Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ հայերի օրորոցային վրեժի մասին (Տեսանյութ)

Հուլիս 24,2015 17:10

«Ժամանակակից ժողովրդագրական իրավիճակում Հայաստանի ապագային ուղղված ամենամեծ գործունեությունը, որ մենք պետք է անենք եւ մեր անվտանգությունն ապահովենք, դա օրորոցային վրեժի մեջ է: Որքան շատ լինեն օրորոցները, շատ երեխաներ ծնվեն, այնքան մենք ավելի հզոր կլինենք, հետո կմտածենք, մեր պապական Հայկական լեռնաշղթայի մասին»- այսօր «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարը հորդորեց սփյուռքահայ երեխաներին, որ եթե հարցեր ունեն, չկաշկանդվեն: Կիպրոսից ժամանակ երեխաներից մեկը նախարարին հարցրեց, թե «Վիդեոյի մեջը տեսած եմ, դուք այստեղ ձեր օդակայանն ունի՞ք»: Երեխան հավանաբար նկատի ուներ սեփական օդանավ եւ օդակայանը: Բայց նախարարը երեխային պատասխանեց, որ իհարկե, օդակայաններ էլ ունենք, նաեւ ունենք օդանավեր, որոնք Հայաստանի ԶՈՒ-ի եւ ռազմաօդային ուժերի մաս են կազմում, նաեւ ունենք հակաօդային պաշտպանություն, որի միջոցով հակառակորդի 20-ից ավելի օդուժի միջոցներ են ոչնչացվել:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, նախարարն ասաց, որ Թուրքիան օգնում է Ադրբեջանին. «Հայկական բանակը Ադրբեջանի հետ կռվելու որեւէ խնդիր չունի, մենք պատրաստ ենք: Բայց երբ Թուրքիայի աջակցությունը կա, դրա համար գոյություն ունի ՀԱՊԿ եւ ՌԴ-ի բազան, որը ՀՀ-ում է գտնվում եւ մենք համատեղ իրականացնում ենք մեր պաշտպանությունը: Երկու գործոն կա, որոնք ապահովում են հաղթանակը, մեկը մարդն է, մեկը՝ զենքը: Մենք այսօր մեծ աշխատանք ենք տանում, որպեսզի ժամանակակից տեխնիկա ունենանք, որոնք հեռու կրակող են, բայց յուրաքանչյուր զենք գործածում է հայ զինվորը: Եթե մենք ասելու լինենք, թե որն է ամենազորեղ կողմը հայկական բանակի, դա մարդն է, զինվորն է ու նրա մարտական ոգին»:

Սփյուռքահայ երեխաներից մեկը հարցրեց նախարարին՝ բոլորս էլ գիտենք, որ այս օրերին շատ լարված է իրավիճակը սահմանին եւ երկու կողմերից էլ մեծ թվով զոհեր կան, ինչպե՞ս եք փորձում դա կանխել: Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ առաջին հերթին պայմաններ են ստեղծում, որ զինվորը կարողանա խրամատներում լինեն եւ անվտանգ նայեն, թե հակառակորդը ինչ քայլեր է անում, նաեւ դիտարկման համակարգեր են ունենում. «Քանի որ հակառակորդը մշտապես փորձում է դիվերսիաներ անել, կրակել, մենք տարբեր համակարգեր ենք ստեղծում, որ հնարավորություն ունենանք նրանց հարձակումները, դիվերսիաները հետ մղել եւ անհրաժեշտության դեպքում նաեւ նրանց պատժել իրենց դիրքերում: Եթե նրանց կրակոցները դիպուկ չեն, անկանոն են, մենք չենք պատասխանում, բայց եթե դիպուկ են, փորձում ենք հայտնաբերել դիպուկահարին եւ ոչնչացնել»:

Հանդիպման վերջում Սեյրան Օհանյանը Հրանուշ Հակոբյանին հուշանվեր տվեց՝ Հայկական բանակի արծիվ խորհրդանշով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031