Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում մարդիկ հոգնած են ու անտարբեր»

Օգոստոս 08,2015 15:01

Ասում է բեռլինաբնակ հաղորդավարուհի Ալիսա Ղալաչյանը

 «Առավոտ»-ը Բեռլինում 13 տարի շարունակ բնակվող գյումրեցի հաղորդավարուհի Ալիսա Ղալաչյանից հետաքրքրվեց, թե Գերմանիայում բնակվող հայերից կա՞ն արձագանքողներ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած «Արի տուն» ծրագրին, ի՞նչն է պատճառը, որ ոմանք գերադասում են դրսերում գողությամբ զբաղվել, ճամբարներում մնալ, անգամ վրանների մեջ քնել, բայց հայրենիք չեն վերադառնում:

«Գողությամբ միայն հայերը չէ, որ զբաղվում են: Դա հատուկ է, այսպես ասած, սովետի ժողովրդին, այն ժամանակ, երբ մարդիկ աշխատում էին ֆաբրիկաներում, մի բան վերցնել-տանելը, դա երեւի հիվանդություն կամ հոգեբանություն է, որը շարունակում են արտերկրում: Իսկ ինչ վերաբերում է սփյուռքի նախարարի «Արի տուն» ծրագրին, չեմ լսել, որ որեւէ մեկը ուզի Գերմանիայից հայրենիք վերադառնալ: Միգուցե ասողներ լինեն՝ եթե Հայաստանում շատ լավ լինի, կվերադառնանք, բայց երբ երկար ապրում ես դրսում, սովորում ես, այդ տեղանքն էլ քեզ հարազատ վայր է դառնում: Այնպիսի զգացողություն է, որ դու քեզ մեկ-մեկ զգում ես օդից կախված. ֆրանսիացի մի լավ բանաստեղծ կա ՝ Ադելբերտ Ֆոն Քամիսսո, որը ֆրանսիացի էր, բայց Գերմանիայում էր ապրել: Նա ասում էր՝ ես Ֆրանսիայում գերմանացի եմ, Գերմանիայում՝ ֆրանսիացի եմ, արիստոկրատների մեջ հասարակ եմ, հասարակների մեջ արիստոկրատ եմ, դեմոկրատների մեջ տիտղոսավոր եմ, տիտղոսավորների մեջ դեմոկրատ եմ, կաթոլիկների մեջ բողոքական եմ, բողոքականների մեջ կաթոլիկ եմ, ես ոչ մի տեղից չեմ, ես ամենուր օտար եմ: Նրա մտքերը մեջս տպավորվել են, այդ զգացողությունը կա դրսում ապրողների մեջ: Տխուր է, բայց իրականություն է, դու քո անհատականությունը չես կարողանում պահպանել, դրսում մնում ես օտարերկրացի, գալիս ես հայրենիք, այստեղ էլ կարծես եկվոր ես»,- ասում է Ալիսա Ղալաչյանը:

Մեր զրուցակիցը գրեթե ամեն տարի այցելում է Հայաստան, սակայն նրա տպավորությամբ, հայրենիքում չկա առաջվա սերը, չկա կյանք, մարդիկ հոգնած են, անտարբեր են դարձել: «90-ական թվականներին՝ մութ ու ցուրտ տարիներին, երբ ես աշխատում էի հեռուստաստուդիայում, միայն գիշերներն էին հոսանք տալիս՝ այն էլ սահմանափակ ժամով, բայց կյանքն ավելի հետաքրքիր էր, ավելի ուրախ, մի տեսակ իմաստ կար, մի տեսակ սեր կար, իսկ հիմա չեմ զգում: Նկատել եմ, որ մարդիկ նյութականին մեծ տեղ են տալիս, Եվրոպայում այդքան շատ չեմ զգում, որքան այստեղ, ով ավելի ապահով է, պատկառելի մարդ է դառնում: Իսկ իմ ծննդավայրը՝ Գյումրին, դատարկվել է, կենդանություն շատ քիչ եմ նկատում: Ճիշտ է՝ սարքում են, ինչ-որ բաներ կան, բայց դատարկություն եմ զգում: Բարսեղյան Լեւոնը («Ասպարեզ» ակումբ) 1995 կամ 1996 թվականին մի ֆիլմ նկարահանեց՝ «Մահվան հովիտը», հիմա անընդհատ այդ ֆիլմն եմ հիշում, մահվան հովտի գաղափարը կա Գյումրիում»,- մտահոգվում է մեր զրուցակիցը:

