Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն ու Ալիեւը նոր բարձունքնե՞ր են գրավում

Օգոստոս 20,2015 16:00

Ինչպես էր Բաքուն Մոսկվայից 7 միլիոն դոլարի փոխարեն 300 միլիոն դոլար պահանջում Գաբալայի ՌՏԿ-ի համար

Ադրբեջանական լրատվամիջոցներն օրերս հղում անելով «Զվեզդա» հեռուստաընկերությանը՝ ուշագրավ տեղեկություն տարածեցին: Պարզվում է՝ Ռուսաստանը լքված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի փոխարեն պատրաստվում է նոր ռազմական բազա կառուցել Ադրբեջանում: Ըստ տեղեկությունների՝ 2017-ին Ադրբեջանում կսկսվի «Воронеж» ՌԼԿ-ի կառուցումը: «Воронеж» կայանի կառուցումը շարունակվում է եւ ոչ միայն Ռուսաստանում: Ծրագրված է, որ 2017-ին Ադրբեջանում կսկսվի նոր ՌԼԿ-ի շինարարությունը, որը կփոխարինի Գաբալայի «Дарья» կայանին:

Նոր ռադիոլոկացիոն կայանը բացառապես կենթարկվի Ռուսաստանին, ինչը թույլ կտա ծածկել այն տարածքները, որտեղ չի հասնում Արմավիրի ՌԼԿ-ն: «Воронеж» կայանները լուրջ ՌԼԿ-ներ են համարվում, որոնք նախատեսված են հայտնաբերելու եւ ուղեկցելու բալիստիկ հրթիռները: Հաղորդվում է, որ կայանը 18-20 ամսվա ընթացքում է պատրաստվելու եւ դրանք բավական մեծ տարածք են ծածկելու: «Воронеж» ՌՏԿ-ն ունակ է միաժամանակ ուղեկցել մինչեւ 500 օդային թիրախ՝ մինչեւ 6 հազար կմ հեռավորության վրա։ Լենինգրադյան մարզում տեղակայված կայանը ծածկում է մինչեւ Մարոկո եւ ԱՄՆ-ի արեւելյան ափեր ընկած տարածքները: Արմավիրում տեղակայված կայանը ծածկում է Հարավային Եվրոպայից մինչեւ Հյուսիսային Աֆրիկա ընկած տարածքները: Կալինինգրադի կայանը ծածկում է ամբողջ Եվրոպան եւ Մեծ Բրիտանիան, իսկ Իրկուտսկինը՝ ԱՄՆ արեւմտյան ափերից մինչեւ Հնդկաստան:

Այսպես, ռուս-ադրբեջանական համագործակցությունը ռազմական ոլորտում, ինչպես ասում են` նոր բարձունքներ է գրավում: Բազմամիլիարդանոց պայմանագրերը` ռուսական զենքի վաճառքի մասին, դեռ ամենը չէր: Ռուս-ադրբեջանական համագործակցությունը նոր մակարդակներում է դրսեւորվում:

Դեռ անցյալ տարի հոկտեմբերին, երբ Բաքու մեկնեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նա Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ քննարկել էր ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանն, ինչպես նաեւ տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանն առնչվող հարցեր: Շոյգուն ու Հասանովը ստորագրել էին 2015թ. Ադրբեջանի ու ՌԴ պաշտպանության նախարարությունների միջեւ համագործակցության ծրագիր: «Ներկայում իրականացնում ենք 2013-2016 թթ. ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում ՌԴ ու Ադրբեջանի համագործակցության զարգացման ծրագիրը»,- նշել էր Շոյգուն՝ հավելելով, որ բանակցությունների ընթացքում «քննարկել են զինվորական կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները»: Մի քանի շաբաթ առաջ, օգոստոսի 1-ին, Մոսկվայի մարզում Զաքիր Հասանովն ու Սերգեյ Շոյգուն կրկին հանդիպեցին, քննարկեցին տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաեւ երկու երկրների հարաբերությունների ներկայիս վիճակը եւ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:

Գաբալայի  ռադիոտեղորոշիչ  կայանի պատմությունը

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ադրբեջանի Գաբալա քաղաքից ոչ հեռու տեղակայված ռադիոլոկացիոն կայանի շահագործումը Ռուսաստանի կողմից շարունակվեց մինչեւ 2012-ի դեկտեմբերը: 2012-ին լրացավ դրա վարձակալության ժամկետը։ Գաբալայի ՌՏԿ-ի շահագործման ժամկետների երկարաձգման եւ վարձակալության պայմանների շուրջ բավական երկար ժամանակ ռուս-ադրբեջանական բանակցություններ ընթացան, սակայն անարդյունք:

2011-ի մայիսին խոսակցություններ էին շրջանառվում, թե Ադրբեջանն ու Ռուսաստանը ձեռնամուխ կլինեն Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետի երկարաձգման բանակցություններին: Պաշտոնական Բաքուն հանդես էր գալիս նոր առաջարկներով, որոնց թվում էին վարձավճարի բարձրացումը, Գաբալայի ՌՏԿ-ի գործունեության բնապահպանական հետեւանքները վերացնելու ուղղությամբ ՌԴ կողմից հավելյալ օգնության տրամադրումը, կայանում աշխատող ադրբեջանցիների քանակի ավելացումը, կայանի համատեղ շահագործումը, այդ թվում՝ նաեւ առանց պաշտոնական Բաքվի համաձայնության, երրորդ երկրին կայանից ստացված տեղեկատվության տրամադրման արգելքը: Խոսվում էր նույնիսկ, որ նոր պայմանագիրը պատրաստ կլինի մինչեւ 2011-ի տարեվերջ:

Գաբալայի ՌՏԿ-ն 2002թ. Ադրբեջանը վարձակալությամբ հանձնել էր Ռուսաստանին, որը դրա դիմաց տարեկան 7 միլիոն դոլար էր վճարում: Գաբալայի ՌՏԿ-ի հեռահարությունը կազմում էր 6000 կիլոմետր: Նրա տեսադաշտում էին` Իրանը, Թուրքիան, Հնդկաստանը, Մերձավոր Արեւելքը, ինչպես նաեւ Հնդկական օվկիանոսն ու Ավստրալիայի մի մասը: Կայանում աշխատում էին 1400 ռուս զինծառայողներ:

Այնուհետեւ տեղեկություններ շրջանառվեցին, թե ՌԴ ՊՆ-ն սկսում է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի արդիականացման աշխատանքները, արդեն պատրաստ է արդիականացման նախագիծը, ըստ որի` աշխատանքները կավարտվեն 2 տարում: Այսպիսով, Բաքուն եւ Մոսկվան պատրաստվում էին երկարաձգել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության ժամկետը, եւ դա կարող էր իրականացվել Բաքվի նոր պայմաններով, վարձավճարի բարձրացման դեպքում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից երկիրը` Հայաստանը, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետը երկարաձգեց 49 տարով, ընդ որում լրացումներով` «ռուսաստանյան ռազմակայանը ՀՀ տարածքում գտնվելու ժամանակաշրջանում, բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, ՀՀ Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը»: Սակայն ռուսական կողը ոչ մի լումա չի վճարում մեր բյուջեին, ընդհակառակը` Հայաստանն է հոգում ռազմաբազայի ծախսերը, իսկ ահա Գաբալայի պարագայում Ադրբեջանը ռուսական կողմին տարիներ առաջ իր պայմաններն էր թելադրում:
2011-ի հուլիսին ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը Բաքվում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին:

