Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության անհրաժեշտություն

Օգոստոս 10,2015 10:00

Սովորաբար ներքաղաքական ընդդիմադիր շարժումները մեզանում ծավալվում ու սրվում են հատկապես գարնանն ու աշնանը, եւ դա միանգամայն բնական է, որովհետեւ եղանակի առումով հատկապես աշունն ու գարունն են նպաստավոր հանրահավաքների, նստացույցերի եւ ընդդիմադիր այլ միջոցառումների համար, եւ ամենեւին պատական չէ, որ «թեժ աշուն» ձեւակերպումը մեզանում ամենագործածական քաղաքական արտահայտություններից է դարձել:

Չնայած ջերմաստիճանի առումով տարվա եղանակներից ամենաթեժը ամառն է, այդուհանդերձ՝ մեր քաղաքական ու ներքաղաքական բառապաշարի մեջ «թեժ ամառ» արտահայտությունն ամենեւին գործածական չէ, որովհետեւ մեզանում քաղաքական ու մանավանդ ներքաղաքական թեժ իրադարձությունները հիմնականում աշնանն են ակնկալվում: Այսուհանդերձ, վերջին երկու տարիներին մեզանում հակառակն է տեղի ունեցել. այսինքն՝ ներքաղաքական թեժ իրադարձությունները ոչ թե աշնանն ու գարնանն են տեղի ունեցել, այլ հենց ամռանը: Մի քանի պատճառներով:

Ամառային նախորդ շարժման առիթն ու պատճառը տրանսպորտի ուղեվարձի թանկացման քաղաքապետարանի մտադրությունն էր: Երիտասարդությունը ոտքի կանգնեց, եւ քաղաքապետարանը հետ կանգնեց իր հանցավոր մտադրությունից:

Ամառային հաջորդ շարժումը կազմակերպվեց գրեթե նույն երիտասարդների կողմից այս ամառ՝  էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված: Այս անգամ էլ երիտասարդ քաղաքացիականների պայքարը որոշակի արդյունք տվեց: Համենայնդեպս, ամառային այդ թեժ պայքարի շնորհիվ է, որ մենք առայժմ նախկին գինն ենք մուծում մեր ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց: Հնարավոր է, որ երկու թանկացումների փորձերն էլ իշխանություններն ամառվա տապին նախաձեռնեցին՝ երեւի ենթադրելով, որ ընդդիմությունն ամառվա շոգին ոտքի չի կանգնի: Եթե այդպես է, շատ էլ ճիշտ էին ենթադրել: Երկու դեպքում էլ երիտասարդ քաղաքացիականները փոխարինեցին բացակայող ընդդիմությանը: Ընդ որում՝ միանգամայն հաջող փոխարինեցին:

Իսկ ինչո՞ւ  էր ընդդիմությունը բացակայում: Դրա պատճառները մի քանիսն են. դարձյալ՝ մեր կարծիքով:

Պատճառներից առաջինն այն է, որ մեր արմատական ընդդիմության ներկայացուցիչներից հիմնականները պատգամավոր դառնալով ու տեղափոխվելով խորհրդարան՝ արդեն խորհրդարանական պայքարը նախընտրում են փողոցային ու հրապարակային պայքարից: Ըստ ամենայնի, պատճառներից մյուսն էլ է կապված մեր հիմնական ընդդիմադիրների՝ պատգամավոր դառնալու հետ: Ընդդիմադիրը նույնպես մարդ է եւ պատգամավոր դառնալով՝ աստիճանաբար վարժվում է բարեկեցիկ կյանքին ու կյանքի կոմֆորտին: Եվ բարեկեցիկ կյանքին ու կյանքի կոմֆորտին վարժվելով ու  ամառային լիակատար հանգստի հնարավորություն ձեռք բերելով՝ նաեւ օգտվում է այդ հնարավորությունից: Ինչքան էլ Մարքսին հերքենք ու ժխտենք, ստիպված ենք համաձայնվել, որ իսկապես կեցությունն է որոշում գիտակցությունը: Այսինքն՝ ինչքան ավելի բարեկեցիկ կյանքով ես ապրում, այնքան ավելի պակաս ես դժգոհում կյանքից, իրականությունից եւ իշխանություններից, եւ ինչքան պակաս ես դժգոհում կյանքից, իրականությունից ու իշխանություններից, այնքան քեզ հեռու ես պահում փողոցային պայքարից:

