Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է տարածենք արևմտահայ գրականությունը». Էդվարդ Միլիտոնյան

Հուլիս 24,2015 20:33

Եղեռնազոհ 10 գրողների՝ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի, Երուխանի, Թլկատինցու, Գեղամ Բարսեղյանի, Տիգրան Չյոկյուրյանի և Արտաշես Հարությունյանի որոշ ստեղծագործություններ ընթերցողին են ներկայացվում մեկ գրքով:

Հայաստանի գրողների միությունում այսօր տեղի ունեցավ «Երկիրն է խոսում» թարգմանական ժողովածուների (ռուսերեն և գերմաներեն) շնորհանդեսը։

Ռուսերեն և գերմաներեն գրքերը լույս են տեսել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Ժողովածուների հրատարակման նախաձեռնությունը «Հայաստանի գրողների միավորում» ՀԿ-ինն է։

«Այս գրքերը ձեռքդ առնելիս երկու զգացում ես ունենում՝ մեծագույն ցավ, որ այդպիսի մեծ գրողների ենք կորցրել, և հպարտություն, որ այդպիսի մարդիկ ենք ունեցել»,- ասաց ժողովածուների առաջաբանի հեղինակ, գրականագետ Վազգեն Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ նոր լույս տեսած ժողովածուները հուշարձան են այդ մեծերի հիշատակին: «Այստեղ նրանց տառապանքի, ցավերի, ուրախության մասին զրույց է բացվում։ Ընթերցողները կարող են պատկերացում կազմել, թե ինչ զոհեր ենք մենք տվել, ինչպիսի մշակույթ ենք կորցրել»,- նշեց նա:

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գերմաներեն ժողովածուն արդեն ներկայացվել է Գերմանիայի և Ավստրիայի ընթերցողներին։ «Մենք պետք է տարածենք արևմտահայ գրականությունը,- ընդգծեց նա,- ընդ որում, Գերմանիայում որոշ գրողներ, կարդալով թարգմանական ժողովածուում ընդգրկված դասականների գործերը, ասում էին, որ իրենք սկսում են նորովի ճանաչել հայ գրականությունը»։

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031