«Չեք անցկացնելու» շարժումը հանրահավաք է անելու քաղաքական ուժերի հետ՝ ընդդեմ նոր Սահմանադրության

«Չեք անցկացնելու» շարժումը հանրահավաք է անելու քաղաքական ուժերի հետ՝ ընդդեմ նոր Սահմանադրության

Հիմնադիր խորհրդարանը, Ժառանգությունն ու ՀԱԿ-ը հնարավոր է համախմբվեն քաղաքացիական հասարակության հետ՝ ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների:

Այսօր Ազատության հրապարակում «Ոչ թալանին» շարժման անդամներն ու քաղաքացիական ակտիվիստները հանրային քննարկում էին կազմակերպել սահմանադրական բարեփոխումների եւ դրա դեմ հետագա քայլերի վերաբերյալ:  Ակտիվիստներից մեկի խոսքերով՝ «Մեզ համար ամենաառաջնային անընդունելի կետը իշխանության վերարտադրությունն է, որի մասին նշվում է նախագծի 89 –ի 3-րդ կետի մեջ, ըստ որի խորհրդարանում պետք է բացարձակ մեծամասնություն լինի: Դա արդեն նշանակում է իշխանության վերարտադրություն, ԱԺ նախագահը ՀՀ-ում դառնում է անվերջ միապետ»:

Պարզվեց, որ ֆեյսբուքում արդեն ստեղծվել է «Չեք անցկացնելու» խումբ, որը պայքարելու է սահմանադրական փոփոխությունների գործընթացը ամեն կերպ տապալելու համար: Այդ խմբի կազմում է ՀԱԿ անդամ Արշակ Մուսախանյանը: Նա ասաց, որ արդեն հանդիպումներ են կազմակերպել քաղաքական որոշ ուժերի հետ, օրինակ՝ Հիմնադիր խորհրդարանի, ՀԱԿ-ի, պատրաստվում են քննարկում անել նաեւ Ժառանգության հետ. «Հանդիպումներ էլի կլինեն: Մենք աշխատում ենք միջազգային կառույցների, դեսպանատների հետ: Մեր նպատակն է նաեւ Վենետիկի հանձնաժողովին նամակ ուղարկել: Բայց այդ ամեն ինչը երկրորդական է այն ամենի համեմատ, ինչ պետք է անենք գործնականում: Մենք նպատակ ունենք, պլանավորում ենք իրազեկել հանրությանը, կփորձենք բոլորին ներգրավել՝ անկախ քաղաքական հարթությունից: Իսկ հեռանկարում, պարզ ասում ենք, որ նպատակ ունենք հանրահավաքային միջոցառումներ իրականացնել»:

Ակտիվիստը տեղեկացրեց, որ ակտիվ են բոլոր սոցցանցերում, նաեւ՝ Թվիթերում: Հարցին՝ պայքարի ի՞նչ ձեւեր եք առաջարկում՝ Արշակ Մուսախանյանը պատասխանեց. «Մենք չենք մտնելու բովանդակային որեւէ քննարկման մեջ: Կմտնենք այնքանով, որքանով ապացուցենք մեր թեզը, որ Սերժ Սարգսյանն ու իշխող ռեժիմն ուզում են վերարտադրվել: Կարող ենք խոսել այն հարցերի շուրջ, թե ինչպես են նախագահի լիազորությունները վերցնելու եւ տալու ԱԺ նախագահին: Մենք մտածում ենք, որ նախ պետք է ձեւավորենք դաշինքը բոլոր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական խմբերի հետ: Ընդհանուր գործողությունների պլան մշակենք: Ազատության հրապարակն է, որտեղ բոլոր ուժերը պետք է համախմբվեն եւ տապալեն գործընթացը Սահմանադրական բարեփոխումների: Եթե չհաջողվի, հետընտրական պրոցես է պետք»:

Արշակ Մուսախանյանն ասաց, որ նախաձեռնության անդամներից է նաեւ Ժառանգության անդամ Հրայր Մանուկյանը, նաեւ լրագրողներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք