Ազատության հրապարակում առաջարկում են դնել ռեժիմի տապալման հարցը. (Տեսանյութ)

Ազատության հրապարակում առաջարկում են դնել ռեժիմի տապալման հարցը. (Տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում «Ոչ թալանին» շարժման անդամներն ու քաղաքացիական ակտիվիստները հանրային քննարկում էին կազմակերպել սահմանադրական բարեփոխումների եւ դրա դեմ հետագա քայլերի վերաբերյալ:

Դավիթ Սանասարյանի խոսքերով՝ իշխանություններն իրենց հայտնի տեխնոլոգիան են օգտագործելու. «Ճչացող կետեր են ներառում, որ հետո հանեն, ասեն՝ տեսեք, ժողովրդի պահանջն ենք կատարել: Ու Եվրոպային, ՌԴ-ին ցույց են տալու, որ տեսեք, ամեն ինչ նորմալ է: Իմ կարծիքով, քաղաքացիական հասարակությունն ընդհանրապես պետք է չմտնի քննարկումների մեջ, թող մասնագետները զբաղվեն ու տրամաբանական բոլոր մոտեցումները ներկայացնեն:

Բայց մենք ուղղակի ասում ենք՝ ոչ, ոչ թե բոյկոտում: Եթե բոյկոտում ենք, ներսում վերահսկողությունը թուլանում է: Պետք է գնալ, քվեարկել ու թույլ չտալ, որ կեղծեն: Նախ` պետք է թույլ չտալ, որ օրակարգ մտնի, չկարողանան հանրաքվե անցկացնեն, որովհետեւ ընտրության մեխանիզմը գիտենք ինչ փուլում է»:

Sanasaryan_3

Նա առաջարկեց, որ բողոքի ալիքը մեծացնեն: Ակտիվիստներն ասում էին, որ պատրաստվում են Վենետիկի հանձնաժողովին նամակ գրել:

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը ակտիվիստներին հորդորեց Վենետիկի հանձնաժողովի անունը հնարավորինս քիչ տալ. «Մեր քաղաքացու համար Սահմանադրությունը իր ինքնիշխանության դրսեւորումն է: Նա ասում է՝ ես այս երկրի տերն եմ, այսպես պետք է կառավարեմ: Եկեք մենք մեր ժողովրդին հնարավորություն տանք, որ ինքն իր իշխանությունը լիարժեքորեն այս երկրում արտահայտի, որ ասի՝ ոչ, դու չես կարող ինձ պարտադրել քո ուզած փոփոխությունները:

Hayazn

Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները կարող է օգտակար են, բայց ես բառապաշարի մասին եմ խոսում: Եթե մենք կարողանանք Հայաստանի ընտրատեղամասերում այնպիսի վերահսկողություն սահմանենք մինչեւ նոյեմբեր, որ թույլ չտանք ընտրակեղծիքը, այդ ժամանակ կարող ենք քարոզել բոյկոտը: Բայց հիմա մենք պիտի այնպիսի մեխանիզմ մտածենք, որը առավելագույն արդյունք տա»:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի խոսքերով՝ 25 տարի է՝ նույն ճանապարհով են գնում, քարոզչություն են անում, որ քաղաքացին իր ոչ-ը ասի, բայց ոչինչ չի ստացվում. «Առհասարակ մտածել, որ տոտալիտար ռեժիմը կարող է իրականացնել բարեփոխում, դա ծիծաղելի է: Դա չարեփոխում է ի սկզբանե: Դրա  համար բայց ռեժիմն անհապաղ պետք է հեռացվի, որից հետո, եթե պետք է Սահմանադրություն փոխել, կփոխենք»:

Նա առաջարկեց երկու հարց դնել՝ Սահմանադրական փոփոխություններն ու այս ռեժիմի տապալումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք