Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանը մեկ ամիս է ինչ սկսել է աշխատել

Օգոստոս 07,2015 20:15

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեցին Ախուրյանի շաքարի գործարանում աշխատողները: Նրանց մի քանիսի փաստմամբ, դեկտեմբերի 25-ից  գործարանը չէր աշխատում, 7 ամսվա դադարից հետո նոր միայն սկսել են աշխատել:

«Գրեթե  միշտ այսպես է, երբեմն 3-4 կամ  3-5 ամիս աշխատում ենք, մնացած ժամանակ  հարկադիր հանգստի մեջ ենք: Աշխատելու ընթացքում մոտ 50 հազար տոննա շաքարավազ ենք արտադրում, սա  էլ հազիվ կարողանան տարվա կտրվածքով սպառել», -ասում են գործարանի աշխատակիցները: Հիշեցնենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում շաքարավազ չի արտադրվել:

Ի նկատի ունենալով, որ շաքարի գործարանը Ախուրյանի վարչական տարածքում է եւ այս գյուղից շատ աշխատակիցներ կան,  Aravot.am-ը գյուղապետ Արծրուն Իգիթյանից հետաքրքրվեց, թե՞ աշխատում է գործարանը: Գյուղապետն ասաց, որ գործարանի սեփականատերը համայնքային բյուջե հարկերը պարտաճանաչորեն փոխանցում է, սակայն գործարանի աշխատել-չաշխատելու մասին այս պահին հստակ տեղեկություն չունի, քանի որ աշխատակիցները մշտական չեն, ժամանակավոր են ու շուտ-շուտ փոխվում են:

Ախուրյանի շաքարի գործարանում աշխատողներից ոմանք եւս փաստեցին, որ այն մշտական աշխատանք լինել չի կարող, քանի որ գործարանը ամիսներով կանգնում է, նա, ով կարողանում է այդ ընթացքում աշխատանք ճարել, այլեւս շաքարի գործարանում չի աշխատում: Գյուղապետերից մեկն էլ, խնդրելով անուն-ազգանուն չհրապարակել, նեղվեց, թե շաքարի գործարանի տնօրինությունը այդպես էլ գյուղացիների հետ լեզու չգտավ, որ  ճակնդեղ արտադրեին ու շաքարի գործարանին հանձնեին, գերադասեց կիսաֆաբրիկատ, ներկրած  հումքով շաքարավազ ստանալ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31