Լրահոս
Օրվա լրահոսը

Թատերական ռեժիսորը կինո «կմտնի»

Հուլիս 30,2015 14:00

Դավիթ Հարությունյանը այլ ֆիլմեր կնկարի

Ռեժիսոր Դավիթ Հարությունյանին (լուսանկարում) թատերասեր հասարակայնությանը, առավել եւս՝ մասնագետներին ներկայացնելու հարկ չկա: Երեւանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում 2006թ. նրա առաջին աշխատանքին՝ Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» բեմադրությանը, անմիջապես հաջորդեցին Վ. Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը», Րաֆֆու «Խենթը», Ա. Պետրոսյանի «Արատտայի առասպելները», Կոմեդիայի պետական թատրոնում` Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ», Ժան Անույի` «Շրջազգեստով գեներալները», Մայր թատրոնում՝ Նիկոլաս Բայերի «Դեպք մետրոյում» եւ այլ ներկայացումներ: Ռեժիսորը բեմադրություններ է իրականացրել նաեւ սփյուռքում, օրինակ՝ Հալեպում՝ Արթուր Էդարի «Մեր մեղքը»:
«Առավոտին» հասած տեղեկությունը, թե ստեղծագործական կյանքով կարծես բավարարված թատերական ռեժիսորը ցանկություն ունի «շեղվել» դեպի կինոարվեստ, Դավիթ Հարությունյանի հետ հանդիպման առիթ հանդիսացավ:

David_Harutyunyan-2

Տեսարան` «Դեպք մետրոյում» ներկայացումից:

Մեր զրուցակիցը նշեց, որ իր սցենարներով նկարահանվել է 2 վավերագրական ֆիլմ՝ «Ես կվերադառնամ» (նվիրված Մոնթե Մելքոնյանին) եւ երկրորդը պատում է՝ նվիրված արցախյան հերոս Լեոնիդ Ազգալդյանին: Չհերքելով, թե մեծ է ցանկությունը դիմելու, իր խոսքերով՝ կինոյի արտահայտչամիջոցներին, արվեստագետը ասաց, որ երկու նախագիծ ներկայացրել է Հ1-ին, մեկը ռեժիսոր Արթուր Աղոյանի հետ համատեղ սցենարն է՝ «Վրեժի ավետարան», որը ներկայացնում է «Նեմեսիս» օպերացիայի պատմությունը, իսկ երկրորդը՝ «Արգիսդը Վանի արքա»: Վերջինս էլ ներկայացնում է Վանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանը, եւ իրականացվելու դեպքում ֆիլմը կնվիրվի 2 տարի հետո Էրեբունու հոբելյանին՝ 2800-ամյակին: Դիտարկմանը, թե ֆիլմերը պատմական են, ինչը ենթադրում է զանգվածային տեսարաններ եւ այլն, որի համար մեծ միջոցներ են հարկավոր, ռեժիսորը նշեց, որ մի քանի պրոդյուսերներ հավանել են այդ ֆիլմերի սցենարները, բայց առայժմ պատրաստակամություն չեն հայտնել հանձն առնել աշխատանքները, քանի որ դրանք կոմերցիոն չեն: Ասաց նաեւ, որ ինքը սցենարների վրա աշխատել ու խորհրդակցել է տարբեր մասնագետների հետ, այդ թվում՝ պատմաբանների: «Ժամանակին, երբ դեռ աշխատում էի «Արգիսդը Վանի արքա» ֆիլմի սցենարի վրա, հանդիպեցի մեր հայրենակից, մոսկվաբնակ պրոդյուսեր Սարգիս Մ.-ին, որը հավանության արժանացրեց այն, ասաց, որ միջազգային շուկայում ընդհանրապես պատմական թեմաներով ֆիլմերը շահեկան են: Փաստեց նաեւ, թե ֆիլմեր կան Հունաստանի, Իսրայելի, Եգիպտոսի, արաբական աշխարհի, Թուրքիայի, Հեռավոր Արեւելքի, Ռուսաստանի, եվրոպական երկրների պատմական թեմաներով, մինչդեռ Հայաստանում գերակշռում են ժամանցային, նրա ձեւակերպմամբ՝ մեկանգամյա օգտագործման ֆիլմերը»,- ասաց ռեժիսորը:

Դավիթ Հարությունյանը հավաստիացրեց, որ ինքը մտադրություն ունի ոչ միայն սեփական սցենարներով ֆիլմ նկարելու. «Ունենք իսկապես գրական մեծ պաշար՝ թե ժառանգություն ստացած, թե ժամանակակից հեղինակների, որոնցից շատերը արժանի են բարձրանալու մեծ էկրան, ավելին՝ ներկայացվելու միջազգային հանդիսատեսին: Ամենակարեւորը՝ պետք է լինել ժամանակակից, որ ֆիլմդ էլ հասկանալի լինի օտարներին: Շատ վաղուց ժամանակն է աշխարհի հետ խոսել կինոյի լեզվով»:

Անդրադառնալով թատերական բեմադրություններին` ընդամենն ասաց, որ նոր պիեսի փնտրտուքի մեջ է եւ ցանկություն ունի այն բեմադրել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031