Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքար գենդերի դե՞մ, թե՞ հակաեվրոպական քարոզ

Օգոստոս 19,2015 17:01

Պայքար հանուն «ավանդական ընտանիքների» պահպանման, ընդդեմ ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) խմբերի, իսկ ավելի խորքում՝ այլ ենթատեքստ ու առավել գլոբալ միտումներ. այսպես են նկարագրվում Եվրամիության արևելյան գործընկերության ընտանիքում ընդգրկվել փորձող մի քանի երկրներում տարիներ առաջ սնկի պես աճած կազմակերպությունները, որոնք թեև դեռևս շարունակում են իրենց գործունեությունը, սակայն հիմնական միսիան կատարելուց հետո, առավել հանդարտ են:

2010-ին Հայաստանի կառավարության կողմից ընդունվեց Գենդերային քաղաքականության հայեցակարգը, ստեղծվեց Ընդդեմ գենդերային բռնության միջգերատեսչական հանձնաժողովը, իսկ 2011թ. ընդունվեց Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագիրը և 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը: Սակայն այդ ժամանակ ո՛չ հայեցակարգը, ո՛չ էլ ռազմավարական ծրագրերը որևէ շեշտակի ուշադրության չարժանացան:

Իսկ արդեն 2012-ին, երբ Հայաստանը երկարատև աշխատանքներից հետո իր հստակ ուղին էր բռնել դեպ Եվրոպա ու պատրաստվում էր ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, հենց այս «չարաբաստիկ» գենդեր բառն էլ դարձավ այն հիմնաքարը, որն իր վրա վերցրեց հասարակության երկատման դժվար առաքելությունը:

Երկրում լոկալ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք ըստ մասնագետների, հարմար հիմք հանդիսացան որոշ խմբերի համար իրենց քողարկված քարոզչությունն առաջ մղելու:

«Տարվա ընթացքում տեղի ունեցած մի քանի միջադեպեր չափազանց լավ օգտագործվեցին որոշ շրջանակների կողմից Եվրոպական արժեքները գենդերային խնդիրների հետ նույնացնելու և այդ համատեքստում եվրոպական արժեքների դեմ քարոզչություն ծավալելու, ինչպես նաև ասոցացման համաձայնագրի ընթացքը վիժեցնելու համար: Որքան էլ պաշտոնական Մոսկվան պնդում էր, թե Հայաստանի Եվրոպական ինտեգրացումը չի հակասում Եվրասիական ինտեգրացմանը, այնուամենայնիվ ռուսական դեսանտներն ու ռուսամետ շրջանակները բավականին ակտիվ ներգրավված էին այդ քարոզչության փուլում»,-ասում է Քաղաքական վերլուծաբան, միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը:

Քաղաքագետը հիշեցնում է՝ 2012-ին սկսվեցին հայ հայտնիների հետ կապված աղմուկները, երբ մի ամբողջ ցուցակ հայտարարվեց կրոնական կազմակերպությունների հարող անձանց, սկսվեց կրոնական փոքրամասնությունների դեմ մի ալիք:

«Սրան զուգահեռ որոշակի կասկածելի նախաձեռնություններ ծնվեցին Կոմայգին (Երևանի կենտրոնում գտնվող այգիներից է, որտեղ սովորաբար հավաքվում են գեյերն ու տրանսսեքսուալ անձինք) «մաքրելու» հետ կապված, այնտեղ սկսվեցին բախումներ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Այդ նույն տարվա ընթացքում երևանյան DIY ակումբի պայթեցումն էր (այս ակումբի տնօրենը հայտնի է որպես լեսբուհի): Ու եթե մենք ուշադրություն դարձնենք քաղաքական իրադարձություններին 2012-ին ընթացքում, ապա կնկատենք, որ այդ տարվա ամառը հեղեղվեց ռուսական պաշտոնյաների այցերով՝ Նարիշկին, Մատվեենկո և նրանց բոլորի այցերը վերաբերում էին Հայաստանը Եվրասիական միություն տանելուն»,-ասում է Սաֆարյանը:

