Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Մեր առօրյայում շատ է պակասում թիմային աշխատանքը»

Օգոստոս 17,2015 21:03

Օգոստոսի 17-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի բացման հանդիսավոր արարողությունը։ Ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԿԳ նախարարը, Երևանի քաղաքապետը, բարձրաստիճան այլ հյուրեր։

Ամենամյա այս հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Երիտասարդական հավաքին ամեն տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ «Բազեն» նպաստում է ազգային արժեքների և գաղափարների տարածմանը, հայապահպանությանը և Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության ամրապնդմանը։ Վարչապետը շեշտեց, որ տարիների ընթացքում «Բազեին» հաջողվել է համախմբել բազմահազար երիտասարդների հայրենիքից և սփյուռքից՝ վերածվելով հայ երիտասարդական ինքնատիպ շարժման։ «Ցանկանում եմ ընդգծել, որ հպարտ եմ ձեզանով՝ երիտասարդ սերնդով, որն օժտված է ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով։ Համոզված եմ, որ ի դեմս ձեզ և ձեր գործունեության՝ ապագայում ունենալու ենք ուժեղ և զարգացած մայր հայրենիք»,- նշեց վարչապետը՝ շեշտելով նաև, որ երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։

Baze1

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը բացման խոսքում նշեց, որ «Բազեի» 13 տարվա պատմությունն ապացույցն է այն բանի, որ երիտասարդության համար այն սպասված միջոցառում է։ «Մեր առօրյայում շատ է պակասում թիմային աշխատանքը, և սա բացառիկ ծրագրերից է, որտեղ երիտասարդների մեջ ամրապնդվում է թիմային ոգին։ 13 տարին խոսուն տարիք է։ Շատ կազմակերպություններ անգամ չեն դիմանում այդքան երկար, սակայն «Բազեն», որ ստեղծման առաջին իսկ օրից փորձել են պիտակավորել, արդեն պատմություն ունի։ Ես վստահ եմ, որ հավաքը շարունակվելու է, որովհետև նրա հիմքում դրված գաղափարը, որ համախմբում է երիտասարդությանը, շատ կարևոր է՝ հատկապես 21-րդ դարի բազմաթիվ մարտահրավերները հաշվի առնելով։ Մենք կարողանում ենք համախմբել երիտասարդներին, հավաքի 7 օրերը հետաքրքիր դարձնել, ունակ ուժերին ճանաչելի դարձնել և առաջ մղել։ Ամեն մի «Բազե» հավաք յուրահատուկ է, ինքնատիպ իր մրցակցությամբ, մթնոլորտով և վերջապես՝ մարդկանցով»,- նշեց Կարեն Ավագյանը։

Բացման արարողությունից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը զրուցեց երիտասարդների հետ։ Նա անդրադարձավ վերջին օրերին մարզեր կատարած իր այցելություններին, ճանապարհաշինությանը, համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, գյուղատնտեսությանը։ Կառավարության ղեկավարը պատասխանեց նաև հավաքի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին «Նաիրիտին», էլեկտրաէներգիայի թանկացմանը և այլ թեմաների։

Նշենք, որ «Բազե» հավաքը կազմված է եռագույնը խորհրդանշող երեք ճակատներից, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են 9 հոգանոց 45 ջոկատների։ Ջոկատները ներկայացնում են Երևանը, մարզերը, Արցախը, սփյուռքը, ուսումնական հաստատությունները, նաև լրագրողական համայնքը։ Այս տարի հավաքին առաջին անգամ մասնակցում են Հայաստանի ամերիկյան համալսարանի, Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, Ճգնաժամային կառավարման ակադեմիայի սաները։ Երիտասարդական հիմնադրամն աշխատում է, որքան հնարավոր է շատ երիտասարդական խմբերի ներգրավել հավաքի շրջանակներում։ 7 օրերի ընթացքում հավաքի մասնակիցները մրցում են ինտելեկտուալ, մշակութային և սպորտային մրցույթներում։

«Բազե» հավաքն ունի 13 տարվա պատմություն։ Նպատակն է համախմբել երիտասարդներին ազգային խորհրդանշանների ներքո, տալ ինքնադրսևորման, ուժերը չափելու հնարավորություն։

Նշենք, որ բազեականները հավաքի ընթացքում հանդիպումներ են ունենում նաև քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների հետ, մասնակցում են ազգային պարերի դասընթացներին, ձեռք բերում լրացուցիչ հմտություններ։

13 տարիների ընթացքում «Բազե» հավաքին մասնակցել է ավելի քան 8500 երիտասարդ։ Այս ընթացքում հավաքը եղել է սիրված, պահանջված ծրագիր երիտասարդների կողմից։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31