Լրահոս
Օրվա լրահոսը

Ժակլինը փրկեց «Ժիզելը»

Հուլիս 31,2015 12:30

Կրկին հերթ՝ Օպերային թատրոնի տոմսարկղի մոտ

Համաշխարհային գրականության դասական նմուշներին, այս դեպքում՝ բալետային, հեշտ չէ մոտենալը: Չգրված օրենքի համաձայն` եթե բեմադրիչը իրականացնում է այդ նմուշներից որեւէ մեկը, ապա նա պետք է հավատարիմ մնա ամենաառաջին բեմադրության խորեոգրաֆիային: Ժամանակին աշխարհահռչակ նկարիչները կտավին են հանձնել որեւէ դրվագ բալետից: Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում է Գառզուի նշանավոր աշխատանքներից մեկը, որը վերնագրված է «Ադան. «Ժիզել»:
Հուլիսի 28-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ֆրանսիացի կոմպոզիտորի այս բալետի պրեմիերան, որի առաջին ներկայացումը կայացել է դեռեւս 1841թ., Փարիզում: Այդ ներկայացմամբ Ադանը նպաստել է ռոմանտիկ ուղղության հաստատմանը բալետային արվեստում: 1960թ. «Ժիզելը» Երեւանի օպերային թատրոնում իրականացրել է բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ Մարկ Մնացականյանը՝ հիմք ընդունելով հենց փարիզյան ակադեմիական բեմադրությունը, որն իրականացրել էին Պերրոն եւ Կորրալին (լիբրետոյի հեղինակներն են Գոտիեն եւ Սեն-Ժորժը): Աշխարհի նշանավոր թատրոններում հիշյալ բալետը մշտապես խաղացանկում է: Մեզ մոտ 1960թ. պրեմիերայից հետո «Ժիզելը» որոշ ընդհատումներով խաղացանկում էր մինչեւ 2010թ.:

Jaklin-4
«Առավոտը» ներկա էր պրեմիերային եւ նկատեց, որ մինչ ներկայացման սկսվելը մասնագետների եւ բալետային արվեստի սիրահարների շրջանում անհանգստություն էր նկատվում: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, պարզվեց, որ պրեմիերայի նախօրեին թատրոնի առաջատար պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սոնա Առուստամյանը, որ պետք է հանդես գար գլխավոր հերոսուհու մենապարով, վնասել է ոտքը եւ համարյա առանց հիմնավոր փորձի, փաստորեն՝ հանպատրաստից, թատրոնի ղեկավարությունը առաջարկել է պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանին փրկել պրեմիերան: Դա նշանակում է, որ ընդամենը մեկ գիշերում ճանաչված արտիստուհին պետք է վերհիշեր ավելի քան 5 տարի առաջ իր մարմնավորած Ժիզելին: Տարբեր հոգեվիճակներով եւ տարբեր ներկայացումներում հանդես եկած պարուհին իր վարպետության շնորհիվ իսկապես փրկեց ներկայացումը: Նրա Ժիզելը թեթեւ էր, նուրբ, հմայիչ ու անկեղծ: Իսկ խելագարության տեսարանը, արվեստագետի պարն ու դերասանական վարպետությունը պարզապես հիանալի էին: Կոմս Ալբերտի կերպարում հանդես եկած պրեմիեր պարող Ռուբեն Մուրադյանն էլ, ինչպես միշտ, իր բարձրության վրա էր: Նա փայլեց իր ազնվական կերպարով, էլ չենք խոսում բարդ պարային «վարժություններից»: ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը, որը ներկայացնում էր Վիլիսների տիրուհուն, հպարտ էր, խիստ, անզիջում՝ ճիշտ իր կերպարն էր: Հասուն վարպետություն ցուցաբերեց անտառապահ Հանսի կերպարով հանդես եկած ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Հարությունյանը: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ հաճախ չի պատահում, որ ոչ միայն մեր թատրոնում, այլեւ նույնիսկ նշանավոր թատրոնների կորդեբալետը տպավորություն է թողնում, որ կարծես ոչ թե մի խումբ է պարում, այլ ընդամենը մեկ մարդ: Այս ամենին պետք է գումարել նաեւ նկարիչ եւ զգեստների դիզայներ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիս Բարսեղյանի բարձրաճաշակ աշխատանքը:

Jaklin-2
Այս «Ժիզելը» բարձրարվեստ էր բոլոր առումներով: Թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի ղեկավարությամբ մոտ 2 ամիս մեծ աշխատանք էին կատարել փորձավարները՝ հայկական բալետային արվեստի երախտավորներ Էլվիրա Մնացականյանը, Ելենա Պավլիդին, Էմմա Նահապետյանը: Ներկայացման հաջողության գրավականներից էր նվագախմբի «դերակատարումը»՝ դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:
Մի դիտարկում եւս. 1900-ականներից այսկողմ դժվար թե հանդիպի գոնե մեկ՝ թեկուզ մոլի թատերասեր, որը հաստատի ցանկացած թատրոնի դրամարկղի մոտ առաջացած հերթերը: Վերջինիս մենք պատահաբար ականատես եղանք պրեմիերայի նախօրեին, օպերային թատրոնի տոմսարկղի մոտ:

Ի դեպ, ներկայացումից հետո Ժակլին Սարխոշյանին հանդիսատեսներից ոմանք «շնորհում էին» մեր ժամանակների հերոսի կոչումը: Մի մասն էլ արդարացիորեն ասում էր, թե հերոսացնել հարկավոր չէ, ընդամենը ժամանակն է, որ պարուհին ստանա ՀՀ ժողովրդական արտիստի կոչում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սվետլանա says:

    1900-ականներից այսկողմ – թե՞ 1990-ականներից

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031