Լրահոս
Օրվա լրահոսը

Կկանգնե՞ն նույն հարթակում Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Արթուր Բաղդասարյանը

Օգոստոս 08,2015 10:00

ՕԵԿ-ն ու նրա արբանյակ «Հայկական վերածնունդ» միավորումն ամռան այս տապին մարզերում  բավական ակտիվ կուսակցական շինարարությամբ են զբաղված` հանդիպումներ, քննարկումներ, անդամագրումներ, համալրումներ: Ասում են՝ ամենաբարձր ցուցանիշն էլ ՕԵԿ-ական պատգամավոր, կուսակցության Արարատի մարզի պատասխանատու Իշխան Խաչատրյանն է գրանցել: Վերջինս կրկին «մարտի» է ելել Վեդիի 16 տարի պաշտոնավարող ՀՀԿ-ական քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի հետ: Նրանք, ի դեպ, ազգականներ են եւ բավական լարված հարաբերությունների մեջ են: Մեր աղբյուրի պնդմամբ, սակայն, Իշխան Խաչատրյանին միեւնույն է՝ չի հաջողվի մարզում ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին գերազանցել: Գագիկ Ծառուկյանի` ԲՀԿ-ն ու քաղաքականությունը լքելուց հետո էլ Արարատի մարզում ԲՀԿ-ն դեռ բավական ամուր դիրքերում է: ԲՀԿ Արարատի մարզի պատասխանատուն, հիշեցնենք, 2008-ի «մարտի 1-ի» գործողությունների ժամանակ աչքի ընկած, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ԲՀԿ նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանն (Շերիֆ) է: Ասում էին, որ նա լուրջ առողջական խնդիրների պատճառով է վայր դրել մանդատը եւ արտերկիր մեկնել: Հետո խոսակցություններ շրջանառվեցին, որ առողջական խնդիրը շղարշ էր՝ ինչ-ինչ բաներից խուսափելու համար:

Իր եւ ազգականի հետ թարմացող հակասությունների մասին Իշխան Խաչատրյանի հետ չհաջողվեց խոսել. զբաղված էր անձնական խնդիրներով: Իսկ կուսակցության ակտիվության մասին մեր հարցից ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նախ զարմացավ. «Ես առաջին անգամ եմ լսում, որ ակտիվ ցուցակագրում է կատարվում»: Հաջորդ խորհրդարանական ընտրությունների ցուցակի շուրջ արդեն սկսված բանակցությունների հարցն էլ նրան ծիծաղելի թվաց: «Դե լավ էլի, մենք արձակուրդում ենք»,- ասաց, ծիծաղեց ու շարունակեց. «ՕԵԿ-ն իր բոլոր կառույցներով, նաեւ «Հայկական վերածննդի» բոլոր հասարակական ու քաղաքական կազմակերպությունները ողջ երկրով մեկ շատ ակտիվ են: Արձակուրդներից հետո մեր բոլոր կառույցները շատ ակտիվ կմասնակցեն քաղաքական կյանքին»: Նա դրվատանքով խոսեց Իշխան Խաչատրյանի եւ նրա կազմած քաղաքական թիմի մասին, բայց հավելեց, որ մյուս կառույցներն էլ բավական ակտիվ են, տարբեր միջոցառումներ են կազմակերպում` նոր մարդիկ են ընդգրկում իրենց շարքերում:

«Առավոտի» հարցին էլ` հիմա արձակուրդո՞ւմ եք, թե՞… պատասխանեց, որ արձակուրդում են ու արձակուրդային շրջանն այսպես են օգտագործում: Օգոստոսի 15-ից հետո ՕԵԿ պատգամավորներն ու պատասխանատուները կմեկնեն հանգստի:

Նկատեցինք, որ քաղաքական դաշտի այն հատվածը, որը դեռ քաղաքում է ու ակտիվ է, մտահոգված են սահմանադրական բարեփոխումների նախագծով, իսկ ՕԵԿ-ը կուսակցական շինարարությամբ է զբաղված: Տիկին Բիշարյանը հակադարձեց. «ՕԵԿ-ն ու  «Հայկական վերածնունդը» սահմանադրական չարեփոխումների հետ կապված քննարկում արել են, եւ ընդհանուր ձեւավորված կարծիք կա` այսպիսի սահմանադրական փոփոխություններն անընդունելի են: Մեր այս հանդիպում-քննարկումների ամենաթեժ առարկան սահմանադրական փոփոխություններն էլ են: Բոլորը բացասական են խոսում այդ փոփոխությունների եւ դրանք այս պահին իրականացնելու մասին»:

Հուլիսի 22-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Միխայիլ Լինկի հետ: Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների մասին: Aravot.am-ի տեղեկություններով՝ Տեր-Պետրոսյանը բավական կոշտ է խոսել եվրոպացի չինովնիկի հետ ու հայտարարել է, որ ՀԱԿ-ն աշնանը ակտիվ գործողություններ է ձեռնարկելու, հասարակության լայն զանգվածներին կրկին փողոց է դուրս բերելու` սահմանադրական բարեփոխումները տապալելու համար: Երեկ ՀԱԿ մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը այս առիթով մեր հարցին պատասխանել էր. «Նախ` այդ հանդիպման մասին մենք տեղեկություն ենք տարածել, եւ այնտեղ մեր տեսակետը գրված է սպառիչ: Երկրորդ` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մենք հայտարարություն արել ենք, որտեղ է՛լ ավելի սպառիչ գրված է մեր մոտեցումն այս գործընթացի նկատմամբ: Երրորդ` մենք երբեք ոչ մի առիթ բաց չենք թողնելու` այս փոփոխությունների, իսկ իրականում սահմանադրական հեղաշրջման նախագիծը տապալելու եւ Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու հարցում»: Տիկին Բիշարյանից հետաքրքրվեցինք` կհամագործակցե՞ն առաջին նախագահի հետ: Նա ասաց, որ «Հայկական վերածնունդն» իր շուրջն արդեն միավորում է այն քաղաքական ուժերին, որոնք մտածում են, որ որեւէ հարցի շուրջ պետք է համախմբում եւ միավորում լինի. «Կարծում եմ՝ ընդհանուր ճակատով կարելի է համագործակցել: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր գործողություններն արդեն կատարել է, բավական շատ քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ է համախմբել իր շուրջը, եւ մենք այդ թիմով պատրաստ ենք համագործակցել բոլոր քաղաքական ուժերի ու միավորների հետ, եթե շահերը համընկնեն՝ կլինեն դրանք սահմանադրական փոփոխությունները, թե առկախված սոցիալ-տնտեսական խնդիրները»:

Հիշեցնենք, որ 2008 թվականի ընտրություններից հետո, երբ Արթուր Բաղդասարյանն ի վերջո կանգնեց Սերժ Սարգսյանի հետ նույն հարթակում, մեղմ ասած, փոխադարձ բավական կոշտ ու հրապարակային որակումներ հնչեցին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

07.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nune (ԵՊՀ) says:

    2008-ին նույն ՕԵԿ-ը իբր նախաձեռնեց ,,քաղաքացիական շարժում հանուն նոր Հայաստանի,,` և բոլորս ականատես եղանք մարտիմեկյան արյունահեղությանը, իսկ կուսակցապետը դարձավ ,,հաճախորդ,,…
    Նա հետագայում նույնիսկ տեր չկանգնեց իրեն սատարելու համար որպես ընդիմադիր ընկալված ու պետական աշխատանքից զրկված մարդկանց…
    Նոր Հայաստանը կառուցեցին` հիմա էլ հայկական վերածնունդից են խոսում, որը անբարոյականությանը համարժեք քաղաքական սեթևեթանք է…
    ՈՐՏԵՂ ՕԵԿ, ԱՅՆՏԵՂ `անվստահություն…

  2. Միքայել Բաղրամըան says:

    Ամոթ է Արթուր Բաղդասարյանին նույնիսկ կոչել քաղաքական գործիչ: Ազգովի պետք է արհամարել Արթուր Բաղդասարյանի այսպես կոչած “Հայկական վերածնունդը”: Սա նախկինում ատելության արժանացած և կլինիկական մահ արձանագրած գլխաքանակի վերակենդանացման փորձ է նոր անվան տակ: Ի դեպ Հայերի համար բաղձալի բառերի սեփականաշնորհումը կարող է վնաս հասնելնաև իրական վերածննդի համար պայքարող մարդկանց, քանզի մարդիկ շատ հաճախ հրաժարվում են այն սիմվոլներից որոնք վորևէ կերպ կեղտոտված են: Էլ չեմ ասում թե ովքեր են ֆինանսավորում կամ հովանավորում նորածին “կուսակցությանը”:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31