Ալիսա Ղալաչյանի ասելով` բազմաթիվ հայ մտավորականներ, հիմնականում բժիշկներ տեղափոխվում են Բեռլին, վերապատրաստվում են ու որոշ ժամանակ անց մեծ անուն ձեռք բերում, բացում են սեփական կլինիկաները:

Նրա ներկայացմամբ, հայ մտավորականության արտահոսքի պատաճառն այն է, որ Գերմանիան ստեղծում է բոլոր պայմաններն առաջ գնալու ու լավ զգալու համար: Հաղորդավարուհու ասելով` ինքը թեեւ մեծ ճանաչում ուներ Շիրակի մարզում (նա եղել է Հայաստանի Հանրապետության առաջին մասնավոր հեռուստաընկերության՝ «Ցայգ»-ի առաջին հաղորդավարուհին, այնուհետ աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում- Ա.Ն.), այդուհանդերձ ինչպես բոլոր հայտնի դեմքերը, ինքը եւս արտագաղթեց ոչ հրաշալի պայմաններից դրդված: «Ես հեռացա 2000 թվականին, բայց մինչ այդ արտագաղթի հոսքը սկսվել էր: Իմ գնալու պատճառներից մեկը մի փոքր արկածախնդրությունն էր, Եվրոպայի նկատմամբ հետաքրքրությունը, սերը, բայց, իհարկե, դերակատարություն են ունեցել նաեւ վատ պայմանները: Այդ ընթացքում աշխատում էի երեք տեղ՝ թերթերին հոդվածներ էի տալիս, թատրոնում որպես դերասանուհի էի աշխատում, ստուդիայում էի աշխատում, պայմանները դժվարացել էին, աշխատավարձը ուշանում էր: Մտածեցի՝ Եվրոպայում հնարավորություններն ավելի շատ կլինեն ու չսխալվեցի: Գերմանիայում տարբեր աշխատանքներ եմ արել՝ թե որպես վաճառողուհի եմ աշխատել, թե սրճարաններում եմ աշխատել, պիտի աշխատես մինչեւ լեզուն սովորես, ինտեգրացվես, կողմնորոշվես: Երիտասարդներ կան, որոնք ավելի շուտ են կողմնորոշվում, թե իրենց ինչ է պետք, ես մի քիչ ուշ կողմնորոշվեցի, հիմա եվրոպական բարձրագույն կրթություն եմ ստանում, սովորում եմ, որ սոցիալական աշխատողի մասնագիտություն ձեռք բերեմ: Դժվարը կողմնորոշվելն է, կողմնորոշվի, ճիշտ ճանապարհ ընտրի, ու Գերմանիան քո կողքին է: Դու միայն ուզի, ձգտի, բիզնե՞ս ես ուզում դնել, մի տարի քո կողքից չեն հեռանում, մինչեւ փոքր ինչ կայանաս: Շատ կուզենայի, որ այդպես լիներ իմ հայրենիքում, այստեղ եւս մարդն արժեք ունենար, գնահատվեր պետության կողմից», -ասում է Ալիսա Ղալաչյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սեդրակ Պապիկյան says:

    Ցավալի է, որ Հայաստանում հայը պետության կողմից չի գնահատվում: Դա պատճառ է դառնում արտագաղթի: Մեր երիտասարդները Հայաստանում առանց կաշառքի աշխատանքի տեղավորվելու հնարավորություն չունեն: Իմ երեք երեխաներից գոնե մեկը աշխատանք չգտավ: Նույն վիճակում են նրանց ընկերների մեծ մասը: Դա կառավարության լուծելու խնդիրն է:

  2. ՀՀ քաղաքացի says:

    Հարգելի Առավոտ եւ հեղինակ Նունե Արեւշատյան

    ԱՐԻ ՏՈՒՆ-ը հայրենադարձության ծրագիր չի, գլխավորողն էլ Հրանուշ Հակոբյանը չի: Սփյուռքհայ երիտասարդների 15 օրյա հանգիստ է Հայաստանում, ՊԵՏԱԿԱՆ ծրագիր է, որ իրականացնում է Հրանուշ Հակոբյանի ղեկավարած նախարարությունը: Այնպես որ տեղին չէ այս ծրագրի հետ կապել Հայաստան վերադառնալ չկամեցողներին: Իմ ընկերոջ տղան այս ծրագրով եկել գնացել է, դրա համար գիտեմ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31