Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը երեսուն միլիոն դրամ է խոստանում գործը բացահայտողին

Հուլիս 30,2015 15:00

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ճարոյանը վերջերս հրապարակավ «Առավոտ» օրաթերթի միջոցով բանավեճի հրավիրեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` կապված պաշտպանության նախարարության նախկին աշխատակիցների, Արցախի Պաշտպանության բանակի շինվարչության աշխատակիցների՝ ՀԷԿ կառուցելու գործով իր պաշտպանյալին վեց տարուց ավելի ժամկետ-պատժաչափով դատապարտելու դատարանի իրավական գնահատականների հետ:

Փաստաբանը խոստացել էր բանավեճից հետո, եթե դատախազը գոնե մեկ ապացույց ներկայացնի հանրությանը, հրաժարվել իր՝ փաստաբանի արտոնագրից: Գլխավոր դատախազը դեռ չի արձագանքել:

Երեկ փաստաբան Հակոբ Ճարոյանը «Առավոտին» հայտնեց, որ 30 մլն ՀՀ դրամ է նաեւ խոստանում վճարել այն անձին, ով կծանոթանա թիվ ԱՎԴ/0039/01/12 քրեական գործի նյութերին, քրեական գործի նյութերով կապացուցի իր պաշտպանյալին՝ «Ցեոֆոսե» ՓԲ ընկերության տնօրեն Վարդան Երիցյանին, առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը:

Փաստաբան Հ. Ճարոյանն ասաց, որ իր առաջարկությունն ուժի մեջ է մինչեւ օգոստոսի 15-ը:

Հիշեցնենք, որ նշյալ թիվ ԱՎԴ/0039/01/12 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Արթուր Քանանյանին եւ Վարդան Երիցյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով՝ խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար:

Հունիսի 10-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է Վարդան Երիցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրա նկատմամբ 6.5 տարի ժամկետով ազատազրկման պատիժ է նշանակել՝ առանց գույքի բռնագրավման:

Իսկ հուլիսի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանը առանց ամբաստանյալի պաշտպանի մասնակցության որոշել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի հունիսի 10-ի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ, իսկ բերված վերաքննիչ բողոքները` մերժել:
Վարդան Երիցյանը երկու տարի վեց ամիս է՝ անազատության մեջ է:

Պաշտպանության նախարարության մի քանի աշխատակիցներ, նաեւ Արցախի Պաշտպանության բանակի շինարարական վարչության պատասխանատուներից մեկը որոշում են հիդրոէլեկտրակայան կառուցել: Ամբաստանյալ Արթուր Քանանյանը, ըստ մեղադրական դատավճռի, խողովակների ձեռք բերման համար նախատեսված գումարները խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, տեղեկանալով Մասիսի «Միկ Մասիս» ՓԲ ընկերության բազայում ուրիշի կողմից պահեստավորված խոշոր տրամաչափի խողովակների առկայության մասին, չարաշահելով տուժող, նախարարության շինվարչության պատասխանատուներից Արմեն Սարգսյանի վստահությունը` 2005թ. սեպտեմբերին վերջինիս գործընկեր Արմեն Գեւորգյանին խաբեությամբ մատնացույց է արել բազայում առկա՝ իրականում իր կողմից չգնված, այլ անձի պատկանող՝ 1.200-1.400 մմ տրամաչափ ունեցող խողովակները:

Ըստ գործի նյութերի՝ Արմեն Սարգսյանի մոտ պատրանք ստեղծելով, թե դրանք արդեն գնված են եւ պատկանում են իրենց, հափշտակել է նրանից ստացված 76.735.429 ՀՀ դրամին համարժեք 166.740 ԱՄՆ դոլար գումարը: Ա. Սարգսյանն այդ ընթացքում Ա. Քանանյանից պահանջել է խողովակների ձեռք բերման փաստաթղթերը, սակայն Ա. Քանանյանը տարբեր պատճառաբանություններով մերժել է եւ չի ներկայացրել դրանք։ Ա. Սարգսյանն Ա. Քանանյանից պահանջել է իրեն փոխանցել 270 հազար ԱՄՆ դոլարով գնված խողովակների ամբողջ քանակության վերաբերյալ փաստաթղթերը, խողովակներն ի պահ հանձնելու վերաբերյալ պայմանագրերը, որպեսզի կատարի ուղղում` խողովակների գնման վերոհիշյալ հաշիվ ապրանքագիրը գրի իր անունով, սակայն Ա. Քանանյանը պատասխանել է, թե Վ. Երիցյանը հանրապետությունից բացակայում է, եւ առանց Վ. Երիցյանի նա չի կարող պահանջված փաստաթղթերը ներկայացնել։

Դատախազ Վ. Պողոսյանի մեղադրական ճառի համաձայն` «Ցեոֆոսե» ՓԲ ընկերության տնօրեն Վարդան Երիցյանն Արմեն Սարգսյանից հափշտակել է 1.200 մմ տրամաչափի, ընդհանուր՝ մոտ 930,27 գծամետր խողովակների արժեքը կազմող 47.589.395 ՀՀ դրամին համարժեք 103.408 ԱՄՆ դոլար գումար: «Վարդան Երիցյանը, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, 2005թ. օգոստոսին Արմեն Սարգսյանին եւ նրա գործընկերներին խաբեությամբ ներկայացնելով, որ շահել է Կապուտան-Ջրաբեր համայնքների տարածքով անցնող գազատարի ապամոնտաժման իրավունքը, որն իրականում գտնվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության հաշվեկշռում, եւ որի ապամոնտաժման իրավունք 2005թ. որեւէ կազմակերպության չի տրվել, պայմանավորվածություն է ձեռք բերել վերջիններիս հետ՝ նրանց խողովակներ վաճառելու վերաբերյալ:

Նա նշված գազատարից ապօրինի ապամոնտաժել է ընդհանուր՝ 930.27 գծամետր 1200 մմ տրամաչափի խողովակներ եւ, որպես խողովակների նկատմամբ սեփականության իրավունքի հավաստիք, կազմել է «Ցեոֆոս» ՓԲ ընկերության անունից կեղծ հաշիվ ապրանքագիր, որը խողովակների հետ միասին հանձնել է Արմեն Սարգսյանի վստահորդ Արթուր Քանանյանին»,- ասված էր մեղադրողի ճառում: Ըստ գործի նյութերի` նա ստացել էր 47.589. 395 ՀՀ դրամին համարժեք 103.408 ԱՄՆ դոլար եւ խաբեությամբ հափշտակել Արմեն Սարգսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարը։
«Առավոտի» հարցին՝ փաստաբանը գիտակցո՞ւմ է խոստումը կատարելու հետեւանքների մասին, փաստաբանն ասաց, որ պատրաստ է իր խոստացած երեսուն միլիոն դրամը տալ անձին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1041-րդ «Պարգեւ վճարելու պարտականությունը» հոդվածի 1-ին կետի համաձայն:

Ըստ նշյալ օրենքի` «Այն անձը, ով հրապարակայնորեն խոստացել է որոշակի օրինաչափ գործողություն կատարելու համար վարձատրելու կամ պարգեւ տալու (պարգեւավճարի) մասին, պարտավոր է խոստացած պարգեւը վճարել հայտարարության մեջ նշված ժամկետում այդ գործողությունը կատարած անձին»:

Հայտարարությանը կցվել էր Վարդան Երիցյանի նկատմամբ կազմված մեղադրական եզրակացությունը, Վարդան Երիցյանի նկատմամբ կայացված որոշումը` առաջադրված մեղադրանքը փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու մասին, Հակոբ Ճարոյանի կողմից առաջին ատյանի դատարան ներկայացված ճառը, Հակոբ Ճարոյանի կողմից Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքը, Հակոբ Ճարոյանի կողմից Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված միջնորդությունը` դատական նիստը հետաձգելու մասին, եւ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքը:
Ի դեպ, Վարդան Երիցյանը կալանավայրից մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ տուժող Արմեն Սարգսյանը ասել է, որ գումարներ են դրել պաշտպանության նախարարության բարձրաստիճան անձինք դեռեւս 2005-ին. խոսքը հիսուն հազար դոլարի, նախագահի վերահսկողականի պետի՝ Հովիկ Հովսեփյանի մասնակցության մասին էր: Վարդան Երիցյանը նաեւ ասաց, որ ՊՆ շինվարչության նախկին պետին՝ Արմեն Սարգսյանին, զանգել է անձամբ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը՝ Սամվել Բաբայանը, որպեսզի Վարդանից «ձեռ քաշի»: Արմեն Սարգսյանն էլ ասել էր, թե չի ճանաչում Վարդանին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Թիվ ԱՎԴ/0039/01/12 քրեական գործով կայացված դատական ակտերին՝ դատավճիռ, որոշում կարող եք ծանոթանալ Datalex.am-ում:
Դատական նիստերի արձանագրությունների CD-ն փաստաբանը պատրաստ է տրամադրել դրանք ցանկացողներին՝ իրավաբան, փաստաբան, քրեագետ, դատախազ, իրավապաշտպան:

«Առավոտ» օրաթերթ
29.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հակոբ Ճարոյան says:

    Իմ առաջարկն ուղված է նաև նախաքննությունն իրականացրած քննիչներին, հսկող դատախազներին, մեղադրողին, ովքեր առաջադրել և հաստատել են մեղադրանքը, ինչպես նաև դատարանում պաշտպանել են մեղադրանքը, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորներին, ովքեր կայացրել են մեղադրական դատավճիռ և որոշում։ Առաջարկի տրամաբանությունը հետևյալն է, եթե նշված անձինք վստահ են, որ առաջադրված մեղադրանքը և կայացված դատական ակտերը կարող են հիմնավորել քրեական գործի նյութերով, ապա նրանք կարող են ընդունել իմ հրապարակային առաջարկությունը, բանավիճել ինձ հետ, իսկ մեղադրանը հիմնավորելուց հետո էլ պահանջել, որ կատարեմ իմ խոստումը’ իրենց վճարեմ 30.000.000 ՀՀ դրամը: Պնդում եմ, որ նշված անձիք իմ առաջարկությունը չեն ընդունելու, իսկ ընդունելու դեպքում էլ Վարդան Երիցյանին առաջադրված մեղադրանքը չեն կարողանալու ապացուցել։

  2. Հակոբ Ճարոյան says:

    Իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազին Հրապարակային բանավեճ առաջարկելու հիմքը ՀՀ գլխավոր դատախազի՝ ՀՀ Ազգային ժողովում ունեցած հետեւյալ ելույթն է «… ցանկացած գործ, որտեղ կա հանրային հետաքրքրություն, կամ առանց հանրային հետաքրքրության, ցանկացած անձի հետ, մասնագիտական դաշտում, հրապարակային պատրաստ եմ քննարկման»։ Գուցե ՀՀ դատախազությունը պարզաբանի, իրավունք ունի՞ ՀՀ գլխավոր դատախազն ունենալ նշված ելույթը, թե ոչ։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ է նշված ելույթն ունեցել, եթե այո, ապա իրավո՞ւնք ունեմ ես հիմք ընդունել ՀՀ գլխավոր դատախազի ելույթը եւ նրան առաջարկել իմ հետ ունենալ Հրապարակային բանավեճ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031