Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թալանինը» ոստիկանությանը 4 աշխատանքային օր ժամանակ տվեց

Օգոստոս 22,2015 22:57

Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Ոչ թալանին» նախաձեռնությունը օգոստոսի 22-ին ոստիկանության գլխավոր վարչության շենքի առջեւ շտապ հավաք էր հայտարարել, որպեսզի  իր բողոքը արտահայտի տարեց տղամարդուն ապտակած ոստիկանի նկատմամբ: Նրանց էին միացել նաեւ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամները:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հանդիպելուց հետո  «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, թե ոստիկանությանը տալիս են 4 աշխատանքային օր՝ ծառայողական քննությունը ավարտելու համար:

«Հայտարարվեց, որ ծառայողական քննությունը շատ սեղմ ժամկետներում է ավարտվելու, ու հարցին, թե արդյոք կտեւի՞ մի ամիս, պատասխան եղավ՝ ո՛չ: Տալիս ենք մինչեւ ուրբաթ օրը ժամանակ, այսինքն՝ 4 աշխատանքային օր՝ ծառայողական քննությունը ավարտելու համար: Չավարտելու դեպքում՝ ուրբաթ օրը հավաքվում ենք, բայց թե որտեղ եւ ինչ պլանով, դա բնականաբար, այստեղ այս պահին չենք հայտարարի: Հավաքվում ենք ուրբաթ օրը, եթե չեն ավարտում ծառայողական քննությունը ու պահանջ ենք դնում այս պահին ոստիկանությանը, որ երկուշաբթի օրը տեսանյութ տարածեն, որտեղ նա ներողություն կխնդրի իր արարքի համար»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ ուրբաթ՝ օգոստոսի 21-ին, երբ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը քաղաքացիական անհնազանդություն էր կատարում՝ նստելով Ամիրյան-Սարգսյան փողոցների հետիոտնային անցումին, ոստիկանները փորձում էին ազատել անցումը: Այդ ընթացքում լեյտենանտ Վարդգեսյանը ապտակել է տարեց տղամարդուն՝ Հակոբ Նազարյանին: Դեպքից հետո ոստիկանությունը հայտարարություն է տարածել, թե լեյտենանտ Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31