Ռուս-ադրբեջանական բանակցություններում քննարկվում էր Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության երկարաձգման խնդիրը: Ավելի վաղ, «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն անդրադառնալով Գաբալայի ՌՏԿ-ի խնդրին՝ նշել էր. «Ամեն դեպքում Գաբալայի ՌՏԿ վերաբերյալ գործող պայմանագրին համապատասխան կա՛մ պետք է երկարաձգել այն, կա՛մ էլ վերանայել: Այսինքն` հենց միայն դա է դրդում նրան, որ վերստին վերանայվեն պայմանագրի պայմանները: Ներկայիս պայմաններում Գաբալայի ՌՏԿ-ն ունի շատ կարեւոր ռազմավարական նշանակություն, եւ այն՝ որպես ռազմավարական օբյեկտ, պետք է արժանանա համարժեք գնահատականի»: Մամեդյարովը նույն հարցազրույցում ի դեպ, հույս էր հայտնել, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան չի կիրառվի հակաադրբեջանական նպատակներով. «Մենք նույնպես ՌԴ-ի հետ ունենք բավական բարձր մակարդակի ռազմա-քաղաքական համագործակցություն: Չեմ կարծում, թե Գյումրիի ռուսական ռազմաբազան կձեռնարկի որեւէ հակաադրբեջանական գործողություն, ինչը կհակասի Ադրբեջանի ու ՌԴ փոխհարաբերությունների մակարդակին: Ադրբեջանը չի միջամտում իր ամրակետի հետ ՌԴ հարաբերություններին: Դրա համար էլ դա ՌԴ գործն է՝ ինչպես ամրացնել եւ պահպանել իր ամրակետը: Մյուս կողմից էլ` մենք, իհարկե, կցանկանայինք ավելի մեծ թափանցիկություն ու պարզություն որոշումների հարցում, որպեսզի կանխատեսելի լիներ, եւ յուրաքանչյուրն իմանար, թե ով ում կողքին է կանգնած»:

Գաբալայի ՌՏԿ-ն ակնհայտորեն գլխացավանք էր դարձել Ռուսաստանի համար. մի կողմից Մոսկվան չէր ցանկանում զրկվել նրանից, միջոցներ էր ծախսում նրա վարձակալության համար, բայց միեւնույն ժամանակ պարզ էր, որ Գաբալայի ՌՏԿ-ն հեռու է ռազմավարական նշանակություն ունեցող` իր առաքելությունը ըստ արժանվույն իրականացնող օբյեկտ համարվելուց: Ռուսաստանն այդ կայանի վարձակալության համար ադրբեջանական կողմին վճարում էր 7 միլիոն դոլար, իսկ Ադրբեջանը ցանկանում էր այն հասցնել նախ` 15 միլիոն դոլարի, ապա, այս թիվը հասավ մինչեւ 300 միլիոնի։

2012-ի հունվարին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի տարածքում վարձակալած Գաբալայի ՌՏԿ-ն ներառել իր հակահրթիռային պաշտպանության համակարգում ու հավելեց. «Գաբալայի ՌՏԿ-ն ծառայում է Ռուսաստանի շահերին, ինչի վերաբերյալ գոյություն ունի համապատասխան համաձայնագիր։ Եթե Ռուսաստանի հակահրթիռային պաշտպանության համակարգը զգա Գաբալայի ՌՏԿ-ի օգտագործման անհրաժեշտությունը, ապա ՌԴ-ն Ադրբեջանի հետ պայմանագրի երկարաձգման մեջ կներառի նաեւ այդ կետը»։

Թեեւ 2011-ից համառ տեղեկություններ էին տարածվում, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր համաձայնագիր են ստորագրելու Գաբալայի ՌՏԿ վարձակալման ժամկետի երկարաձգման շուրջ, ինտենսիվ բանակցություններ էին ընթանում եւ Մոսկվան ուղղակի ստիպված էր շարժվել Բաքվի թելադրած խաղի կանոններով` ավելացնելով վարձավճարը, այնուամենայնիվ, ռուս-ադրբեջանական երկարատեւ բանակցություններն արդյունք չտվեցին: 2012-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը հրաժարվում է Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադարից, եւ որ ապագայում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, առհասարակ, նախատեսում է ընդհանրապես հրաժարվել հնացած «Дарьял», «Волга» եւ «Днепр» տիպի ՌՏ կայանների շահագործումից՝ անցնելով ժամանակակից «Воронеж» տիպի բազմատիրույթ ռադիոտեղորոշման կայաններին: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում նշվեց, որ Մոսկվան եւ Բաքուն չեն կարողացել ռադարի շահագործման վերաբերյալ համաձայնության գալ:

Այժմ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի փոխարեն Ռուսաստանը որոշել է նոր ռազմական բազա կառուցել Ադրբեջանում, եւ ըստ նախնական տեղեկությունների` 2017-ին Ադրբեջանում արդեն կսկսվի «Воронеж» ՌԼԿ-ի կառուցումը: Սա ռուս-ադրբեջանական համագործակցության խորության մասին վկայող եւս մեկ փաստ է: Իսկ թե ինչ պայմաններով են կողմերը եկել համաձայնության, թերեւս, ապագայում պարզ կդառնա:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31