարգավիճակի առումով: Արցախը երբեք չի կարող դառնալ Ադրբեջանի կազմում մի մաս, չի կարող ունենալ սահմաններ, որոնց ներքո ինքը կենսունակ չէ որպես անկախ պետություն: Արցախի Հանրապետության սահմանները 1991-ի դրւթյամբ այդպիսին էին, ուստի Ադրբեջանի ուզածն էլ դա է, որ կոտորած կազմակերպի եւ հարցը կազմակերպի ռազմական ճանապարհով: Սա ոչ թե ամբիցիաների հարց է, այլ բուն հասարակական անվտանգության խնդիր:

Ո՞նց եք պատկերացնում՝ ադրբեջանցին Բերձորում կանգնած լինի, իր վերահսկողության տակ պահի Քարվաճառը, որտեղ մեր ջրային պաշարներն են սկիզբ առնում՝ Արփան ու Որոտանը, թունավորի Սեւանա լիճը: Մենք ընդամենը ուզում ենք նորմալ կյանք մեր սերունդներին, անվտանգություն: Ադրբեջանն էլ պետք է սա հասկանա: Մենք նույն այդ սահմաններն ունեցել ենք, բայց Ադրբեջանը թունավորել է մեր ջրերը, կոտորել մեզ: Փոխանակ մենք մտածենք հակամարտության պատճառների վերացման մասին, Ադրբեջանը փորձ է անում հետեւանքներից սկսել»: ՀՀ քաղաքական շրջանակների արձագանքի մասին պարոն Բաբայանն ասաց. «Ընդհանրապես սահմանների հարցը Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է: ՀՀ-ն ստիպված վարում է այդ բանակցային գործընթացը, քանի որ այլընտրանքը ավելի վատ է, քան նույնիսկ այս խեղաթյուրված ձեւաչափով բանակցություններ վարելը: Ուստի այդպես էլ պիտի լիներ, քանի որ խնդիրը Արցախին եւ Ադրբեջանին է վերաբերում: Իհարկե, Արցախի սահմաններից եւ ապագայից կախված է նաեւ ամբողջ հայության ճակատագիրը»:

Մեր այն դիտարկմանը՝ Ուորլիքի՝ այս տրամադրվածությամբ հուլիսյան այցելությունն ավելի չի՞ վնասի բանակցային գործընթացին, պարոն Բաբայանն ասաց. «Հասուն մարդիկ ենք, եւ պետությունն ու քաղհասարակությունը զարգացած է այն աստիճան, որ դա նորմալ ընկալի: Անգամ կասկածելի էլ է, որ նա նման հայտարարություն արել է: Գուցե Ադրբեջա՞նն է տարածել իր խողովակով: Գաղափարն է այստեղ էական, այլ ոչ թե՝ ում միջոցով է սա տարածվել»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031