Լրահոս
Օրվա լրահոսը

Բալետային երեկոները «վերադառնում» են

Հուլիս 23,2015 13:30

Արտասահմանցի արտիստներն էլ են
տպավորված խառատյանական աշխատաոճով

Կային ժամանակներ, երբ երեւանյան մշակութային օջախներում հաճախակի էր օպերային եւ բալետային երեկոների անցկացումը: Դրանց միջոցով հանդիսատեսին հնարավորություն էր ընձեռվում ունկնդրել արիաներ, զուգերգեր, դիտել մենապարեր, զուգապարեր համաշխարհային օպերային եւ բալետային, ինչպես նաեւ ժամանակակից հայ հեղինակների այն ստեղծագործություններից, որոնք հազվադեպ կամ ընդհանրապես բացակայում են ոչ միայն մեր, այլեւ ճանաչված օպերային թատրոնների խաղացանկերից: Նման երեկոները պահանջված էին հայ հանդիսատեսի կողմից: Վերջին շրջանում կարծես թե այդ համերգները «վերադառնում» են:

Օրերս Ազգային օպերային թատրոնում լեփ-լեցուն հանդիսասրահով կայացավ բալետի երեկո, որ նախաձեռնել էր խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը: Մասնակցեցին ոչ միայն բալետի հայ արտիստներ, այլեւ հրավիրյալ պարողներ Ճապոնիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Իսրայելից: Դասական եւ ժամանակակից բալետային ներկայացումներից հատվածներով հանդես եկած արտիստներին հանդիպել էինք ըստ Նարեկացու «Մատյան ողբերգության» (երաժշտությունը՝ հավաքական)՝ մայիսի 27-ին կայացած խառատյանական «Զույգ արեգակներ» ներկայացման մեջ: Հիշեցնենք, որ հայաստանյան իրականությունում սա առաջին միջազգային բալետային խումբն է, որտեղ արտերկրից հրավիրված արտիստները աշխատում են 9-ամսյա պայմանագրով, որը լրանում է հոկտեմբերի 9-ին:

balet_1

«Առավոտի» հետ զրույցում Ռուդոլֆ Խառատյանը ներկայացրեց բալետային նման միջազգային խմբերի աշխատաոճը. «ԱՄՆ-ում նման խմբերը ստեղծվում են 36-40 շաբաթվա ժամանակահատվածով: Այդ ընթացքում, բացի ներկայացման պրեմիերայից, տարբեր երկրներից հրավիրված արտիստների մասնակցությամբ կայանում են նաեւ բալետային երեկոներ»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ երեւանյան այս բալետի երեկոն պատրաստվում են ներկայացնել Արցախում, Գյումրիում, Վանաձորում, հնարավոր է նաեւ օգոստոսին՝ Դիլիջանում: Ռեպլիկին՝ փաստորեն նման խմբերն աշխատում են առանց հանգստի, խորեոգրաֆը հակիրճ պատասխանեց՝ միանշանակ, այո: Այնուհետեւ պարոն Խառատյանը հավելեց, որ 9 ամսով կնքած պայմանագրի ընթացքում խմբերը մեկնում են շրջագայությունների: Օրինակ` իրենք սեպտեմբերի 12-13-ին Երեւանում դարձյալ հանդես կգան «Զույգ արեգակներ» ներկայացմամբ, իսկ հետո կմեկնեն Իտալիա, որտեղ «Արենա դի Վերոնա» հեղինակավոր ամֆիթատրոնում սեպտեմբերի 24-ին նշանակված է իրենց ելույթը:

Ռուդոլֆ Խառատյանը հայտնեց նաեւ, որ մեր իրականությունում առաջին անգամ կանցկացվի դրամահավաք-միջոցառում: Առանց մանրամասնելու՝ նա ասաց. «Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը ձեռնամուխ է եղել բալետային խմբի մասնակցությամբ «Remission» ֆիլմի աշխատանքներին»:

Մեզ հետ զրույցում ճապոնացի Յուտա Կավակամին հայտնեց, որ սովորել է իր հայրենիքում, ապա Կանադայում, պայմանագրային հիմունքներով աշխատել է 4 տարբեր խմբերում, այդ թվում նաեւ՝ ջազ-բալետում: Նա տպավորված է Հայաստանով, մեր պարողներով, հանդիսատեսով: «Գիտեմ, որ հայոց աշխարհը նախկինում շատ մեծ է եղել: Հիմա փոքր է, բայց այնքան մեծ, ջերմ սիրտ ունեք, ինչը զգացվում է նաեւ ներկայացման մեջ»,- ասաց Կավակամին:

balet_3

Միջազգային նախագծում ֆրանսուհի Մարի Գարնիեն առաջին անգամ է: Նախ՝ պարուհին գովեստի խոսքեր հղեց Խառատյանի հասցեին, հետո էլ ասաց. «Հավակնոտ նախագիծ էր (նկատի ունի «Զույգ արեգակները»), լավ էր մտածված` հայկական մշակույթը ներկայացնել պարարվեստի տարբեր ոճերում»,- հավելելով, թե «ներկայացման տոմսերը մատչելի են եղել Երեւանում. եթե նման բեմադրություն ներկայացվեր Ֆրանսիայում, ապա տոմսերի մեկնարկային գինը կլիներ 200 եվրո»:
Իսրայելում ուսում ստացած, ապա Կանադայում, Պորտուգալիայում կատարելագործված Թոմ Բարնեան նշեց, որ պայմանագրով աշխատել է Խորվաթիայում, Ռումինիայում, Սերբիայում, եւ ժպտալով հավելեց, իր խոսքերով՝ «Խառատյանը մեզ «քամում» է, ինչին սովոր չենք: Հայ բալետմայստերի աշխատանքային էսթետիկան տարբերվում է մյուսներից»:

ԱՄՆ-ից ժամանած Նիկոլ Ֆեոդորովի ձեւակերպմամբ` հետաքրքիր ներկայացում էր «Զույգ արեգակները»: Նա նշեց, որ հայկական թեմատիկային ու հայերին քաջածանոթ է, քանի որ իր հարեւանները հայեր են, եւ կցանկանար, որ այս նախագիծը նույն կազմով շարունակական լիներ:

Ֆրանսիայից ժամանած Ժան-Շարլ Դյումոնի համար առաջին պայմանագիրն էր, թեեւ իր երկրում նա մշտապես հանդես է գալիս տարբեր խմբերի հետ: «Ինձ համար պատիվ էր աշխատել Գերմանիայից ժամանած Արման Զազյանի, ԱՄՆ-ից` Ջոնաթանի հետ: Ձեր արտիստների տեխնիկան հասկանալի պատճառով նման է ռուսականին, թեեւ ինքս հարգում եմ ռուսական բալետը պարզ պատճառով՝ ուսուցչիս, որին պարտական եմ, դպրոցը նույնպես ռուսական էր»,- ասաց Դյումոնը:

Մեր զրուցակիցներին հարցրինք, թե ի՞նչ կարծիք են կազմել Երեւանի Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում իրենց դիտած ներկայացումներից: Բոլորի պատասխանը հետեւյալն էր՝ հիացել են խաչատրյանական «Սպարտակով» ու «Գայանեով»: Ինչ վերաբերում է «Դոն Կիխոտին» կամ մյուս ներկայացումներին, արտերկրյա արտիստները միայն ասացին, թե իրենց մոտ ու արտերկրում այնքան են դիտել դասական բալետային նմուշներ, որ զուգահեռներ, նմանություններ, լավ ու վատ կողմեր չէին ուզենա առանձնացնել:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031