Լրահոս
Օրվա լրահոսը

Հնչակյան Քսան անմահների սուրբ նահատակության հարյուրամյա տարելիցը ոգեկոչող միջոցառում

Օգոստոս 06,2015 20:55

Օգոստոսի 6-ին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի հանդիսասրահում տեղի ունեցավ 1915 թվականի հունիսի 15-ին Բայազետի Սուլթան Բայազիդ հրապարակում կախաղան բարձրացված Հնչակյան Քսան հերոսների նահատակության 100-րդ տարելիցը ոգեկոչող միջոցառում, որին ներկա էին  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, կուսակցության կենտրոնական վարչության անդամներ, բարձրաստիճան հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ «Նոր սերունդ» մշակութային միության ատենապետուհի Անի Եփրեմյանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար  Հրանուշ Հակոբյանը նշեց. « Օրեր առաջ ՀՀ ԳԱԱ կազմակերպված գիտաժողովի ժամանակ խոսվեց 20 անմահների հերոսական վարքի և նահատակության մասին: Հիմա նորից եմ ուզում հիշեցնել Փարամազի հայտնի միտքը, թե` «Հայը մի անգամ էլ պիտի մեռնի, որ հայը ապրի», բայց արդեն այս մեծ հայի, նվիրյալ նահատակի խոսքը, թող ներվի ասել, որոշ իմաստով ուզում եմ շտկել, խմբագրել. երբ Փարամազն ասում էր այս խոսքերը, Օսմանյան Թուրքիան հայի գոյության խնդիրն էր դրել, և նրա` «…մեռնելով ապրելու» փիլիսոփայությունը արդիական էր: 100 տարի հետո փոխվել ենք մենք. կոտորվողից, հայրենազրկվողից, պարտվողից վերածվել ենք հաղթանակած, մեկի փոխարեն երկու պետություն կերտած, մեր շեներն ու ավանները կառուցող, մեր գիտությունն ու մշակույթը զարգացնող հզոր ազգի: Այսօր երկու անկախ պետություններով և միակամ հզոր Սփյուռքով մենք մշակում ենք մեր ազգային քաղաքականությունը և կերտում մեր լուսավոր ապագան:

Մեր նահատակ հերոսներին հպարտությամբ կարող եմ ասել. թող խաղաղություն իջնի ձեր լույս հոգիներին, և դուք կարող եք հանգիստ լինել, քանի որ ձեր երազանքը մասամբ իրականացրել են ձեր սերունդները:

Քանի դեռ հաղթանակում ենք, ուրեմն անմահ են մեր քսանները և խաղաղված մեր սրբադասված միլիոնուկեսերը»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, որն իր խոսքում կարևորեց այն պատմական իրողությունը, որ տակավին 1913թ. արդեն Փարամազը և նրա ընկերները հստակ ճանաչել էին երիտթուրքական կառավարության հրեշավոր էությունը և զգուշացնում էին նրանցից:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը փոքրիկ պատմական էքսկուրսի միջոցով ներկայացրեց ոչ միայն ՍԴՀԿ համառոտ պատմությունը, այլև մերկացրեց քսանի նահատակման՝ թուրքական դատարանի կեղծ դատավճիռը:

Ներկաները դիտեցին Բեյրութի «Նոր սերունդ» մշակութային միության «Արեգ» պարախումբի ելույթը, ունկնդրեցին Սմբատ Խալաթյանի և Անի Եփրեմյանի  և այլոց կատարումները:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31