Մեր խորհրդարանական ընդդիմադիրները խորհրդարանական պայքարը նախընտրելով՝ փաստորեն, արտախորհրդարանային պայքարի հարթակն ամբողջությամբ զիջել են այլոց, եւ հատկապես ու առանձնապես ամռան ամիսներին են զիջում, երբ խորհրդարան ու խորհրդարանական պայքար գոյություն չունի:

Արտախորհրդարանական ընդդիմադիր հարթակին հիմնականում տիրություն են անում երիտասարդ քաղաքացիականները, երբեմն նաեւ՝ Դավիթ Սանասարյանն ու Շանթ Հարությունյանի որդին՝ առանձին-առանձին, ինչպես նաեւ՝  Հիմնադիր խորհրդարանը, ինչպես նաեւ՝ երկրապահների զանազան բեկորներ:

Ինչպես տեսնում եք, լիքը ընդդիմադիրներ ունենք, եւ երիտասարդ քաղաքացիականների ամառային շարժումն էլ էլեկտրաէներգիայի սակագնի առումով միանգամայն դրական արդյունք տվեց:

Այսուհանդերձ, ինքնախաբեություն կլինի չնշել, որ Հայաստանի ընդդիմությունը երբեւէ այսքան թույլ չի եղել: Շատերը կարծում են, որ ընդդիմության ներկայիս թուլությունն ու չգոյությունը հանրապետության նախագահի խորագետ քաղաքականության արդյունքն է: Մենք էլ այդպես կկարծեինք, եթե համարեինք, որ ընդդիմության բացակայությունը նպաստում է հանրապետության զարգացմանն ու առաջընթացին: Սակայն մենք հակառակն ենք կարծում. կարծում ենք, որ հանրապետության զարգացմանն ու առաջընթացին նպաստում է ուժեղ ընդդիմությունը, որն իր պահանջատիրական կեցվածքով իշխանություններին մղում է ազգօգուտ գործունեության, եւ որը մշտապես իշխանություններին լավագույն տարբերակներ է առաջադրում եւ նույնիսկ պարտադրում: Այդպիսի ընդդիմություն էին ՀՀՇ-ն ու «Ղարաբաղ» կոմիտեն անցյալ դարի ութսունականների վերջերին եւ իննսունականների սկզբին: «Ղարաբաղ» կոմիտեն որպես ընդդիմություն այնքան ուժեղ ու հզոր էր, որ ինքն էլ  ի՛ր ընդդիմությունն ուներ: Հայրիկյանն ու խորհրդային շրջանի քաղբանտարկյալներն էին, որոնք նույնպես լուրջ ընդդիմություն էին: «Ղարաբաղ» կոմիտեն Ղարաբաղի հարցով էր խորհրդային իշխանություններին ընդդիմություն, իսկ անկախական հայրիկյանականներն էլ անկախության հարցում «Ղարաբաղ» կոմիտեին էին ընդդիմություն: Այդպես միմյանց ընդդիմանալով ու իրարից պահանջելով՝ միասնաբար առաջ էին շարժվում: Արդյունքում՝ եւ Ղարաբաղի, եւ անկախության հարցում ձեռքբերումներն ակնհայտ էին:

Ղարաբաղյան շարժումը հայոց ընդդիմության բարձրակետն էր, եւ ամենեւին պատահական չէ, որ այս ամառ Բաղրամյանը փակած երիտասարդ ակտիվիստներից շատերն իրենց շարժումը հպարտորեն համեմատում էին Ղարաբաղյան շարժման հետ:

Երիտասարդներն արեցին այն, ինչ ի վիճակի էին: Իրենք ավելի երիտասարդ են, քան Ղարաբաղյան շարժման լիդերները: Երիտասարդ են, բայց հասկացել են գլխավորը, այն է՝ ժողովրդավարական ուղին ընտրած երկիրն առանց ընդդիմության չի կարող գոյություն ունենալ:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ

07.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31