Սակայն, «գենդերային պայքարի» իրավիճակն առավել սրվեց հատկապես 2013-ի ամռանը, երբ՝ մի կողմից Հայաստանի խորհրդարանը քննարկում էր Գենդերային հավասարության մասին օրենքի ընդունման հարցը, իսկ մյուս կողմում՝ դամոկլյան սրի պես Հայաստանի գլխին էր կախված Եվրոպա կամ Եվրասիա ծանր ընտրության հարցը: Ու թեև երկրում վերջին տարիներին տարվող քաղաքականության բոլոր ուղիները տանում էին Եվրոպա, այնուամենայնիվ, 2013-ի սեպտեմբերին Հայաստանի քաղաքական կուրսը մեկ օրում փոխվեց դեպի Մաքսային միություն (Մաքսային միությունը հիմք հանդիսացավ 2015 թ. հունվարի 1-ից գործող Եվրասիական տնտեսական միության համար, որի կազմում են Ռուսաստանի առաջնորդությամբ Բելառուսն ու Ղազախստանը):

Հենց այդ ժամանակ Հայաստանը թևակոխեց պայքարի մի նոր փուլ: Ավելի վաղ ստեղծված Պուտինի ակումբները սկսեցին հիշեցնել իրենց մասին, կազմակերպվեցին մի շարք խորհրդաժողովներ եվրասիական ինտեգրացիայի թեմայով, թիրախավորվեցին կանանց իրավունքներով ու խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, սկսվեց եվրոպական արժեքների խեղաթյուրման ակտիվ ալիք:

Օրենքի դեմ բավականին ակտիվ գործունեություն ծավալեց որպես Հայաստանի սոցիալիստական շարժման առաջնորդ ներկայացող Ռոբերտ Ահարոնյանը, ով, 2013-ի նախագահական ընտրությունների նախաշեմին պատրաստվում էր մասնակցել ընտրապայքարին (չմասնակցեց ընտրագրավը չվճարելու պատճառով) և հայտարարում էր, թե ընտրվելու դեպքում պատրաստվում է ստեղծել ԽՍՀՄ-2:

Ի հայտ եկավ նաև մեկ այլ կազմակերպություն «Համահայկական ծնողական կոմիտե»  անվանումով, որը Գենդերային հավասարության մասին օրենքի ամենամեծ ընդդիմախոսն էր ու համարում էր, որ «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի վարքը» սահմանումը վտանգավոր է, այն վերաբերում է սեռական փոքրամասնությունների «օրինականացմանը»:

Սակայն, թվացյալ գաղափարական բանավեճը՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով, առավել խոր արմատներ ունի, կապված է Ռուսաստանի հետ, իրականացնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախկին Խորհրդային Միությունը վերակազմավորելու ծրագիրը՝ արևմտյան դեմոկրատական արժեքները իբրև այլասերում ներկայացնելով, խեղաթյուրելով ու այդ գործընթացում թիրախավորելով հատկապես ընտանիքին՝ որպես ազդեցության ամենաարդյունավետ օղակ։

4.

Հատկանշական է, որ, դեռևս 2013-ի մայիսին Հայաստան էր ուղևորվել նաև ռուսաստանցի քաղաքագետ, վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանը, ով նաև 2011-ից գործող «Ժամանակի էությունը» շարժման հիմնադիրն է, որի նպատակն, ըստ էության, Խորհրդային Միության վերականգնում է:

Դեռևս ո՛չ արևելք, ո՛չ արևմուտք ընտրություն չկատարած Հայաստանում Կուրղինյանը հայտարարել է, թե Արցախին ոչ մի ադրբեջանական ագրեսիա չի սպառնում, Արցախին սպառնում է Հայաստանի հնարավոր դավաճանությունը (նկատի ունենալով արևմտյան ընտրությունը): Կուրղինյանը, խոսելով Հայաստանի եվրոպական կողմնորոշման մասին, քննադատել էր Եվրոպան ու ասել, թե «եվրոպական ընտանիքը կրիմինալի զոհն է»:

Կուրղինյանի «Ժամանակի էության» հետ է կապվում նաև Համառուսական ծնողական դիմադրությունը, որի հիմնական նպատակները, ըստ պաշտոնական կայքի՝ ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությունն է, դիմակայությունը յուվենալ արդարադատությանը, քանի որ ըստ նրանց՝ յուվենալ արդարադատության էությունն այն է, որ ընտանիքներից վերցնում են երեխաներին և տալիս ոչ ավանդական ընտանիքներին կամ վաճառում ստրկության:

Կուրղինյանի հայաստանյան այցից հետո էլ հենց Հայաստանում սկսեց գործել «Համահայկական ծնողական կոմիտեն», որը գրեթե նմանօրինակն է Համառուսական ծնողական դիմադրության:

5.

Սակայն, Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը բազմիցս հերքել է  ինչպես Կուրղինյանի հետ կապը, այնպես էլ քաղաքական ենթատեքստերն իրենց գործունեության մեջ ու նշել, որ կազմակերպության ստեղծումն ու հայտարարություններն ուղղակի համընկել են «գենդերային օրենքի» ընդունման ու հասարակության կողմից ակտիվ քննարկման ժամանակաշրջանի հետ:

Բոշյանը նշում է, որ աշխարհում գործող մոտ 37 ծնողական կոմիտեների հետ կապ ունեն և իրենց կոմիտեի անվանումն էլ պատահական չեն ընտրել. այդկերպ ցույց են տալիս, որ նման կազմակերպությունների հետ մի դաշտում են աշխատում։

Քաղաքագետ Սաֆարյանը, սակայն, պնդում է, որ այսքան համընկնումներն ու նման դրսևորումները չեն կարող պատահականություն լինել: Ժամանակի մեջ տեղի ունեցած բոլոր միջոցառումներն ըստ Սաֆարյանի՝ շատ փոխկապակցված էին և օգնում էին միմյանց, իսկ ֆեյսբուքյան հայտնի դեմքերը տանում էին այդ արշավները:

«Սա հստակ քաղաքական ծրագիր էր: Պատահական չէ, որ այդ ամենի արդյունքում կոնկրետ Հայաստանում եվրոպական ինտեգրման պաշտպանները շատ քիչ մնացին: Նույն 2012-2013-ին նմանատիպ դրսևորումներ եղան նաև արևելյան գործընկերության բոլոր երկրներում՝ Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա… գործող հասարակական շարժումներն ուղղված էին որպեսզի թույլ սոցիալական հիմք լինի եվրոասոցացման համաձայնագրի ստորագրման համար և Մոսկվան շատ ավելի հեշտ կարողանա ճնշել իշխանություններին ու նրանց թեքել դեպի Եվրասիական ինտեգրման կողմ: Մի կողմից թաքնված խրախուսվում էին հակաեվրոպական միտումները, իսկ մյուս կողմից՝ ճնշումներ էին գործադրվում պաշտոնական Երևանի, Թբիլիսիի և մյուսների վրա, որպեսզի նրանք հետ կանգնեն դեպի Եվրոպա ընթացքից»,-ասում է Սաֆարյանը:

2001-ին հիմնադրված «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանի համար ևս այս պայքարների քաղաքական նրբերանգներն ավելի քան պարզ են:

«Առաջացան խմբեր, որոնք երբևէ դրանից առաջ հայտնի էլ չէին, իբրև թե ընտանեկան արժեքների համար էին պայքարում, բայց դրանից առաջ երբևէ հայ ընտանիքների համար դրական քայլ, արշավ, ակցիա երբեք չէին արել և այդ քաղաքական հորձանուտի ընթացքում հայտնվում են հայ ընտանիքներ փրկող խմբեր, որոնք ակնհայտորեն քաղաքական պատվեր էին իրականացնում, քանի որ, բացի մեզ թիրախավորելուց իրենք որևիցե այլ գործունեություն չծավալեցին ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա»,-ասում է Նիկողոսյանը՝ հավելելով, որ նմանատիպ խմբերն ակտիվացան քաղաքական այդ անցուդարձի ժամանակ, սակայն արդեն, երբ պարզ դարձավ Հայաստանի ընտրած ճանապարհը, նրանց ակտիվությունը շեշտակի գնաց դեպի զրո մակարդակ, և մնացին ակտիվ միայն այն խմբերը, որոնք այսպես թե այնպես դրանից առաջ էլ ծավալում էին գործունեություն:

1.

Նիկողոսյանն ասում է, որ դեռևս 2013-ի հուլիսին այդ խմբերի ներկայացուցիչները մշտապես ներկա էին լինում և նկարահանում էին կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների միջոցառումները, պատրաստում հոլովակներ ու տարածում համացանցում:

«Իրենց պատրաստած հոլովակները նայելուց հետո, համեմատեցինք ռուսերենով արված հոլովակների հետ, տեսանք լրիվ նույն ձեռագրերը, նույն ուղերձները, նույնիսկ նույն երաժշտությունը, ռուսականությունն այդ ամենում ակնհայտ էր, նույնիսկ իրենց հոդվածներն էին ռուսերենով: Հետո, երբ ստեղծվեցին կոմիտեները, մենք համեմատեցինք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում և մյուս հետսովետական երկրներում, լրիվ նույն լոգոն է, նույն կարգախոսը, որի դոմինանտը ռուսերենն ու ռուսականությունն է»,-ասում է Նիկողոսյանը:

Ուկրաինայի Խարկով քաղաքի պետական մանկավարժական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի դոցենտ Օլեգ Մառուշենկոն ևս նկատում է, որ այնտեղ էլ նման խմբավորումները սկսեցին ակտիվանալ քաղաքական իրադարձություններին զուգահեռ, հատկապես ուկրաինական Մայդանի գործողությունների ժամանակ:

Ուկրաինան ևս բացառություն չի կազմում և այնտեղ ևս գործում է համաուկրաինական ծնողական կոմիտե, որը ևս, հատկապես Մայդանի գործողությունների ժամանակ խիստ ակտիվ էր:

«Մեզ մոտ գործող հակագենդերային շարժումները սերտորեն կապված են ռուսամետ գաղափարական պլատֆորմների, ավանդական տեսակետների հետ: Հակագենդեր հիմնականում նշանակում է հակաարևմուտք, հակաինովացա: Գենդերային հավասարությունը նմանատիպ խմբերի թշնամին է, քանի որ խախտում է ավանդական պատրիարխալ ռեժիմը»,-ասում է Մառուշենկոն:

Ստեփան Սաֆարյանն ասում է, որ 2012-ի օգոստոսի առաջին տասնօրյակում Ուկրաինայում ԶԼՄ-ներին հաջողվել է հայթայթել Ուկրաինան Եվրասիական ինտեգրման մեջ ներգրավելու պլանը և կարդալով այդ ծրագիրը, չափազանց հստակ տեսանելի է դառնում, թե ինչ լծակներով է Կրեմլն աշխատել այդ երկրներում:

«Այդ պլանը ենթադրել է այնպիսի մանրակրկիտ գործողություններ, ինչպիսին է օրինակ ռուսամետ լրագրողներին կոնսոլիդացնելը, այնպես է արվել, որ եթերներում նրանք ավելի շատ հարցազրույցներ են վերցրել այնպիսի դեմքերից, որոնք կողմ են Եվրասիական ինտեգրմանը: Ու, չնայած առկա է միայն ուկրաինական պլանը, սակայն կարելի է ենթադրել, որ նմանատիպ պլաններ եղել են նաև այլ երկրների պարագայում էլ»,-ասում է Սաֆարյանը:

3.

