Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանապետը մի քիչ արտոնություն էր տվել իր էմոցիաներին». պատգամավորները՝ Վլ. Գասպարյանի պահվածքի մասին

Օգոստոս 10,2015 21:35

Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքը ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի նկատմամբ բավականին բուռն քննարկումների տեղիք տվեց:

Հիշեցնենք, որ ոստիկանապետը բղավում էր պատգամավորի վրա, գոռում, թե «Սա մեր բոլորի քաղաքն է, մե՛նք ենք այս ժողովրդի պաշտպանը։ Կանգնե՛ք, սթափեցրե՛ք, ազգի ընտրյալ եք։ Պրոսպեկտ եք փակում։ Սա փոքր երկիր ա, փոքր երկիր»։

Նկատենք, որ Ազգային ժողովը բարձրագույն պետական մարմին է, որին հաշվետու է նաեւ ոստիկանությունը, ուստի թե ինչ դիրքերից էր Վլադիմիր Գասպարյանը խոսում պատգամավորի հետ եւ նրան «հաթաթա» տալիս՝ պարզ չէր:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեր հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ոստիկանապետի այդ պահվածքը եւ Ձեր գործընկերոջ վրա բղավելը, պատասխանեց. «Ես քանի որ հոգեվերլուծության գործում շատ մեծ մասնագետ չեմ, այդ գնահատականը թողնում եմ համապատասխան պրոֆեսիոնալներին»:

Հարցին՝ ոստիկանապետն ի՞նչ իրավունք ուներ բղավելու Ձեր գործընկերոջ վրա՝ ՕԵԿ պատգամավոր Լեւոն Դոխոլյանը պատասխանեց. «Երեւի թե ոստիկանապետը մի քիչ արտոնություն էր տվել իր էմոցիաներին: Բայց ես համարում եմ, որ աշխատանքային խոսակցություն է եղել՝ այդքանը: Բայց որ այդ օրը որոշակի լարվածություն կար, դա ակնհայտ էր, բոլորս էլ տեսանք: Այսինքն, լարվածությունը փորձվեց որոշակիորեն կանխել»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, իրավիճակը լարված էր եւ ներելի՞ էր ոստիկանապետին՝ Լեւոն Դոխոլյանը պատասխանեց. «Ներելիի կամ աններելիի մասին չեմ խոսում: Ես համարում եմ՝ գլխավորը կանխվեց այն լարվածությունը, որը կար: Ես համարում եմ, որ եղել է զուտ աշխատանքային խոսակցություն»:

Մեր հարցին՝ Դուք թույլ կտայի՞ք, որ ոստիկանապետը Ձեր վրա այդպես բղավեր, սթափվելու կոչեր անել՝ պատգամավորը պատասխանեց. «Ես համարում եմ, որ դա ընդհանուրին էր վերաբերվում, ոչ թե պարոն Մարգարյանին: Պարոն Մարգարյանը եւ պատգամավորները այդ ամեն ինչը չէին արել, այլ՝ ժողովուրդը: Նա պարզապես սթափության կոչ էր անում, որը վերաբերում է ժողովրդին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31