Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանի համար սա անընդունելի է, որովհետեւ սրբագրում է 95-ի խայտառակ ընտրությունը»

Օգոստոս 27,2015 16:30

Ըստ Արմեն Ռուստամյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վարչախմբով
պարտադրեց մի անձի համար կարված Սահմանադրություն, որի արդյունքներն ենք մենք հիմա քաղում

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին խոսելիս վստահեցրել էր, որ աշնանն ինքը կրկին հրապարակ է հանելու հանրությանը՝ Սահմանադրական փոփոխությունների դեմ:

Այս առնչությամբ, «Առավոտի» հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մեր հարցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է հրապարակ հանել ժողովրդին, ինչպե՞ս եք վերաբերվում նրա արշավին՝ պատասխանեց. «Դա նրա իրավունքն է: Բնականաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանի համար սա անընդունելի ընթացք է, որովհետեւ սա ըստ էության սրբագրում է 95-ի մեր կատարած խայտառակ ընտրությունը, երբ որ մենք մի Սահմանադրություն պարտադրեցինք ժողովրդին: Մենք չէ, ավելի ճիշտ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտադրեց՝ իր վարչախմբով, որի արդյունքներն ենք մենք հիմա քաղում՝ շեղում ժողովրդավարությունից, միապետական համակարգի հաստատում՝ դրանից բխող տխուր հետեւանքներով: Սա ենք մենք սրբագրում: Ըստ էության, ինչ մեզ չհաջողվեց անել 95-ին, հիմա ենք անում, 20 տարի ուշացումով, բայց ոչինչ: Լավ է ուշ, քան երբեք»:

Ըստ պարոն Ռուստամյանի, այն ժամանակ մենք ըստ էության ունեցանք Սահմանադրություն. «Բայց ունեցանք մի Սահմանադրություն, որը կարված էր մի անձի համար՝ գերկենտրոնացված համակարգով, ըստ էության, Սահմանադրական միապետություն, որից բխեց այս ամեն ինչը: Դրա բերած չարիքները շատ ավելին են նույն ժողովրդավարության հետ կապված, որից հիմա իրենք այսքան դժգոհում ու բողոքում են: Բայց դրա հիմքը դրվել է 1995-ի Սահմանադրությամբ: Եվ հիմա անհասականալի է իրենց պահվածքը: Ըստ էության ի՞նչ է նշանակում դեմ լինել: Դեմ լինել նշանակում է պահպանել գործող Սահմանադրությունը, չէ՞, գործողը, որին իրենք նույնպես դեմ են եղել: Այսինքն, ո՞ւր է տրամաբանությունը»:

Մեզ հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, պատասխանելով Ռուստամյանի քննադատությանը, ասաց. «Ոչ մի տարօրինակ բան չկա: Ե՜ւ 2005-ին եւ մինչեւ այդ ձախողված 2003-ին, նաեւ 2015-ին այս բոլոր փորձերը Սահմանադրությունը փոխելու, կապված են ոչ թե Սահմանադրությունը բարելավելու նպատակի հետ, այլ կապված են սեփական քաղաքական դիրքերը ուժեղացնելու եւ իշխող դեմքի կամ կուսակցության համար որոշակի քաղաքական առավելություններ ստեղծելու հետ: Սա հենց այն է, ինչ պետք է բացառվի, որովհետեւ բոլոր դեմոկրատական ազգերը կառավարման մոդելը մեկ անգամ ընդունում են եւ այլեւս չեն փոխում այն: Սահմանադրությունը կարող են փոփոխությունների ենթարկել, ոնց որ օրինակ ԱՄՆ-ի Սահմանադրությունը, որը 27 անգամ փոխվել է, բայց ոչ կառավարման մոդելը: Այն ընդհանրապես փոփոխման ենթակա չէ: Միակ դեպքը այն է, երբ իսկապես բոլոր քաղաքական ուժերը ունեն կոնսենսուս, որ այս մոդելը պետք է փոխել: Նման բան Հայաստանում չկա, անհրաժեշտություն կառավարման համակարգը փոխելու չկա, ուստի Տեր-Պետրոսյանի համար այդ մոտեցումը մերժելի է, ինչպես 2005-ինը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31