Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Դանիելյան. «Մոլորակը վանում է մարդկությանը»

Օգոստոս 01,2015 15:58

«Այսօր ամենալուրջ գիտնականներն ասում են, որ մոլորակը վանում է մարդկությանը, որպես մի տեսակ, որը խաթարում է կենսոլորտի բնականոն գործունեությունը»,-այսօր «Նոյան տապան» լրատվական ակումբում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Խոսելով Հայաստանի մասնակցության մասին «ՀետՌիո+20» համաշխարհային գործընթացին՝ նա ասաց, որ առաջին անգամ համաշխարհային հանրությունը 1972 թվականին հավաքվեց՝ քննարկելու, թե արդյոք մենք մտնում ենք բնապահպանական ճգնաժամ, թե՞ ոչ: Եզրակացությունը եղավ՝ այո, մարդկությունը մտնում է խորը բնապահպանական ճգնաժամ եւ պետք է իրոք նախաձեռնել փոփոխություններ, նոր գործողություններ եւ այլն:

«1992 թվականին ՄԱԿ-ի փորձագետների կոչով Ռիո դե Ժանեյրոյում միջազգային ամենաբարձր՝ նախագահների, վարչապետների մակարդակով հավաքվեցին եւ որոշեցին, որ կա էկոլոգիական եւ սոցիալական ճգնաժամ, որովհետեւ բևեռացումը թե երկրներում, թե երկրների միջեւ՝ գնալով աճում է եւ կարելի է հաղթահարել կայուն զարգացման գաղափարախոսության միջոցով, որը եւ մշակվեց եւ բոլորի կողմից ընդունվեց»,-նշեց տիկին Դանիելյանը: 10 տարին մեկ ՄԱԿ-ի փորձագետները հավաքվում են եւ գնահատում են անցած ճանապարհը:

Տիկին Դանիելյանը նշեց, որ 2012 թվականին համաշխարհային հերթական քննարկմանը ինքը եւս մասնակցել է, որտեղ չնայած ներկայացվել են դրական տեղաշարժեր, բայց ամբողջ աշխարհին կոչ է արվել արագացնել գործունեությունը կանաչ էկոնոմիկայի զարգացման ուղղությամբ՝ հանուն կայուն զարգացման:

Ըստ փորձագետի, հետագայում ինչքան էլ տարբեր երկրների բնապահպանները, փորձագետները ներկայացրել են դրական փորձը, այնուամենայնիվ զեկույցները դարձել են ահազանգող, որովհետեւ այն խնդիրները, որոնք կուտակվում են մոլորակում՝ շատ են եւ մասնագետները չեն կարողանում դրանք լիարժեք լուծել:

«30 երկիր աշխատել եւ 17 նպատակ է մշակվել, որից 9-ը էկոլոգիական է, որը նշանակում է, թե ինչ չափով են ուշադրության կենտրոնում գտնվում այս խնդիրները», -ասաց բնապահպանը:

Ըստ մասնագետի՝ Հայաստանում ընտրվել են 11 ուղղություն, որով աշխատում են: Դրանցից են՝ ընդերքի օգտագործումը, շրջակա միջավայրը եւ առողջությունը, այլընտրանքային էլեկտրաէներգիայի ստեղծումը, ջրային ռեսուրսների կայուն կառավարումը, թափոնների կայուն կառավարումը, օրգանական գյուղատնտեսության զարգացումը, կայուն տուրիզմի զարգացումը, կանաչ քաղաքները, ինչպես նաեւ այդ ոլորտներում օրենսդրական եւ տնտեսական գործիքների ներդրման խթանումը:

Տիկին Դանիելյանը ներկայացրեց, որ այդ ծրագրերի իրագործման վերաբերյալ որոշ նախարարություններ այնպիսի պատասխան են տվել, որ տպավորություն է ստեղծվում, որ թող այդ գեղեցիկ անունները մնան, բայց նախարարությունները նոր բաներ չանեն. մի քայլ այս կողմ, մի քայլ այն կողմ չշարժվեն, փոփոխություններ չանեն եւ այն, ինչ որ հասարակությունից հավաքել են, զգալի մասը, ըստ բնապահպանի, որոշ նախարարությունների համար ընդունելի չէ:

Կարինե Դանիելյանը Հայաստանում իբրեւ ամենալուրջ խնդիր առանձնացրեց ընդերքի օգտագործումը: Նա ասաց, որ այս փոքր երկրում 500-ից ավելի հանքերը եւ, հատկապես, մետաղ պարունակող հանքերը, շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության վրա լուրջ ազդեցություն են ունենում, որին առողջապահության նախարարությունը արձագանքել է եւ խումբը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ, ՀԿ-ները, փորձագետները, առաջարկությունների բավական լավ ցանկ են տվել՝ գործողությունները սահմանափակող, որոնց էկոնոմիկայի նախարարությունը համաձայն չէ:

Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31