Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնիսաժի» գործի կծիկը չի բացվում. Գոռ Առաքելյանի պաշտպանը մեղսունակությունը չի վիճարկում

Օգոստոս 03,2015 18:30

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ դատավոր Գագիկ Պողոսյան) «Վերնիսաժի» գործով հրապարակվեց դատահոգեբանական- դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն Գոռ Առաքելյանը մեղսունակ ճանաչվեց:

Ավարտվեց գործի դատաքննությունը: Մեղադրական եզրակացությունում առկա չէ հետազոտվող իրավիճակի վերաբերյալ Գոռ Առաքելյանի կողմից նկարագրվող որևէ տեղեկություն, ուստի այդպես էլ հնարավոր չէ պատասխանել նրա հոգեվիճակի վերաբերյալ եղած հարցադրումներին:

Aravot.am-ը Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացք կստանա գործի քննությունը, դատախազը ետ կվերցնի՞ մեղադրանքը՝ հաշվի առնելով այն, որ Գոռ Առաքելյանի հոգեվիճակի վերաբերյալ իրենց պնդումները այդպես էլ չեն հաստատվել: Նա պատասխանեց. «Ես երբեք չեմ էլ վիճարկել մեղսունակությունը, որը կապված է հոգեկան հիվանդությունների հետ: Այդ առումով մեզ համար անակնկալ բան չկա: Եթե հաշվի առնենք այն հանգամանքները, որոնք մենք ենք նկարագրել փորձաքննության միջնորդության մեջ, միանշանակ այնպիսի տվյալներ ու հանգամանքներ են, որոնք ակնհայտորեն վկայում են աֆեկտի մասին: Սակայն փորձագետն առավելապես ցանկացել է հետազոտվողի պատմածն ու նրա հոգեկան ապրումները լսել, որի մասին տեղեկություն չունենալով, չի կարողացել որոշել առկա է աֆեկտը, թե՝ ոչ»:

Երեմ Սարգսյանը պնդեց, որ առկա մեղադրանքները բացարձակապես անհիմն են, մասնավորապես  խուլիգանական դրդումները, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակ մարմնավորումը, միանշանակ անհիմն են: Նա վստահեցրեց, որ դա կհիմնավորի իր ճառով:

Ըստ Երեմ Սարգսյանի՝ ամբողջ դատաքննությունը ցույց տվեց, որ միանշանակ պետք է վերանայումներ լինեն: Մեր այն դիտարկմանը՝  դատաքննությունն էլ ավարտվեց, բայց Վերնիսաժի գործի կծիկը չի բացվում, փաստաբանն արձագանքեց. «Կարծես թե ամբողջ դատաքննության ժամանակ հիմնավորումներ ենք ներկայացրել. և′ դեպքը, և′ պատճառները հիմնավորվեցին, բացի աֆեկտի հետ կապված խնդիրը, որը փորձագետը չկարողացավ բացահայտել: Հոգեկան խնդիրներ կան, ինչը չի հերքվում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31