Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Փելեշյան. «Մենք նստած ենք այն ճյուղին, որը կտրում ենք մեր ձեռքով»

Հուլիս 28,2015 23:45

Այսօր՝ հուլիսի 28-ին, «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեցին Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը, ապա Վարպետը պատասխանեց իրեն ուղղված հարցերին՝ խնդրելով միայն լուսանկարել եւ  ոչինչ չնկարահանել:

«Վերջին ֆիլմերս նկարել եմ այն ժամանակ, երբ Հայաստանը դժվար վիճակում էր, խավար ու մութ տարիներ էին: Կարծում եմ՝ ես արեցի ֆիլմեր հույսի, լույսի, վերածննդի ու նոր կյանքի համար»,-ասաց մաեստրոն: Նա իրեն ուղղված հարցերին պատասխանում էր լակոնիկ, իրեն հատուկ սրամտությամբ ու խորությամբ: Օրինակ այն հարցին՝ իր երիտասարդ տարիների ֆիլմերը նայելիս արդյոք չի՞ մտածել, որ դրանք արժեր փոփոխել կամ այլ կերպ մոնտաժել, Արտավազդ Փելեշյանը պատասխանեց. «Ես ալբոմներ եմ նայում, տեսնում եմ նկարներ, որոնցում երիտասարդ տարիներին բեղեր էին թողնում, ի՞նչ միտք ունի այդ նկարները ոչնչացնել կամ բեղերը ջնջել»:

IMG_7019

Պատասխանելով մեկ այլ հարցի, Փելեշյանը թվարկեց իր սիրելի ֆիլմերի եռյակը՝ «Խաղաղ Դոնը», «Կնքահայրը»,«Չինաստանի ուրվականների պատմությունը»:  Հարցը արդյոք իր «Բնիկները» եղեռնի մասի՞ն է, վարպետը տարօրինակ համարեց. «Դա մարդու՝ բնության հանդեպ վերաբերմունքի մասին է, մենք նստած ենք այն ճյուղին, որը կտրում ենք մեր ձեռքով»: Չմանրամասնեց, թե ինչու ֆիլմ  չի նկարել «Հայոց աշխարհ» վերնագրով իր սցենարի հիման վրա, ընդամենն ասաց, որ պատճառները ֆինանսական էին, հետո էլ հավելեց. «Հիմա էլ մեծացել եմ, չգիտեմ ինչ պիտի անեմ»:

Նրա  «Հոմո Սափիենսին» էլ անդրադարձ եղավ: «90-ականներին Ժան Լյուկ Գոդարն իր պրոդյուսերին ինձ տվեց, պարզվեց 410 000  դոլար է հարկավոր, որ ֆիլմս նկարվի, բայց պրոդյուսերը կին էր, չկարողացավ հավաքել այդ գումարը»,-կես կատակ-կես լուրջ ասաց Փելեշյանը:

Մի զվարճալի դրվագ էլ պատմեց. «Երբ նկարում էի «Տարվա եղանակները» ադմինիստրատորին ու օպերատորին ուղարկեցի գյուղատնտեսության նախարարություն, որ իմանան, թե Հայաստանում ո՞րտեղ  ցիվիլիզացիայից հեռու գյուղ կա, որտեղ պահպանվում են հին ու նոր ադաթները: Պարզվեց Զանգեզուրում՝ ձորի մեջ մի գյուղ կա, որի մասին իմացել են միայն սովետական կարգերի հաստատումից հետո, այդ գյուղն էլ է այդ ժամանակ իմացել, որ սովետական կարգեր են հաստատվել»:

 

Վարպետը պատմում է, որ մի կերպ հասել են գյուղ ու տեսել Թումանյանի հեքիաթներում նկարագրված իրականությունը, առաջինը, որ հանդիպել են, երեք ծերունի են եղել, որոնք անգամ տեղյակ չէին, թե ինչ ասել է ֆիլմ: Փելեշյանը գյուղացիներին նկարել է մասսայական տեսարաններում, ու երբ մարդկանց կանչել են «մասովկայում» նկարվելու համար 3-ական ռուբլի վճարելու, պապիկներից մեկը պնդել է. «Ես էպիզոդնիկ եմ, ինձ ավել վճարեք», ու ստիպված նրան 7 ռուբլի 50 կոպեկ են վճարել:

Փելեշյանը իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ֆիլմից էլ խոսեց. «Ինձ թվաց, որ ռեժիսորը ֆիլմը նկարել է վերջապես Փելեշյանի լռությունը բացահայտելու համար, բայց այն էլ ինձանից բան սովորեց եւ ինքն էլ լռեց»:

Վարպետն իրեն ուղղված անհամ-անբովանդակ հարցերին այո-ոչով էր պատասխանում, ամեն ֆիլմի ցուցադրությունից հետո գլուխ տալիս հանդիսատեսին ու շնորհակալություն հայտնում  համբերության  համար:

IMG_7043

Փելեշյանի ֆիլմերը տարբեր վերնագրեր ունեն, բայց նրանք բոլորն էլ կարելի է «Կյանք» վերնագրի տակ դնել, որովհետեւ Փելեշյանական  «մունջ» ֆիլմերում լսվում է կյանքի զարկերակի հուժկու բաբախյունը:

Փելեշյանական երեկոյին մասնակցում էր նաեւ մեկ այլ վարպետ՝ Տիգրան Մանսուրյանը: «Փելեշյանի հաղթանակը կինոյի հաղթանակն է, իսկ մեզ համար՝ հայ ոգու հաղթանակը: Այսօր ոգու հաղթանակի կարիք Հայաստան աշխարհում շատ ունենք»,-ասաց մաեստրոն: Նրա ձեւակերպմամբ, Փելեշյանի անցաթուղթը աշխարհում մեր անցաթուղթն է. «Ու եթե Փելեշյանն այսպիսի դահլիճ է հավաքում այս քաղաքում, հենց սրանով է քաղաքը դառնում մայրաքաղաք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031