Լրահոս
Օրվա լրահոսը

«Վոլոդյա Ավետիսյանին առաջարկել են աշխատանք, ասել են՝ վաղը գնա տուն»

Հուլիս 25,2015 21:27

Մի խումբ ազատամարտիկներ այսօրվանից Ազատության հրապարակում անժամկետ նստացույց սկսեցին՝ ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի:

«Անարդար, ոչ մարդկային վճիռ է կայացվել Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ, անարդարությունը միշտ էլ ծնում է անարդարություն: Մենք փորձեցինք ընդվզել, որ ազատամարտիկների սոցիալական խնդիրներին լուծում տան, բայց  ժամանակը ցույց տվեց, որ արդար ընդվզումներն ու արդար բողոքները ոչ մի արդյունք չտվեցին»,- Aravot.am-ին ասաց ազատամարտիկ Գեւորգ Սարգսյանը:

Մեր հարցին՝ ինչո՞ւ հիմա որոշեցին նստացույց սկսել, այլ ոչ թե դատավճռից անմիջապես հետո, Գեւորգ Սարգսյանը ասաց՝ միշտ էլ պայքարել ու պայքարելու են. «Պարզապես, մեր պայքարն անօգուտ է ու անարդյունք է մնացել, ուզում ենք գոնե ազատ արձակեն, իր ընտանիքին հասնի, էնքան է դժվարացել կյանքը, աշխատող մարդիկ չեն կարողանում ապրել, իսկ ինքը ընտանիքի թեւ ու թիկունք է, ընտանիքն էլ  չի կարողանում ապրել»:

Ազատամարտիկ Կոմանդոս Արկոյի համար էլ ամենավիրավորականը շինծու մեղադրանքն էր իր մարտական ընկերոջ նկատմամբ. «Ու դատավորը ուղղակի պատվեր էր կայացնում, այդ ամբողջ դատավարության ընթացքում չի եղել մի օրենք, որ դատավորները այդ գործով չխախտեն:

Համոզված եմ, որ դատարանում ներկայացված բոլոր ձայնագրություններն էլ սարքած են: Որպես Վոլոդյա Ավետիսյանին ճանաչող անձ՝ վստահեցնում եմ՝ ինքը նման արտահայտություններ չէր կարող անել, իր բառապաշարի մեջ չկան նման բառեր»:

Մեր հարցին՝ ուշացա՞ծ չէ ձեր պայքարը, դատավճռով արդեն դատապարտված է, ազատամարտիկների մեջ հայտնի Ռեմբոն՝ Ստեփան Ստեփանյանը, ասաց. «Լավ է  ուշ, քան՝ երբեք: Երբեք ուշ չի լինում: Մի վայրկյան մեր սթափությունը կորցնենք, վաղը մյուս օր մենք կարող ենք նման վիճակում հայտնվել: Այսօր Վալոդի համար ձայն չհանենք, վաղը մի ուրիշին կտանեն, այն մյուս օրը՝ մյուսին: Կամաց-կամաց բոլորին հավաքում են… Բա ուր են մեզ երշիկի համար պայքարողներ ասողները:

Բա այդ ոնց եղավ, իրենք էլ գնացին, մտան երշիկ բաժանողների մեջ: Հինգ հազար տալիս են, վազում են այնտեղ, տասը հազար տալիս են՝ վազում են այս կողմ: Իսկ մենք ոչ մի կոպեկի հետեւից չենք ընկնում»:

Կոմանդոս Արկոն էլ շարունակեց. «Նույնիսկ տղաներից շատերին փորձել են կաշառել, ինչ-որ բաներ են առաջարկել գրեթե բոլորիս էլ, որ լռենք, չպայքարենք, բոլորս միանշանակ ասել ենք՝ մեզնից հեռու»:

Մեր հարցին ովքեր են առաջարկել, Ռեմբոն ասաց ՝ «Շատ մեծ մարդիկ, մեծ պաշտոնյաներ»:

Վերջում էլ հավելեց, որ Վոլոդյա Ավետիսյանին էլ են շատ անգամներ փորձել կաշառել, բայց նա ասել է՝ «ընկերներիս չեմ ծախում». «Նույնիսկ դատական գործընթացում առաջարկել են՝ հրաժարվի քո մտքերից, ստորագրի, որ ոչինչ չես անելու, վաղը գնա տուն, ազատ ենք  արձակում քեզ:  Կորպուսի հրամանատար էին առաջարկում, աշխատանք, բայց ինքը պնդել է՝ ընկերներիս չեմ ծախում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031