Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանեք ռադ արեք Նազարյանի հանձնաժողովին, ո՞նց, փողը տանք, որ մեր գլխին պոպոք ջարդի՞»

Հուլիս 31,2015 17:22

Այսօր Հանրային խորհրդում քննարկում էր կազմակերպվել էլեկտրաէներգիայի սակագնի շարունակական բարձրացման, ՀԷՑ-ում աուդիտի մասին:

Քննարկմանը հրավիրված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Ղոսալմյանն ասաց, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը մեր էներգահամակարգում, որոշում է կայացվել մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ փոխհատուցել ՀԷՑ-ի վնասը՝ ատոմակայանի ժամանակավոր դադարեցման եւ սակավաջրության հետ կապված:

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն էլ բարկացավ, որ եթե ՌԴ-ում վատ վիճակ է, չի նշանակում, որ 1 տարվա ընթացքում պետք է ամբողջությամբ փոխհատուցի ժողովուրդը, պետք է հավասարաչափ լինի՝ 3 տարվա ընթացքում:

Հասարակության ներկայացուցիչ Աշոտ Աշոտյանը բորբոքվեց, որ եթե մեր էներգետիկ ոլորտը մասնավորեցրել են, որ օրը կուզեն կթանկացնեն, որ օր կուզեն՝ կէժանացնեն. «Պետք է հասկանանք, թե ինչի համար է ստեղծվել հանձնաժողովը: Մեզ չի հետաքրքրում էդ աուդիտը: Բնականաբար, այդ մեծ կազմակերպությունը թղթերը մաքուր կպահի: Թե ՌԴ-ում վատ վիճակ է, մեզ դա չի հետաքրքրում: Մեզ հետաքրքրում է, թե ով որտեղից ինչ է գողացել, ինչի հետեւանքով եկել հասել է այս սակագներին: Եթե 100 հազարանոց մեքենա չքշի, քշի 20 հազարանոց, ոչ իզժոգա կընկնի, ոչ էլ ստամոքսը ծակ կունենա: Բայց հիմա իրենց ախորժակի ու քմահաճույքի պատճառով ժողովուրդը չի տառապի: Ժողովրդից ի՞նչ եք ուզում, գազ ունեք՝ ձեր ջեբերից հանեք, տվեք: Ստեղծում եք պայթյունավտանգ վիճակ, միգուցե ձեր համար 7 դրամը քիչ է, կարում եք ավելացնեք, ես էսօր չեմ կարում, ի՞նչ անեմ, առանց լույս նստե՞մ: Ես հասկանում եմ՝ դուք չեք կարա, ձեզ վերեւից բրդում են, ինչ ասում են, էն էլ անում եք: Եթե վերեւից ձեզ հանձնարարեն, թե բացահայտեք ով ինչ հանցագործություններ է արել, 5 օրում մեջտեղ կհանեք ու էդ նույն Բիբինը կկանգնի դատի առաջ: Դուք դա չեք անի, որովհետեւ չունեք հանձնարարական: Բայց պետք չի ինչ-որ մեկի դուդուկի տակ պարեք: Սենց չի կարելի: Կանչեք էդ ռուսներին, ասեք՝ ժողովուրդ, ձեր մոտ վիճակը վատացել է, մեր մոտ էլ է վատացել: Չեն կարում աշխատեն, վնասով են աշխատում, թող հին գնով, որով առել են ժամանակին, ծախեն, ես ու Արշակ Սադոյանը կառնենք, ժողովրդով կառնենք: Չեք վաճառի, որովհետեւ սուպեր գումարներ են այստեղից գնում: Հանձնաժողով ենք ընտրել, հո կրակը չե՞նք ընկել, իբր թե ժողովրդի կողմից են: Մենք ենք իրենց աշխատավարձերը վճարում: Հանեք ռադ արեք, եթե պետք չեն (խոսքը Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովի մասին է- Հ. Ջ.): Ո՞նց, փողը տանք, որ մեր գլխին պոպոք ջարդի՞, այ քեզ պատմություն»:

Նա ասաց, որ վրացուց վատ տղա չի. «Լավ չի աշխատում Բաշխիչ ցանցերը՝ վերացրե՛ք»:

Լսելով մեղադրանքները, հանձնաժողովի անդամն ասաց, որ եթե գողության փաստեր ունեք, դիմեք իրավապահ մարմիններին. «Մենք փաստեր չունենք, որ գողություն կա»:

Նրան հակադարձեցին, թե գտեք փաստեր, դուք էլ դիմեք, դուք դրա համար եք:

Միջամտեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Նա վստահեցրեց, որ իրեն հանձնաժողովը 56 էջ ուսումնասիրություն է ներկայացրել, որտեղ պարզ նշված է, որ ինքնարժեքի մեջ հաշվարկված են ՀԷՑ-ի անարդյունավետ ծախսերը: Օրինակ, այն, որ ՀԷՑ-ի ավտոմեքենաների ակումուլյատորները տարին մեկ փոխում են: Նա դիմեց Հայկ Ղոսալյանին՝ «Դու մեքենա ունե՞ս, քանի՞ տարին մեկ ես ակումուլյատորը փոխում»:

Նա պատասխանեց. «Նայած ինչ մեքենա, մեքենա կա՝ 7 տարին մեկ, մեքենա կա՝ 3 տարին մեկ»:

Ի վերջո, քննարկման ընթացքում պահանջեցին, որ գոնե ՀԷՑ-ում աուդիտին մասնակցեն հանրության ներկայացուցիչները, հակառակ դեպքում ամենահեղինակավոր կազմակերպության ներկայացրած եզրակացությանը մարդիկ չեն հավատալու:

Հանձնաժողովի անդամը վստահեցրեց, որ միջազգային 5 ամենահեղինակավոր կազմակերպությունների ցուցակն են հանել եւ նրանց եզրակացությունը արժանահավատ է լինելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031