Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Ինչ է նշանակում լինել Աշակերտ

Հուլիս 27,2015 13:00

21-րդ դարում անգրագետը նա է, ով չի ուզում սովորել

Եթե դուք ամեն օր աշխատանքի եք գնում նույն ճանապարհով, եթե դուք տանը կամ սննդի օբյեկտում պահանջում եք միեւնույն ուտելիքը, եթե դուք մի քանի անգամ վերընթերցում եք նույն գիրքը, եթե անընդհատ լսում եք նույն հեղինակի կամ նույն ոճի երաժշտություն, եթե 100-րդ անգամ անցնում եք ֆեյսբուքի միեւնույն ժապավենով, ուրեմն դուք, անկախ տարիքից, դատապարտում եք ձեր ուղեղի բջիջները անգործության: Իսկ դրանք մարզվելու կարիք ունեն՝ ճիշտ այնպես, ինչպես մարմնի մկանները: Բայց ինչպես մենք, որպես կանոն, զլանում ենք գոնե 5 րոպե մարզանք անել, այդպես էլ սովորաբար չենք շտապում աշխատեցնել մեր ուղեղը եւ 40 տարեկանից հետո բողոքում ենք՝ «էլ առաջվանը չեմ»: Ցածր ինքնագնահատականը «խթանում է» ծուլության խորացումը՝ «չէ, էլ հեչ բանի պետք չեմ»:

Եվ հակառակը՝ եթե դուք թվաբանական գործողություններ եք կատարում մտքում, ոչ հաշվիչով, եթե բանաստեղծություններ եք անգիր անում, եթե փորձում եք ծանոթանալ տարբեր լեզուների, եթե նախապաշարված չեք երաժշտական ոչ մի ոճի եւ ոչ մի ճաշատեսակի հանդեպ ու պատրաստ եք դրանք փորձել, եթե ձեր առաջ «պլան» եք դնում ամեն օր ինչ-որ նոր բան սովորել «ձեզնից հեռու գտնվող» բնագավառից (իմ դեպքում դա, օրինակ, քվանտային ֆիզիկան է), ապա դուք ձեր ուղեղը պահում եք «լավ մարզավիճակում», եւ ոչ 40, ոչ 50, ոչ էլ 90 տարեկանում չեք բողոքի «ծերունական դրսեւորումներից»: «Ուղեղի ծերության» մասին պատկերացումներն, իմ կարծիքով, նախապաշարմունք են՝ ամեն ինչ մեր ձեռքում է:

Այստեղ առանցքային բառը «սովորելն» է, ոչ մի պահ չդադարեցնել այդ գործընթացը: Գործիս բերումով ես հաճախ եմ լսում մարդկանց, որոնք ժամանակին ինչ-որ բան սովորել են եւ հետո տարիներով կամ նույնիսկ տասնամյակներով կանգ են առել իրենց ուսումնառության մեջ. նրանք գնում են «մամուլի ակումբներ» եւ սկսում են «պտտեցնել» իրենց՝ վաղուց արդեն մաշված ձայնապնակը: Ոմանց մոտ դա ձեռք է բերում պաթոլոգիկ բնույթ եւ կոչվում է «նեոֆոբիա», երբ մարդը հիվանդագին վախ ունի ցանկացած նորի, ցանկացած փոփոխության հանդեպ: Այդ «ֆոբիայի» պատճառներից մեկը «հարմարավետության գոտին» լքելու վախն է: Նոր բան չսովորող մարդիկ, հատկապես գործիչները պարզապես ծույլ են՝ «կգնամ ակումբ, իմ իմացած բաները կասեմ՝ մի կերպ յոլա կտանեմ»:

Ամերիկացի հետազոտող Էլվին Թոֆլերը մոտ 30 տարի առաջ գրում էր. «21-րդ դարում անգրագետ են համարվելու ոչ թե այն մարդիկ, որոնք գրել-կարդալ չգիտեն, այլ նրանք, ովքեր չեն կարողանում սովորել, հետ սովորել եւ նոր հմտություններ ձեռք բերել»: Իսկապես, հետարդյունաբերական հասարակություններում գործընթացներն արագ եւ դինամիկ են ընթանում, եւ այս պարագայում ամենադժվարը սովորածը վերանայելն է: Իսկական, բարձր իմաստով Աշակերտը չի պնդում, որ իր սխալ սովորածը հավերժական ճշմարտություն է, նա սովորում է հենց իր սխալների վրա, սովորում է գրքերից, համացանցից, մարդկանց հետ շփումներից, ընդհանրապես` կյանքից:

Իսկ ի՞նչն է խանգարում մարդկանց սովորել: Ինձ թվում է՝ առաջին հերթին սնափառությունը. հասուն տարիքում մեզ թվում է, որ այս կամ այն ոլորտում մենք անգերազանցելի վարպետներ ենք եւ այլեւս որեւէ նոր գիտելիքի կարիք չունենք: Մինչդեռ սովորելը, սեփական ուղեղը աշխատանքային վիճակում պահելը պետք է հենց քո մասնագիտության մեջ առաջ գնալու համար: Առանց սեփական սխալները գիտակցելու եւ ուղղելու՝ մարդը չի կարող զարգանալ: Ամենասխալ բանը քո սխալը մերժելն է, քո սխալից «թաքնվելը», փախչելը, ուրիշի վրա պատասխանատվությունը դնելը: Իսկական Աշակերտը իր մեջ ուժ է գտնում շտկելու իր սխալի հետեւանքները՝ դրանով նա ինքն իրեն չի պատժում, դրանով նա սովորում է:
Եթե մարդը հպարտությամբ պատմում է, որ իր աշխատանքի, իր մասնագիտական մոտեցումների մեջ վերջին 10 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել, ուրեմն նա այնքան էլ խելացի մարդ չէ: 19-րդ դարում դա գուցե ընդունելի էր, 20-րդ դարում՝ կասկածելի, 21-րդ՝ տեղեկատվական դարում, դա կատարյալ հիմարություն է:

…«Հասկանալ ուրիշներին՝ իմաստություն, հասկանալ ինքդ քեզ՝ պայծառացում»,- ասել է Լաո-ցզին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Մարգար Մախսւդյան says:

    Բա որ էսպես հնարավոր է գրել, էլ ի՞նչ իմաստ ունի քաղաքական խուճուճ լոլոներով դրանք փչացնել: Կամ էն մի հոգին քնած է մնացել, կամ էլ էսօր պարզապես սպիտակ գծի օր է:
    Իսկ միգուցե Աշակերտը հասել է բլրակի գագաթը և տեսել իր նախորդ բոլոր սխալները…

  2. Տիգրան says:

    https://www.ilur.am/news/view/47527.html կխնդրեի Ձեր դիտարկումներ նշված հոդվածի առնչությամբ:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Շնորհակաություն, հետաքրքիր էր, շատ բաների հետ համաձայն եմ: Ըստ երեւույթին, հարգարժան գործընկերս չափից դուրս մեծ տեղ է տալիս Սերժ Սարգսյանի ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, որոնք, համաձայն եմ, կարող են եւ շատ վատը լինել: Բայց անկախ նրա մտադրություններից, նա չի կարողանա ազդել քաղաքական եւ տնտեսական որոշումների վրա, եթե որեւէ պաշտոն չզբաղեցնի: Ուրիշ հարց, որ նա կարող է չկատարել իր խոստումը, խաբել եւ սահմանադրական փոփոխություններից հետո դառնալ վարչապետ կամ ԱԺ նախագահ:

      • Tigran says:

        Իսկ /բազմաչարչար օրինակ է, բայց տիպիկ է/, ասենք Կոմկուսի քարտուղարը պաշտոն է?, եթե կա նախարարաների պորդի կամ գերագույն խորհրդի նախագահի պաշտոն: Այդ դեպքում ՍՍՀՄ-ում ինչպես էին ազդում որոշումների վրա գենսեկները?հո մոգական ուժ չէր?

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Դա տեղի էր ունենում, սիրելի Տիգրան, բացարձակապես այլ համակարգում, այլ պատմական իրավիակում, այլ երկրում:

  3. Արսեն says:

    Արամ Աբրահամյանին

    Դա՝ տեսությունն էր… սպասում ենք տեսության պրակտիկ կիրառմանը՝ ձեր հետագա հոդվածներում, վերաբերմուքում՝ ձեր ընտրած աշխատանքի նկամամբ (դուք եք չէ ընտրել լրագրողի մասնագիտությունը? որևէ պարտադրանք չի եղել… (կլինի դա ստիպելու, կաշառելու կամ այլ աշխատանք չլինելու սպառնալիքի տեսքով))։
    Ինչպես նաև վերաբերմունքում՝ ձեր ընթերցողների նկատմամբ… դուք չեք որոշում՝ դուք «կայացած» լրագրող եք թե ոչ… դա որոշում են ընթերցողները… (Չշփոթել Դիկտատուրայի և ավտորատարիտարիզմի պայմաններում «կայացած» լրագրողների հետ… Նրանց «որոշում է» «կուսակցությանը» առընթեր՝ պրոպագանդայի և ընթացիկ դիկտատորի՝ ընթացիկ «ռեալիզմի» «պատասխանատու» «գիտկից» կուսաշխատողը (կլինի «սոցռելիզմ», «նացռեալիզմ», «ՀՀԿռեալիզմ», ՀՀՇռալիզմ» կամ «Պապիկյանառեալիզմ»..))).. տարբերություն չկա))…
    Եվ մի բողոքեք, որ «ընթերցողները ձեզ չեն հասկանում»… ընթերցողները՝ չունեն հասկանալու պարտականություն… Ւսկ դուք՝ որպես խմբագիր, ունեք՝ հասկանալի բացատրելու պարտավորություն («իշխանությունը» տվյալ իրավիճակում՝ դուք եք)… Եթե ձեր ասածը տեղ չի հասնում՝ Մեղադրեք բացառապես ձեզ…

  4. Հրանտ Պապիկյան says:

    Պարոն Աբրահամյան, իսկ ինչպե՞ս են կոչվում ոչինչ կյանքից չսովորած ու չկայացած աշակերտները, որոնք կարծում են, որ իրենք իրականում ուրիշներին սովորեցնելու համար են աշխարհ եկել…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031