Ի վերջո, ռուսական պրոպագանդային արևելյան գործընկերության ձգտող երկրներից թերևս միայն Հայաստանին հաջողվեց հետ կանգնեցնել երբեմնի որոշումներից և ներգրավել Եվրասիական տնտեսական միության մեջ:

Քանի որ Հայաստանի համար եվրասիական ապագան այլևս «անշրջելի» է, այդ պրոպագանդան ակտիվորեն առաջ մղած խմբերը որոշ ժամանակ լռում էին, սակայն ծանր հրետանին առաջնագիծ բերվեց 2015-ի հունիսին, երբ Հայաստանում ռուսական կողմի ղեկավարման տակ գտնվող ընկերությունը որոշեց հերթական անգամ թանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը, ինչը բողոքի մեծ պատճառ դարձավ ու հազարավոր ցուցարարների օրեր շարունակ պահեց փողոցում:

Այս ընթացքում կրկին ակտիվացան «գենդերի» դեմ երբեմնի պայքարողները, սակայն այս անգամ արդեն հայտնի դեմքերի պայքարը ռուսական ընկերության թանկացմանն ընդդիմացողների դեմ էր:

Կրկին առաջ եկավ նախկինում օգտագործված թեզը, թե բողոքն իրականացնողները «սնվում են» օտարերկրյա դրամաշնորհներից, հիմնական նպատակն է սադրելը, երկրի վիճակն ապակայունացնելը և այլն:

Սա Հայաստանում դարձել է արդեն բավական հզոր, համակարգային զենք, օգտագործել ընտանիքը՝ որպես ամենազգայուն արժեք, քաղաքական շահերն առաջ մղելու, հասարակությանն իրական խնդիրներից շեղելու և այլ օրակարգ մատուցելու համար, մի բան, որն օգտագործում են անգամ բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես օրինակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հորդորն էր տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներին՝ պայքարել ոչ թե տրանսպորտի թանկացման դեմ, այլ միասեռականների։

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

 Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +(374) 99 266 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք: Հանուն հավասար իրավունքների https://www.facebook.com/forequalrights.armenia?fref=ts

Թվիթեր: Հավասար իրավունքներ https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տ.Ա. says:

    Չեմ կարծում թե էականը ռուսաստան արևմուտք պայքարն է, թեև տեխնոլոգիական առումով ռուսամետ ուժերը օգտագթրծում են մարդկանց կիսագրագետ վիճակը։
    օվբաթ են բայց։
    քանի կա ասում են ընտանիքին դեմ ա ԼԳԲՏ_ ն, բայց հենց ասում են իրենց իրավունք տան օրինականացնելու հարաբերությունները, ոռնում են թե չի կարելի։
    իմաստտը, տրամաբանությունը, ՞՞, էլ չեմ ասում սահմԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ։

  2. Գարիկ says:

    Սոդոմական սրբապիղծ եվրոպական արժեքները կործանիչ են մեզ համար եվ պետք է միշտ ճշմարտությունը ասվիայդ մասով. ահա իրականությունը. https://www.youtube.com/watch?v=LkhuBMbm26s սա է սրանց դավանած արժեքները եւ եթե մեկը կողմ է այդ արժեքներին, թող իր տան մեջ տեսնի պտուղներն այդ սոդոմական:

    • Տիգրան says:

      Վայ, ինչ վախենալու ա։
      էս ֆրանսիական մաֆիան գալու՞ ա Հայաստան։երևի իրանց վերջին հույսն ենք։
      ինչէլ բառեր ես գրել մեկը մյուսից կրոնական։
      քո ներքին աշխարհի դեմ էլ ես տենց պայքարում՞։
      երև

Պատասխանել Տիգրան

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31