Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղի լարվածությունը աճում է»

Օգոստոս 03,2015 12:28

Գերմանական հեղինակավոր «Deutsche Welle‎» հեռուստաընկերության թղթակիցները այցելել են Լեռնային Ղարաբաղ եւ ռեպորտաժ են պատրաստել: Լրագրող Քրիստինե Տրիպեն նշել է, որ Ղարաբաղում հակամարտությունը երկար ժամանակ անուշադրության է մատնված, թեեւ 20 տարի առաջ պատերազմում զոհվել էր մոտ 30.000 մարդ:

«Հաշտությունը խաղաղություն բերեց, սակայն վերջին ժամանակներս տեղեկություններ են ստացվում հրադադարի խախտումների մասին»,- ասում է լրագրողը:

Քրիստինե Տրիպեի հետ զրույցում ղարաբաղցիներից մեկն ասել է, որ իրենք պատերազմ չեն ուզում, այլ միայն պաշտպանում են իրենց հողը, եկեղեցիներն ու ընտանիքները:

Իսկ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նշել է, որ ղարաբաղցիները պատերազմից չեն վախենում. «Մենք կարծում ենք, որ կարող ենք համարժեք պատասխան տալ պատերազմ սկսելու փորձերին»:

Լրագրողը, բացի  Ստեփանակերտից, նաեւ եղել է մարտական դիրքերում եւ այդ կապակցությամբ ռեպորտաժում ասում է, թե ընդամենը մի քանի տասնյակ մետր է բաժանում հակամարտության կողմերին միմյանցից եւ Կովկասում եւս մեկ արյունալի պատերազմից:

Հավելենք, որ Ադրբեջանի կոմունիստական կուսակցության վերլուծական բաժնի ղեկավար Նամիկ Հուսեյնովը Aze.az կայքում հրապարակած «Ինչո՞ւ Գերմանիան Ադրբեջանին «հարվածեց» Լեռնային Ղարաբաղով հոդվածում» նշել է, թե «Deutsche Welle‎»-ն այս ռեպորտաժով բացահայտ հակաադրբեջանական դիրքորոշում է ցուցաբերել:

«Գերմանիայի քաղաքական շրջանակների դիրքորոշումը, որոնք օգտագործելով խոսքի ազատության եւ մարդու իրավունքների հորինված խնդիրները Ադրբեջանի նկատմամբ վարկաբեկման քաղաքականություն են իրականացնում, ինչն էլ արտացոլված է այս ռեպորտաժում: Խոսքը շարքային ԶԼՄ-ի մասին չէ: «Deutsche Welle‎»-ն միշտ արտացոլում է պաշտոնական Բեռլինի տեսակետը»,- գրված է հոդվածում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31