Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտքերի հաշվի՞ն են 4,1% տնտեսական աճն ապահովելու

Օգոստոս 04,2015 21:40

 

Վարչապետի ասած՝ 4,1% աճը կասկածի տակ են առնում

Հայաստանի ապագան, կարելի է ասել՝ մշուշոտ է, համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող երեւույթները, հաստատ բացասական են ազդելու մեր երկրի տնտեսության վրա:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց մի շարք գործոններ, որոնք, մեղմ ասած, այնքան էլ նպաստավոր չեն մեր երկրի տնտեսության համար:

Տնտեսագետի ներկայացմամբ՝ արտաքին գործոններից մեկն ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի քաղաքականությունն է, ըստ որի սեպտեմբերից հետո տոկոսադրույքները բարձրացնելու են, ինչի արդյունքում աշխարհում դոլարը թանկանալու է: Խաչատրյանն ասաց, որ Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկն էլ իր միջամտությունը կունենա. «Բրիտանիայի ԿԲ-ն էլ է որոշել տոկոսադրույքները բարձրացնել: Նավթի գործոնն էլ է կարեւոր, նավթի գները անկում են ապրում: Այստեղ նաեւ Իրանի գործոնն է խաղարկվում, որը մտնում է նավթային շուկա: Նավթի գների անկումը համաշխարհային տնտեսության մեջ հանգեցնելու են դոլարի դիրքերի որոշակի առումով՝ ուժեղացման: Հատկապես, Ռուսաստանում դոլարը կուժեղանա, որովհետեւ ռուբլին ավելի է արժեզրկվում, դոլարային մուտքերը նվազելու են, որին  հիմա էլ ականատես ենք լինում, 1 դոլարը 63 ռուբլու է հասել: Մյուս խնդիրը կապված են Չինաստանի տնտեսության միտումների հետ, որոնք վերջին շրջանում այնքան էլ դրական չեն, տնտեսական աճի տեմպերի անկում է կանխատեսվում»:

Տնտեսագետը նշեց նաեւ եվրոյի գործոնը՝ Եվրոպական կենտրոնական բանկը շարունակում է տպել եվրո, ինչպես նաեւ այստեղ կա Հունաստանի տնտեսության բացասական գործոնը. «Մի շարք ներդրողներ նախընտրում են իրենց փողը ոչ թե եվրոյով, այլ դոլարով պահել»: Ըստ Խաչատրյանի, ռուբլին էլի է արժեզրկվելու նավթի գների անկման հետեւանքով, Ռուսաստանի տնտեսությունը չի կարողանում ոտքի կանգնել, այս երկրի ԿԲ-ն էլ տոկոսադրույքներն իջեցրել է՝ 11.5%-ից՝ 11%-ի. «Ռուսաստանն այս պահին ունի պետական պարտքերը վճարելու խնդիր՝ 14-16 միլիարդ դոլարիչափով, որը եւս ճնում է  ռուբլու վրա: Ռուսաստանի ԿԲ-ն օրական մոտ 200 միլիոն դոլար էր գնում շուկայից, հիմա դադարեցրել է, քանի որ դոլար գնելով ռուբլին արժեզրկվում է: Ընդ որում, հիմա  տուսրիստական ժամանակահատված է, Ռուսաստանում դոլարի պահանջարկ կա, մարդիկ դոլար են գնում՝ այլ երկրներ հանգստի մեկնելու համար, դոլարի պահանջարկը ճնշում է արտարժույթի կուրսի վրա»:

Խաչատրյանի խոսքերով՝ Հայաստանում դոլարի դիրքերի պահպանում է տեղի ունենում, իսկ այն ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, կարծես մենք չենք զգում, որովհետեւ մեր ԿԲ-ն իր պահուստները որոշակիորեն կարողացել է ավելացնել՝ հիմա  1միլիարդ 544 միլիոն դոլարի պահուստ կա: Հայաստանի վրա դրական կարող են ազդել համահայկական խաղերը. Տնտեսագետի կարծիքով, համահայկական խաղերի արդյունքում տուրիստական հոսքեր են կան երկիր, որն էլ իր հերթին դոլարի հոսք է ապահովում, եւ հավասարակշռվում մեր տնտեսության մեջ դոլարի  քանակության հետ կապված հոսքերը

Օգոսոտոսին, ըստ Խաչատրյանի, դոլարի պահանջարկը պետք է ավելանա, քանի որ հայերն էլ օգոստոսին են ակտիվորեն մեկնում արտերկիր՝ հանգստի:

Կարեւոր գործոն է իհարկե տրանսֆերտները, Խաչատրյանի ներկայացմամբ՝ որքան ռուբլին թուլանա, այնքան տրանսֆերտներն այդ երկրից մեր երկիր՝ կրճատվելու են. «Դրամական փոխանցումներն արդեն կրճատվել են 26 միլիոն դոլարի չափով 2014 թվականի հունիսի համեմատությամբ»:

Նշված գործոններն, ըստ տնտեսագետի, չեն կարող չազդել Հայաստանի տնտեսության վրա:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրի այցի ժամանակ վստահեցրել է՝ «Ես համոզված եմ, որ մենք ամեն ինչ անելու ենք՝ մեր թիմով, կառավարությունով, նախագահի գլխավորությամբ, որ մինչեւ տարվա վերջ այդ տնտեսական աճը մենք ապահովենք, քանի որ 2015 թվականի բյուջեում դրված է 4,1% տնտեսական աճ», տնտեսագետ Խաչատրյանն ասաց. «Հայաստանը մեծ քանակությամբ պարտքեր է վերցնում, եթե այդ պարտքերի հաշվին ուզում են աճն ապահովել, թող ապահովեն: Այս տարի տրանսֆերտները կրճատվելու են մինչեւ 1 միլիարդի չափով, իսկ սա տնտեսության վրա բացասական է ազդելու: Այս կրճատման տեղը կամ ներդրումներով կամ պարտքով կարող են լրացնել: Ներդրում չկա, տրանսֆերտները նվազել են, մնում է պարքտ վերցնելը: Տեսեք՝  գնաճն  5,1% է հասնում, նույնիսկ գնաճը չեն կարողանում կարգավորել: Գնաճը եւս բացասական է ազդում տնտեսության  վրա, ինչքան բարձր գնաճ, այնքան ցածր տնտեսական ճա: Այնպես չէ, որ ասում են  4,1% աճ ու նկարեն 4,.1%: Բա հետո, բա ժողովուրդը պե՞տք է զգա իր մաշկի վրա այդ 4,1% տնտեսական աճը»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31