Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է մտածում Պուտինը

Օգոստոս 08,2015 13:00

Միացյալ Նահանգները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանեց այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մալայզիական «Բոինգի» գործով միջազգային տրիբունալի քվեարկությանը ՌԴ-ն վետո կիրառեց: Սեկտորալ նոր պատժամիջոցների են ենթարկվում ռուսական նավթային հսկա Ռոսնեֆտի եւ Վնեշէկոնոմբանկի կառույցները, մասնավորապես՝ ներդրումների Ռուսական հիմնադրամի կառավարող ընկերությունը, Գլոբեկս բանկը, Պրոմինվեստբանկը, ՎԷԲ Ասիա լիմիթեդը, ՎԷԲ կապիտալը, ՎԷԲ ինժիներինգը, ՎԷԲ լիզնինգը, Վանկորնեւտը, Յուգանսնեւտեգազը, Ռոսնեֆտ ֆինանսը, Ռոսնեֆտ Թրեյդ Լիմիթեդը, Ռոսնեֆտ Թրեյդինգը: ԱՄՆ պատժամիջոցների ենթակաների ցանկում են նաեւ Իժմաշը, ՄԱԿՕ հոլդինգը, SET Petrochemicals-ը, Southeast Trading-ը, Southeast Trading OY-ը, Եվպատորիայի, Թեոդոսիայի, Կերչի, Սեւաստոպոլի, Յալթայի նավահանգիստներն ու Կերչի լաստանավային ուղեկալը: «Այսօրվա միջոցառումները վկայում են մեր վճռականությունը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հարցում՝ միջազգային իրավունքի նորմերի խախտման եւ Ուկրաինայում իրավիճակը լարելու համար»,- հայտարարել է ԱՄՆ ֆիննախի արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի ղեկավար Ջոն Սմիթը:

Վերաբեռնավորումը («reset»-ը տարիներ առաջ շրջանառության մեջ էր դրել Սպիտակ տունը` ռուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու համար- Է. Գ.) տապալել է ոչ թե Օբաման, այլ Պուտինը՝ «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք էր օրերս հայտնել 2012-2015թթ. ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ ՄըքՖոլը: Ըստ նրա՝ այսօր ռուս-ամերիկյան հարաբերությունները վատթարագույն վիճակում են ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր, եւ լավատեսության համար որեւէ հիմք չկա. «Երկկողմ հարաբերությունները շտկելու համար Ռուսաստանը պետք է դադարեցնի աջակցությունը Ուկրաինայի անջատողականներին եւ դուրս գա Ղրիմից»:

Ինչո՞վ է պատասխանում Մոսկվան Արեւմուտքի քայլերին, որոնք ակնհայտորեն Ռուսաստանին օր օրի ավելի են մղում դեպի անդունդ: Տպավորություն է ստեղծվում, որ այսօր ՌԴ-ն ղեկավարում են իրականության հետ կապը կորցրած անհատներ: Ռուսաստանը նոր դիմում է ներկայացրել ՄԱԿ-ին, որով պահանջվում է Արկտիկայից 1,2 մլն ք/կմ տարածք ռուսաստանյան ճանաչել: Ռուսաստանցի գիտնականները բազմաթիվ գիտական տվյալներ են ներկայացրել, որոնք ամրապնդում են Մոսկվայի պահանջներն առ այն, որ «պահանջվող տարածքները Ռուսաստանի մայրցամաքային ծանծաղուտն է»:

Ռուսաստանում ուշագրավ գործընթաց են ծավալվում վերջին օրերին: Օրինակ` ոչնչացվում է ԵՄ-ից ներկրված պատժամիջոցային ցուցակի սննդի առաջին խմբաքանակը։ ԵՄ երկրներից ներկրված արգելված մթերքները ոչնչացնելու մասին  հրամանը ստորագրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սամարայի շրջանում արդեն իսկ այրել են խոզի մսի խմբաքանակը, որը, ըստ «Ռոսսելխոզնադզորի», ներկրվել էր կեղծ փաստաթղթերով։ Պատժամիջոցային ցուցակում հայտնված մթերքների ոչնչացման մասին որոշումն արդեն հանգեցրել է նրան, որ ԵՄ-ից շրջանցիկ ճանապարհով սննդամթերքի ներկրման ծավալները կտրուկ նվազել են։ Հարցին, թե կարո՞ղ է արդյոք այդ որոշումը փոխվել հասարակության պահանջի հիման վրա, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Նախագահի հրամանը ուժի մեջ է մտնում եւ ենթակա է պարտադիր կատարման»։ Մինչդեռ Ռուսաստանում հասարակական բուռն արձագանք է առաջացրել նշյալ որոշումը: Մթերքների ոչնչացման դեմ խնդրագիրը համացանցում հավաքել է ավելի քան 100 հազար ստորագրություն: Ավելի քան 100 հազար մարդ խնդրում է չեղարկել ՌԴ ներկրման արգելք ունեցող մթերքների ոչնչացման մասին հրամանագիրը եւ օրենք ընդունել այդ մթերքները կարիքավոր ռուսներին, մասնավորապես՝ վետերաններին, թոշակառուներին, հաշմանդամներին, բազմազավակներին, բնական աղետներից տուժածներին փոխանցելու մասին:

Մեկ այլ ցնցող պատասխան Ռուսաստանից` Արեւմուտքին: ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը մշակել է կառավարության կանոնակարգի նախագիծ, որը սահմանափակում է բժշկական արտադրանքների պետական գնումները: Դրանց թվում են՝ պահպանակները, հակասեպտիկները, ռենտգենյան սարքերը, ուլտրաձայնային հետազոտության սարքերը, թոքերի արհեստական օդափոխության սարքերը, օրթոպեդիկ մանկական կոշկեղենը: Արգելքը չի վերաբերում Մաքսային միության երկրներին: ՌԴ վարչապետի օգնական, ՌԴ նախկին գլխավոր սանիտարական բժիշկ, հանրահայտ Գենադի Օնիշչենկոն վստահեցրել է ռուս հասարակությանը, թե արտասահմանյան պահպանակների պետական գնումից հրաժարումը չի սպառնում ռուսաստանցիների առողջությանը, հակառակը՝ կօգնի բարելավել ժողովրդագրական վիճակը երկրում: Օնիշչենկոն բառացիորեն ասել է հետեւյալը. «Պահպանակները առողջության հետ ոչ մի կապ չունեն, դա պարզապես կստիպի լինել ավելի կազմակերպված, ավելի խիստ եւ պահանջկոտ զուգընկերոջ ընտրության հարցում, անգամ հնարավոր է՝ որոշակի ծառայություն կմատուցի մեր հասարակությանը՝ ժողովրդագրական խնդիրների լուծման առումով»:

Եւ սա ասվում է մի երկրում, որտեղ ՄԻԱՎ-ով հիվանդների թիվն ավելին է, քան ամբողջ ԵՄ-ինը միասին վերցրած՝ գումարած ալկոհոլիզմով ու թմրամոլությամբ տառապողներինը:

Անելանելիությունից դրդվա՞ծ են ՌԴ իշխանությունները իրավիճակին ոչ համարժեք քայլերով հանդես գալիս՝ դժվար է ասել: Մինչդեռ իրավիճակը ՌԴ-ում իսկապես պայթյունավտանգ է, ռուբլին ռեկորդային անկման փուլում է. 1 դոլարը հասել է 64,31 ռուբլու, 1 եվրոն` 70,05 ռուբլու: Ռուսական Ռոսնեֆտ ընկերության նախագահ Իգոր Սեչինը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ զգուշացնելով, որ 2017-ին Ռուսաստանում բենզինի դեֆիցիտ է սպասվում: Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Մոսկվայի բորսայում նվազել է՝ հասնելով 49,57 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, իսկ WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Մոսկվայի բորսայում հասել է 46,73 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Մոսկվան փորձ է անում աշխարհին ցույց տալ, թե ԵՏՄ-ն զբաղված է առեւտրատնտեսական լուրջ ծրագրերով: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանի ապագան՝ որպես եվրասիական խոշոր պետության, որի երկու երրորդը գտնվում է Ասիայում, անքակտելիորեն կապված է տարածաշրջանի մյուս երկրների հետ: ԵՏՄ-ն համաձայնագիր է կնքել Վիետնամի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ: Իսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ստորագրել է օրենքը, համաձայն որի՝ Ղրղըզստանը միանում է Եվրասիական տնտեսական միությանը: Ղազախստանը դարձավ վերջին պետությունը, որը վավերացրեց ԵՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցության պայմանագիրը։ Բայց ինչպե՞ս է տնտեսապես ու ֆինանսապես մաշվող Ռուսաստանը կայացնելու ԵՏՄ-ն` ոչ ոք չի խոսում այս մասին:

Ի՞նչ է սպասվում Պուտինի ղեկավարմանը, առհասարակ՝ որքա՞ն նա կմնա իշխանության ղեկին. շատերը կհամաձայնեն, որ այս հարցերը վաղաժամ են հնչում: Բայց որ Պուտինի իշխանավարմանը լուրջ վտանգներ կարող են սպառնալ՝ դա եւս չի կարելի բացառել: Արեւմուտքի հետ լարվածությունը օտարերկրյա ներդրումների նվազման է հանգեցրել, հարյուրավոր բանկեր կանգնած են կոլապսի եզրին: Բողոքի լուրջ ակցիաներ, իհարկե, ՌԴ-ում տեղի չեն ունեցել, Պուտինի վարկանիշը շարունակում է բարձր մնալ, ռուս հասարակության գերակշիռ մասն էլ համարում է, որ պաշտպանական ոլորտն ավելի առաջնահերթ է, քան երկրի տնտեսական զարգացումը:

Բայց արդյոք այս իրավիճակը կարո՞ղ է երկար պահպանվել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

07.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Իսկ ինչ պիտի աներ Պուտինը? Լռելայն պիտի հանձներ Ղրիմն ու ձեռ քաշեր Սեւ ծովից ընդհանրապես, զիճելով այն թուրքերին, չէ որ այստեղ դարավոր մրցակցություն է? Եւ կամ սուս ու փուս պիտի համձայներ որ ՆԱՏՈ – ն ընդհուպ մոտենա իր մայրաքաղաքին? Դուք հասկանում եք ինչ ընտրության առաջ են կանգնեցրել ռուսներին? Իսկ հիշում եք ինչից սկսվեց “թունավորվել” ուկրաինայի ղեկավարությունը ռուսների դեմ? Իրականում ամեն ինչ սկսվեց, երբ ռուսները սկսեցին պահանջել որ իրենց շատ էժան տրվող բենզինն ու գազը չվերավաճառեն լեհաստանին ու մյուսներին: Ինչն էր իրենց սխալը? Հիմա ուկրերի տերն էլ … էն բան եղավ, ռսներինն էլ, աշխարհն էլ շատ մեծ վտանգի առջեւ կանգնեց! Ինչ վերաբերվում է Պուտինին ու ռսներին, ապա չեն զիճելու, միանշանակ! Իրենք սով ու կոտորած, մահ ու ավերածություն շատ են տեսել: Իհարկե վիճակը ծանրանում է եւ դեռ կծանրանա: Իսկ երբ գործը հասնի կրիտիկական հուսահատության կետին, ապա ձեռքները կտանեն դագանակին – “որտեղ կտրի կապը էնդեղ տիրու պապը”, ասելով: Արեւմուտքն այս հաշիվը չի անում ըստ երեւույթին, որովհետեւ նման մոտեցումն իրենց համար խիստ անսովոր է վաղուց:

  2. Atshak says:

    Պուտինը մտածում է, թե ոնց անի, որ Էմմա Գաբրիելյանը չիմանա, թե ինքը ինչ է մտածում… 😀 😀

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31